Կարծում եմ վերջին օրերին ոչ միայն ինձ, այլ շատերին ցնցեց աննախադեպ համընթացությունը ՀՀ վարչապետի, Ադրբեջանի և «եղբայրական» Թուրքիայի պաշտոնական հայտարարությունների միջև: Իհարկե, միշտ էլ փաստերը կարելի է մեկնաբանել յուրովի, անվերջորեն մերկացնել թաքնված ենթատեքստերն ու ետնաբեմերը: Եվ կարծեմ՝ բազմամեկնաբանության հմուտ գործակալներն այսօր հրաշքներ են գործում: Սակայն չտեսնված այդ եռերգությունը փաստ է: Փաստ, որն ինքնին թվում է զարհուրելի: Պաշտոնական Թուրքիայի աջակցությունը ՀՀ գործող իշխանությանը, ՀՀ վարչապետի խոստումնալից հայտարարությունը բազմաչարչար «թավշի» ավարտի մասին, Ալիևի հայտարարությունն այսուհետ անօգուտ դարձած հայկական բանակի վերաբերյալ, ՀՀ վարչապետի՝ մի քանի ըմբոստ և անպիտան գեներալներին պատժելու նախագիծը, Ալիևի հայտարարությունը գերիների հարցի հանդիսավոր փակման և հաշտության վերջնական դաշնագիր ստորագրելու իր պատրաստակամության մասին, վարչապետի ժպտադեմ երթը Երևանի փողոցներով, Էրդողանի հայտարարությունն այն մասին, որ իշխանափոխություն Հայաստանում միայն ժողովուրդը կարող է իրագործել:
Եռերգություն, որի դեմ կամ վերաբերյալ ՀՀ կառավարությունը, իշխող կուսակցությունը, ՀՀ Պաշտպանության նախարարությունը հանդես չեկան ոչ մի պաշտոնական հայտարարությամբ: Եռերգություն, որի դեմ մաքառում է շարքային հայ մարդու միտքը՝ փորձելով որևէ տրամաբանական բացատրություն կորզել վատ բեմականացված այս խաղից, ընդվզում է՝ թեկուզ սովորության ուժով:
Մշտապես հավատարիմ եմ մնացել իմ այն համոզմանը, որ քաղաքականությամբ պետք է զբաղվեն քաղաքագետները: Ցավոք, այսօր ստեղծվել է մի իրադրություն, երբ մեծ և փոքր էկրաններից մեր կյանք կրակող պաշտոնական հայտարարություններն ու հաղորդագրությունները վաղուց ի վեր լքել են քաղաքական խաղերի դաշտը՝ պատանդ վերցնելով յուրաքանչյուր հայ մարդու կյանքն ու ներաշխարհը անվերջանալի շղթայով նորանոր բացահայտումների ու պայմանավորվածությունների, որոնք հաջորդում են իրար անարգել ու մեղկ մի սահունությամբ, կախարդական մի ճկունությամբ: Հայտնվել ենք մի վիճակում, երբ առօրյա, պարզագույն ժեստերը հայտնվում են մտքի անհնարինության այդ թակարդում: Միտքը, շարժումը քարկապ են ընկնում:
Օրինակ՝ առնվազն արտառոց է, երբ Թուրքիայի նախագահը սկսում է աննախադեպ մի հոգածություն ցուցաբերել ՀՀ ներկա իշխանությունների անվտանգ և անցնցում կառավարման վերաբերյալ, չտեսնված կրքով սկսում է ոչ միայն հետևել, այլև ցուցումներ տալ ՀՀ քաղաքացիներին՝ ստիպելով արձանագրել, որ, փաստորեն, կայացած պետության կարգավիճակից մեզ հարկադրում են սահուն անցում կատարել քաղաքական ներքինիների մշակույթին: Երբ Ալիևն է հանդես գալիս հայկական բանակ ունենալու անիմաստության վերաբերյալ իր հայտարարությամբ, ըստ երևույթին, ինձնից պահանջվում է հասկանալ, որ ՀՀ կառավարությունը հավակնում է հլու կամակատարի սեփական կարգավիճակը պարտադրել իր բանակին, որին պարտական է իր գոյությամբ: Եվ զարմանալի մի զուգադիպությամբ հաշտության վերջնական փաստաթղթի հեռանկարը սկսում է որոշակիանալ հենց այն պահին, երբ պարզվում է՝ հայ ռազմագերիների խնդիր այլևս գոյություն չունի…
Պատմության հերթափոխում լինում են ջախջախիչ և ողբերգական պարտություններ, դա անխուսափելի է, բայց նույնիսկ այդ դեպքում պարտադիր չէ, որ դրանք ուղեկցվեն քաղաքական ներքինիների տխեղծ պարահանդեսով:
Անշուշտ, շատերի գործողությունները, քայլերն այսօր կաշկանդում է մի ուրիշ մղձավանջային ետնախորք. ակամա քաղաքական նոր և է՛լ ավելի զարհուրելի մի խաղի գործիքը դառնալու վախը՝ դրան միախառնվող պարզ, մարդկային նողկանքով: Այդ տրամաբանության համաձայն՝ ներկա իշխանության՝ ցինիզմի հասնող, բեմականացված ապիկարությունը դատապարտելը կնշանակեր ինքնաբերաբար հայտնվել Ռ. Քոչարյանի կամ մի ուրիշ քաղաքական ուժի բանակում… Ու ստեղծվում է իսկական մի փակուղի՝ վերածվելով անելանելիության, անզորության անհաղթահարելի լաբիրինթոսի, խարխափող ընթացքի մտասևեռման:
Բայց մի՞թե այսօր, երբ բոլորս կանգնած ենք կողոպտվող Հայրենիքի իրողության առջև, քայլ առ քայլ մեզնից հեռացող Եզերքի այնքան թանկ պատկերի առջև, քաղաքական թատերաբեմերը մի պահ չեն դառնում անհեթեթ և անիրական՝ ի տես ոչ միայն ազգային արժեքների, այլև մարդկային կյանքի սոսկալի այս արժեզրկման, մարդկայինի համատարած դիմախեղման, որի ցինիզմը սարսափեցնում է: Մի՞թե այդքան ուժեղ է քաղաքականությունը՝ մեր ներքին ձայնը, կամքը, առողջ ընդվզումը կառանելու համար, մի՞թե մենք չենք գերագնահատում քաղաքականության ոգեխոսներին և ոգեհալածներին, մի՞թե չենք ուռճացնում քաղաքական խաղերի ուժը՝ օժտելով այն ռոմանտիկ մի դիվականությամբ ու դրանով իսկ՝ ի սկզբանե, տեսականորեն ինքներս մեզ հռչակելով հնարավոր գործիք, խաղալիք: Մի՞թե մենք ինքներս չենք ստեղծում ու սնում քաղաքականության ահռելի այդ ճիվաղին՝ հնազանդվելով մեր վախերին, մինչև ճնճղուկները գան ու հռչակեն, որ ճիվաղը խրտվիլակ է…
Այս տողերը գրում եմ մարտի մեկի նախօրեին, որի մղձավանջը երբևէ չի լքել ինձ: Մղձավանջ, որի ժամանակ ինքս եղել եմ փողոցում՝ այնտեղ, որտեղ պետք է լինեի՝ ուսանողներիս և հազարավոր ազնիվ և խիզախ քաղաքացիների կողքին՝ վրդովված արյան ու բռնության բիրտ հանդեսից: Բայց երբևէ ողբերգական օրվա այդ հիշողությունն ինձ չարգելեց իրերը կոչել իրենց անունով, դատապարտել ներկա կառավարության ողբալի տուրևառությունը՝ դավաճան իր ապաշնորհությամբ, մերժել այնքան ճկուն և առաջադեմ նրա անազնվությունն իր հայրենակիցների հանդեպ, իր ժողովրդի պատմական հիշողության ու նրա վճիտ հայացքի հանդեպ:
Շուշանիկ Թամրազյան
28. 02. 2021
No Comments