ՄշակութաԳիծ Թատրոն

Հայկական էպոսը աֆրիկացիների շուրթերից` երգեցիկ ֆրանսերենով

05.04.2021

Հայաստանում Ֆրանկոֆոնիայի շաբաթվա ընթացքում ֆրանսիական «Սաթէ-Աթղը» թատերական միությունը կներկայացնի հայկական «Սասնա ծռեր» էպոսի երաժշտական բեմադրությունը: Ապրիլի 13-ից 19-ը ֆրանսիական թատրոնը կշրջի քաղաքաից քաղաք ու ֆրանսերենով կպատմի հայկական էպոսի երեք գլուխները՝ Սանասար և Բաղդասար, Մեծ Մհեր, Սասունցի Դավիթ: Սա մի ներկայացում է, որտեղ հայկական էպոսի մեկնաբանությունը վստահվել է տարբեր ազգերի ներկայացուցիչների` հայ, կոնգոցի, գվադելուպցի, ֆրանսիացի:

Ֆրանսախոս դերասաններից յուրաքանչյուրն իր ազգային երգ ու երաժշտությամբ, գործիքներով է փորձում համեմել մեր էպոսը: Հայկական ժողովրդական երգ-երաժշտությունը միաձուլված է աֆրիկյան երաժշտական մշակույթի հետ, որը հնարավորություն է տալիս նորովի «տեսնել» ու բացահայտել հայկական էպոսը։ Ներկայացումը ֆրանսերենով է՝ հայերեն ենթագրերով։ Բեմադրությունը կառուցելիս ռեժիսորը ցանկացել է պահպանել հիմնական ասելիքը, որ դրված է էպոսի հիմքում` միահյուսելով երգ ու երաժշտության հետ: Այս միջմշակութային երկխոսության հիմքում Ֆրանսիայում հայկական էպոսի հանրահռչակումն է: Նախագիծն իրականացվում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան, Օվերն-Ռոն-Ալպ տարածաշրջանի, Լիոնի Մետրոպոլի, Իզեր դեպարտամենտի, Սպեդիդամի, ինչպես նաև Իրապա հարթակի աջակցությամբ։ Նախագծի հեղինակները վստահ են, որ հայկական ժողովրդական էպոսին անդրադառնալն այսօր կենսական նշանակություն ունի, էպոս, որը հայ ժողովրդի վերածննդի ու հարատևության դրսևորումն է։

Սաթէ Խաչատրյան

Սաթէ-Աթղի մասին Սաթէ-Աթղը թատերական միությունը 2018 թվականին՝ ֆրանկոֆոնիայի միջազգային գագաթնաժողովի շրջանակներում, ներկայացավ հայ հանդիսատեսին ֆրանսիացի ժամանակակից դրամատուրգ Յասմինա Ռեզայի «Սպանդի Աստվածը» ներկայացմամբ (Տիկնիկային թատրոն, ռեժիսոր՝ Սաթէ Խաչատրյան), ինչպես նաև «Կյանքի երեք տարբերակ» թատերականացված ընթերցում-ներկայացմամբ՝ Լոֆթում (Ռեժ՝ Սաթէ Խաչատրյան և Սերժ-Մելիք Հովսեփյան)։ Զանգակ գրատանը կայացավ Ռեզայի պիեսների հայերեն թարգմանված գրքի շնորհանդեսը (թարգմանիչ՝ Սաթէ Խաչատրյան)։ 2019 թվականին Սաթէ-Աթղը թատերական միությունը հայ հանդիսատեսին ներկայացրեց ֆրանսիացի ժամանակակից դրամատուրգ Ֆլորիան Զելլերի թատրոնին նվիրված միջոցառումների շարք․ «Սուտ» ներկայացում, «Հայրը», «Որդին» պիեսների թատերականացված ընթերցումներ (Համազգային թատրոն, ռեժիսոր՝ Սաթէ Խաչատրյան)։ 2021 թվականի ապրիլի 20-ին՝ Համազգային թատրոնում կկայանա Զելլերի պիեսների հայերեն թարգմանված ժողովածուի շնորհանդեսը (թարգմանիչ՝ Սաթէ Խաչատրյան)։ 2021 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին Սաթէ-Աթղը թատերական միությունը կներկայանա Քսավիե Դյուրանժեի «Մարդկային պատմություն» պիեսի բեմադրությամբ՝ Լոֆթում (բեմադրիչ և թարգմանիչ՝ Սաթէ Խաչատրյան)։

No Comments

Leave a Reply