Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը կրելու է Հովհաննես Չեքիջյանի անունը
Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը այսուհետ կանվանակոչվի Հովհաննես Չեքիջյանի անունով։
Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարությունից, փոփոխության նպատակն է այդկերպ արժևորել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ և ՀԽՍՀ պետական մրցանակների դափնեկիր, պրոֆեսոր, մաեստրո Հովհաննես Չեքիջյանի երկարամյա վաստակը:
Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը հիմնադրվել է 1937 թվականին։ 1961 թվականից ի վեր երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր է մաեստրո Հովհաննես Չեքիջյանը։ 1969 թվականից երգչախումբն արժանացել է «Ակադեմիական» կոչմանը, 1975 թվականից հանրապետության վաստակավոր կոլեկտիվ է: 2012 թվականի նոյեմբերի 15-ին Կառավարության որոշմամբ երգչախմբին շնորհվել է «Ազգային» կարգավիճակ։
Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը գործունեություն է ծավալել Հայաստանի բոլոր շրջաններում, Հայաստանից դուրս հանդես է եկել 180 քաղաքներում 800-ից ավելի համերգներովով։ Նյու Յորքում, Լոնդոնում, Փարիզում, Պրահայում, Բեյրութում և այլուր երգչախումբը 27 լեզուներով երգել է հայ և համաշխարհային դասական կոմպոզիտորների ստեղծագործություններ
Մաեստրոն հեղինակ է երաժշտական ստեղծագործությունների, այդ թվում և «Գարնանային անուրջներ», «Տոնական ձոն» վոկալ-սիմֆոնիկ պոեմների։






