ԳրաԴաշտ

Քսենոփոն Աթենացի․ «Կյուրոպեդիա» (հատված)

07.03.2025

Ք․ա․5-4-րդ դդ․ հույն դասական պատմիչ Քսենոփոն Աթենացու «Կյուրոպեդիա» երկը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը։ Աշխատության հիմնական բովանդակությունը պարսից միապետության հիմնադիր Կյուրոս Մեծի կյանքն ու գործունեությունն է (Ք․ ա․ 600-530 թթ․): «Կյուրոպեդիան» հին հունարենից թարգմանել է Սիմոն Կրկյաշարյանը։ Գրքի նոր հրատարակությունը նվիրված է թարգմանչի ծննդյան 100-ամյակին։

****

Արմենը լռեց` դժվարանալով վճռել, թե արդյոք խորհուրդ տա՞ Կյուրոսին` սպանել իրեն, թե՞ առաջարկի հակառակն այն ամենի, ինչ ինքն ասաց, թե կկատարեր: 14. Իսկ նրա որդի Տիգրանը հարցրեց Կյուրոսին. «Ասա ինձ, ով Կյուրոս, քանի որ հայրս, ըստ երևույթին, դժվարանում է, արդյոք կարո՞ղ եմ ես նրա մասին այնպիսի խորհուրդ տալ քեզ, որը, կարծում եմ, քեզ համար կլինի լավագույնը»:

Իսկ Կյուրոսը, դեռ այն ժամանակից, երբ Տիգրանի հետ որսի էր գնում, իմացել էր, որ նա աշակերտում էր ինչ-որ իմաստասերի, որը հիացնում էր Տիգրանին. շատ ուզեց լսել, թե ինչ է նա ասելու, ուստի հրամայեց, որ համարձակորեն ասի այն, ինչ մտածում է։

15. «Արդ,- ասաց Տիգրանը,- եթե դու հավանություն ես տալիս այն ամենին, ինչ հայրս մտադիր էր անել կամ արդեն արել է, ես քեզ խորհուրդ կտամ նմանվել նրան. իսկ եթե դու գտնում ես, որ նա ամեն ինչում սխալվել է, ապա խորհուրդ կտամ չնմանվել»:

«Ուրեմն,- ասաց Կյուրոսը,- եթե ես արդար գործեմ, ապա բոլորովին չեմ նմանվի անարդար մարդու»:

«Այդ ճշմարիտ է»:

«Ուրեմն, եթե հետևենք քո դատողությանը, ապա պետք է պատժել քո հորը, քանի որ արդար է հանցանք գործած մարդուն պատժելը»։

«Բայց ասա, ով Կյուրոս, որևէ պատիժ սահմանելիս, դու ցանկանում ես, որ այն քեզ օգո՞ւտ բերի, թե՞, ընդհակառակը, վնասի»:

«Այդպիսի դեպքում ես ինձ պատժած կլինեի»:

16. «Բայց դու,- ասաց Տիգրանը,- մեծապես կտուժես, եթե քո հպատակներին սպանես, մինչդեռ նրանց ողջ մնալու դեպքում դու մեծ շահ կունենաս»:

Կյուրոսն ասաց. «Բայց ի՞նչ արժեք կարող են ունենալ այն մարդիկ, որոնք բռնված են կատարած հանցանքի համար»։

«Նրանք, իմ կարծիքով, արժեքավոր կլինեն, երբ դառնան ողջամիտ: Քանզի, ով Կյուրոս, ինձ թվում է, որ առանց ողջամտության մնացած բոլոր առաքինությունները անարժեք են դառնում: Եվ ի՞նչ օգուտ ուժեղ ու քաջարի մարդուց (կամ հեծելազորից), ի՞նչ օգուտ հարուստից և քաղաքի հզորից, եթե նա ողջամիտ չէ։ Բայց ողջամիտ ամեն մի բարեկամ օգտակար է, և ողջամիտ ամեն մի ծառա՝ լավ»:

17. «Ուրեմն ի՞նչ,- պատասխանեց Կյուրոսը։- Ասում ես, որ քո հայրը մեկ օրվա ընթացքում անմիտ մարդուց դարձավ ողջամի՞տ։

«Այո, այդպես եմ կարծում»:

«Ուրեմն դու ասում ես, որ ողջամտությունը հոգեվիճակ է, ինչպես տխրությունը, և ոչ թե սովորելու առարկա: Բայց չեմ կարծում, որ մարդ անմիտ լինելուց կարող է իսկույն դառնալ ողջամիտ, քանի որ նա մինչև այդ պետք է դառնա խելացի»։

18. «Իսկ ինչո՞ւ, ով Կյուրոս։ Մի՞թե չես պատահել մարդու, որն անմտորեն հարձակվել է իրենից առավել հզորի վրա, բայց պարտվելուց հետո հրաժարվել է իր անմտությունից: Եվ հետո, մի՞թե երբեք չես տեսել, որ մի պետություն պատերազմել է մյուսի դեմ և պարտվելուց հետո իսկույն հոժարել է հնազանդվել հաղթողին»։

19. «Քո հոր ի՞նչ պարտության մասին ես խոսում,- ասաց Կյուրոսը,- որը նրան, ինչպես դու պնդում ես, դարձրել է ողջամիտ»։

«Այն մեկի,- պատասխանեց Տիգրանը,- որի համար, Զևսը վկա, նա իր հոգում խորապես զղջացել է։ Ձգտելով ազատության՝ նա դարձավ առավել ստրուկ, քան երբևիցե: Այն, ինչ մտածել էր թաքուն պահել, դարձավ հայտնի, և դիմադրություն ցույց տալը նրա համար վերածվեց պարտության: Նա ընդունում է, որ երբ դու կամեցար խորամանկությամբ գերազանցել իրեն, այնպես գերազանցեցիր, ինչպես մարդ մոլորեցնի կույրերին, խուլերին կամ լիովին զգայազուրկներին: Երբ դու մտածեցիր, որ պետք է գաղտնի գործել, նա արդեն զգում է, որ դու այնպես գաղտնի գործեցիր, որ այն ամրացված վայրերը, որոնք նա համարում էր ապահով ապաստան, դու դարձրիր նրա բանտարկության վայր: Եվ արագությամբ դու այնքան գերազանցեցիր նրան, որ կարողացար մեծ զորքով հասնել ավելի շուտ, քան նա կկարողանար իր ուժերը գումարել»։

20. «Ուրեմն քեզ թվում է,- ասաց Կյուրոսը,- որ նման պարտությունը և իր նկատմամբ այլոց գերազանցությունն ընդունելը կարող են մարդուն ողջամի՞տ դարձնել»։

«Շատ ավելի, քան պատերազմում պարտվելը,- ասաց Տիգրանը:- Քանզի կռվում պարտվածը կարող է հուսալ, որ մարզելով իր մարմինը, կարող է վերսկսել կռիվը։ Եվ առավել ուժեղ հակառակորդից պարտություն կրած պետությունները մտածում են նոր դաշնակիցներ գտնելու և պատերազմը վերսկսելու հնարավորության մասին։ Իսկ մարդիկ, ընդհակառակը, հաճախ, առանց հարկադրանքի, հնազանդվում են նրան, ում գերազանցությունը պատրաստ են ընդունելու»:

21. «Դու,- ասաց Կյուրոսը,- կարծում ես, որ ամբարտավանները չեն ուզում իրենցից առավել ողջամիտ որևէ մեկին ճանաչել, նույնը և գողերը` ոչ գողերին, ստախոսները՝ ճշմարտախոսներին, նաև անարդարները՝ արդարներին։ Չգիտե՞ս, որ այժմ էլ քո հայրը մեզ խաբեց և խախտեց մեզ հետ ունեցած դաշինքը, թեև գիտեր, որ մենք ոչնչով չենք խախտել Աստյուագեսի հետ կնքած դաշինքը»:

22. «Բայց ես չեմ ասում, որ սոսկ այլոց գերազանցությունն ընդունելը մարդկանց կդարձնի ողջամիտ՝ առանց հաշիվ տալու գերազանցողի առաջ, ինչպես այժմ իմ հայրն է տալու»:

«Բայց քո հայրը,- ասաց Կյուրոսը,- դեռևս ոչ մի պատիժ չի կրել, սակայն հաստատապես վախենում է ամենածանր պատժից»:

23. «Բայց դու մտածե՞լ ես,- ասաց Տիգրանը,- թե ի՞նչը կարող է առավել ընկճել մարդուն, քան սարսափը: Դու չգիտե՞ս, որ նրանք, ովքեր թրով խոցվել են, իսկ թուրը պատժի առավել ուժեղ գործիք է համարվում, այդուհանդերձ, կամենում են դարձյալ կռվել իրենց թշնամու դեմ, մինչդեռ ուժեղ վախ զգացողները չեն համարձակվում թշնամու վրա աչք բարձրացնել, նույնիսկ այն դեպքում, երբ սա առիթ է տալիս»։

«Ուրեմն դու, ասաց Կյուրոսը,- պնդում ես, որ պատժի սարսափն առավել մեծ է մարդկանց համար, քան ինքը` պատիժը»:

24. «Դու ևս գիտես,- ասաց Տիգրանը,- որ ես ճիշտ եմ ասում: Քանզի գիտես, որ ովքեր վախենում են հայրենիքից վտարվելուց և պատերազմի դեպքում վախենում են պարտվելուց, իրենց վեհերոտ են պահում։ Այդպես նաև նավարկելիս` նավաբեկությունից վախեցողները, ինչպես և ստրկության մեջ կամ բանտ ընկնելուց վախեցողները ահից ոչ հաց են կարողանում ուտել, ոչ իսկ քնել։ Մինչդեռ արդեն վտարանդիները, պարտվածները և արդեն ստրկացվածները կարողանում են և ուտել, և քնել՝ նույնիսկ բարեբախտներից էլ լավ: 25. Թե ինչքան ծանր բան է վախը, կարելի է ավելի պարզ տեսնել նաև հետևյալից. Շատերը, վախենալով գերի ընկնելու դեպքում սպանվելուց, նախապես ինքնասպան են լինում. ոմանք՝ նետվելով անդունդը, մյուսները` կախվելով, ոմանք` մորթելով իրենց։ Վախն այսպես է հարվածում` հոգուն ավելի ուժգին, քան ուրիշ չարիքներ: Իսկ իմ հոր վիճակը,- շարունակեց նա,- ինչպիսի՞ն կլինի, երբ նա վախենում է ոչ միայն իր, այլև իմ, իր կնոջ և իր բոլոր որդիների կյանքի համար»։

26. Իսկ Կյուրոսը պատասխանեց. «Ինձ նույնպես հավանական է թվում, որ նա այժմ այդպես է տրամադրված։ Ինձ թվում է, որ միևնույն մարդուն հատուկ է հաջողության դեպքում հանդուգն լինել, իսկ ձախողման դեպքում` խղճուկ, և նա, եթե դարձյալ ոտքի կանգնի, նորից կմեծամտանա և տհաճություններ կպատճառի»։

27. «Բայց, իրոք, Զևսը վկա, ով Կյուրոս,- ասաց Տիգրանը,- մեր սխալները կարող են քեզ առիթ տալ մեզ չվստահելու համար: Բայց դու հնարավորություն ունես բերդեր կառուցելու, գրավելու ամրություններ և վերցնելու հավատարմության ցանկացածդ գրավականը: Եվ մենք չենք վշտանա այդ ամենից, քանզի կհիշենք, որ այդ ամենի համար մենք ենք մեղավոր: Իսկ եթե դու մեր երկրի իշխանությունը հանձնես այնպիսիներին, որոնք ոչնչով մեղավոր չեն քո առաջ և ցույց տաս, որ նրանց կասկածում ես, ապա նրանք, գուցե, թեև դու նրանց լավություն ես արել, քեզ բարեկամ չհամարեն: Իսկ եթե դու, վախենալով նրանց ատելությունը հրահրելուց, նրանց վրա լուծ չդնես, որպեսզի հանդուգն գործեր չձեռնարկեն, հավանական է` նրանց խելքի բերելու համար ստիպված կլինես դիմելու ավելի խիստ միջոցների, քան մեր նկատմամբ»: 

28. «Իրոք, աստված վկա,- ասաց Կյուրոսը,- ես չէի ցանկանա այնպիսի ծառաներ ունենալ, որոնք, ես գիտեմ, ինձ կծառայեին հարկադրաբար: Ես կարծում եմ, որ ինձ համար ավելի հեշտ կլինի հանդուրժել այն մարդկանց սխալները, որոնք նվիրվածությամբ և բարեկամությամբ են կատարում իրենց պարտքը, քան այն մարդկանց ատելությունը, որոնք կատարում են հարկադրաբար»:

Տիգրանը նրան պատասխանեց. «Բայց ո՞ւմ մոտ դու կարող ես գտնել այնպիսի բարեկամություն, ինչպիսին այժմ կգտնես մեզ մոտ»:

«Ես կարծում եմ,- ասաց Կյուրոսը,- որ այն կարող եմ գտնել նրանց մոտ, ովքեր երբեք ինձ թշնամի չեն եղել, եթե կամենամ նրանց բարեգործություն կատարել, ինչպիսին դու այժմ խնդրում ես»: «Բայց, ով Կյուրոս,- ասաց Տիգրանը,- ներկա պայմաններում արդյոք կա՞ որևէ մարդ, ում կարող ես այնպիսի մեծ բարեգործություն անել, ինչպես իմ հայրն է։ Եթե դու որևէ մեկին, որը քեզ երբևէ չարիք չի պատճառել, շնորհես նրա կյանքը, նա քո հանդեպ շնորհակալական ի՞նչ զգացումներ կարող է ունենալ: Եվ հետո, ո՞վ քեզ ավելի կսիրի. նա՞, ում չես զրկել որդիներից ու կնոջից, թե՞ նա, ով գիտակցում է, որ դու իրավունք ունեիր զրկելու նրան։ Եվ դու գիտե՞ս ուրիշ մարդկանց, որոնք վշտանային առավել, քան մենք, եթե մեր հայրը չստանա արմենների թագավորությունը։ Ուստի պարզ է նաև, որ նա, ով թագավորությունից զրկվելով, մեծագույն վիշտ է ապրում, այն վերստին ստանալով՝ քո հանդեպ կլցվի մեծագույն երախտագիտությամբ։

30. Եվ եթե դու մտածում ես այն մասին, թե քո գնալուց հետո ո՞ւմ թողնես մեր իշխանությունը, որպեսզի հնարավորին չափ պակաս հուզումներ լինեն, ապա մտածիր, թե ո՞ր դեպքում առավել խաղաղ կլինի. նո՞ր իշխանության տակ, թե՞ նախկինը պահպանելու դեպքում: Եվ եթե դու մտածում ես երկրից հնարավորինս ավելի մեծաթիվ զորք դուրս բերել, ապա ո՞վ, քո կարծիքով, կկարողանա այդ գործն ավելի լավ անել, քան նա, ով այդ բազմիցս կատարել է։ Իսկ եթե դու դրամի կարիք ունենաս, ապա ո՞վ կարող է այն հայթայթել քեզ համար ավելի արագ, քան նա, ով գիտի երկիրը և ունի բոլոր միջոցները։ Առաքինի Կյուրոս, զգուշացիր, չլինի թե մեզ հետ դատաստան տեսնելով` դու ինքդ քեզ ավելի վնասես, քան կարող էր քեզ վնասել իմ հայրը»:

Տիգրանն այսպես խոսեց: 31. Լսելով այդ, Կյուրոսը խիստ ուրախացավ, քանզի մտածում էր, որ ամեն ինչ եղավ այնպես, ինչպես խոստացել էր Կյուաքսարեսին` թե կանի: Նա հիշեց, որ ասել էր, թե ենթադրում է արմենների թագավորին ավելի լավ բարեկամ դարձնել, քան առաջ։ Այնուհետև նա արմենին հարցրեց. «Եթե այս հարցում ես քեզ հավատ ընծայեմ, ասա ինձ, ով արմեն. դու ինչքա՞ն զորք կուղարկես ինձ հետ և ինչքա՞ն դրամ կհատուցես պատերազմի համար»:

32. Այս խոսքերին արմենը պատասխանեց. «Առավել պարզը և արդարացին կլինի այն, որ ասեմ և ցույց տամ իմ ունեցած ամբողջ զորական ուժը, իսկ դու այդ տեսնելով` որոշես, թե որքան զորք պետք է վերցնես և որքան թողնես՝ երկրի պաշտպանության համար: Նույնպես և իմ հարստության նկատմամբ արդարացի է, որ ես ցույց տամ քեզ իմ ամբողջ ունեցածը, իսկ դու ինքդ որոշես, թե դրանից որքան կուզենաս առնել և որքան՝ թողնել»։

33. Արմենն ասաց. «Արմենների հեծելազորը մոտ ութ հազար է, հետևակը՝ մոտ չորս բյուր, իսկ իմ հարստությունը այն գանձերի հետ, որ թողել է հայրս, արծաթով հաշված, ավելի քան երեք հազար տաղանդ»։

34. Կյուրոսը չհապաղեց ու ասաց. «Քանի որ քո դեմ պատերազմում են քո հարևան խալդայները, ինձ ուղարկիր զորքիդ կեսը. իսկ դրամից՝ վճարելիք հիսուն տաղանդի փոխարեն, քանի որ չես վճարել այն, Կյուաքսարեսին կվճարես կրկնակին: Ինձ ևս,- ասաց նա,- փոխարինաբար կտաս հարյուր տաղանդ։ Իսկ ես խոստանում եմ քեզ, եթե աստված հաջողություն տա, պարտքով ինձ տվածիդ փոխարեն առավել արժեքավոր կերպով հատուցել և կամ վճարել փողը, եթե կարողանամ. իսկ եթե չկարողանամ, և պարզվի, որ ի վիճակի չեմ վճարելու, կարծում եմ, որ իրավացի չի լինի ինձ համարել անարդար»:

35. «Հանուն աստվածների, ով Կյուրոս,- ասաց արմենը,- այդպես մի խոսիր, ապա թե ոչ՝ ինձ կվհատեցնես։ Սակայն իմացիր, որ այն, ինչ այստեղ թողնես, ոչ պակաս չափով քոնն է, քան այն, ինչ տանես քեզ հետ»:

«Դիցուք,- ասաց Կյուրոսը։- Իսկ կնոջդ հետ ստանալու համար ինչքա՞ն դրամ կտաս ինձ»:

«Ինչքան կարողանամ»,- պատասխանեց:

«Իսկ ինչքա՞ն՝ որդիներիդ ստանալու համար»։

«Նրանց համար ևս կտամ` ինչքան կարողանամ»:

«Այդ դեպքում,- ասաց Կյուրոսը,- դա կկազմի քո ունեցածի կրկնակին: 36. Իսկ դու, Տիգրան, ասա ինձ, ինչքա՞ն կվճարես կնոջդ հետ ստանալու համար»:

Տիգրանը, որը նոր էր ամուսնացել և շատ էր սիրում կնոջը, ասաց. «Ես, ով Կյուրոս, նույնիսկ իմ կյանքը կտամ, որպեսզի նա երբեք ստրուկ չդառնա»:

37. «Ուրեմն դու,- ասաց Կյուրոսը,- տար կնոջդ. ես չեմ համարում, որ նա գերի է բռնվել, քանզի դու երբեք չես լքել մեզ։ Դու ևս, ով արմեն, տար կնոջդ և զավակներիդ առանց փրկագնի, որպեսզի իմանաս, որ քեզ մոտ իրենք ազատ են վերադառնում: Իսկ այժմ,- ասաց,- ճաշեցեք մեզ մոտ և ճաշելուց հետո գնացեք ուր կամենում եք»։ Այդպիսով նրանք մնացին։