Անի Անտոնյան Հրատապ

Հայաստանյան հուշարձանների գրավչությունն ու վտանգները

22.07.2020

Հայտնի փաստ է՝ անվտանգությունը զբոսաշրջության զարգացման կարևոր պայմաններից է։ Այս առումով Հայաստանի լանդշաֆտն առանձնահատուկ է․ ըստ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տվյալների՝ հուշարձանների պետական ցուցակում գրանցված ավելի քան 24 հազար հուշարձաններից շատերը գտնվում են երկրաբանական վտանգավոր երևույթների ազդեցության գոտում և կարիք ունեն պարբերաբար ամրակայման, ցանկապատման: 

Լեռնային տուրիզմի զարգացման հեռանկարների, սեզոնային վտանգների, ուղեկցորդների լիցենզավորման բացակայության և օրենսդրական բացերի մասին խոսել ենք ArmLand տուրիստական ընկերության տնօրեն Արտյոմ Մարտիրոսյանի հետ։ 

— Նոր կորոնավիրուսը մարտահրավեր էր Հայաստանի համար, որը վերջին տարիներին դարձել էր բավական գրավիչ զբոսաշրջային երթուղի՝ հայտնվելով արտասահմանյան առաջատար լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ Ինչպե՞ս վերականգնեցիք Ձեր աշխատանքը, ի՞նչ խնդիրներ ունի այսօր լեռնային տուրիզմը։ 

Նախորդ տարի թե՛ լեռնային, թե՛ դասական տուրիզմի առումով մեծ ներհոսք կար։ Կարծում եմ՝ այս իրավիճակից հետո Հայաստանի համար բարդ կլինի նախկին դիրքին հասնել։ Զբոսաշրջիկները խուսափում են մեր երկիր այցելել, օրինակ՝ սեպտեմբերին իսրայելցի հյուրեր պետք է ունենանք, որոնք կամուկացի մեջ են։ Նույնը եղավ երկու տարի առաջ՝ հեղափոխության օրերին, երբ որոշ խմբեր հրաժարվեցին տուր փաթեթից՝ չնայած մեր վստահեցմանը, որ ոստիկանության հետ բախումներ չեն լինում, տեղաշարժն անվտանգ է։ Օդային սահմանի փակվելու պատճառով այսօր մեր հիմնական ուղղությունը ներգնա տուրիզմն է, որը դանդաղ, բայց կայուն կերպով զարգանում է։ Մարդիկ ավելի շատ են ձգտում դեպի բնության գիրկ, ցանկանում են դուրս գալ «խորոված-քյաբաբի» մշակույթից ու քայլել, իրենց նստակյաց կյանքը լրացնել արշավով։ Ու հետաքրքիրն այն է, որ մեծամասնությունն աղջիկներ են։ Ընդհանուր առմամբ՝ Հայաստանը՝ որպես լեռնային տուրիզմի երկիր, քիչ է ներկայացած աշխարհին։ Նույնիսկ տարիներով այստեղ ապրողները չգիտեն, թե լեռնագագաթներից ինչ գեղեցիկ տեսարաններ են բացվում։ Մեր լեռներն ալպինիստական չեն, հուլիս-սեպտեմբեր ամիսներին արշավների և թրեքինգի համար իդեալական պայմաններ կան, հատկապես՝ Գեղամա լեռներում ու Սյունիքի բարձրավանդակում։ Ինչ վերաբերում է կորոնավիրուսին, ապա այն ունեցավ իր դրական ու բացասական կողմերը։ Մեկուսացման ժամանակ աշխատեցինք մեզ վրա, օրենքի սահմանում մի քանի էքսպեդիցիոն արշավ կատարեցինք, բացահայտեցինք նոր երթուղիներ, ինչպես Սևորդյաց լեռները, Շիկահողի արգելոցի տարածքի հուշարձաններն ու անտառային գեղեցիկ արահետները և այլն, կազմեցինք քարտեզներ։ Արշավների ժամանակ պահպանում ենք անվտանգության բոլոր կանոնները, նախքան մեկնելը՝ ախտահանում ենք մեքենաները, ջերմաչափում ու գրանցում մասնակիցներին։

— Տուրիզմի անվտանգության երաշխիքներից մեկը ցուցանակներն ու ցուցասյուներն են, որոնց նշանակությունը, կարծես թե, շատերը չեն հասկանում ու շարունակում են վնասել դրանք։ Ո՞րն է պատճառը։ Կա՞ ն ընթացիկ ծրագրեր։ 

— Բերեմ վառ օրինակ։ Տաթևից դեպի Լծեն գյուղ տանող ճանապարհի քարե ցուցասյուներն ամեն անգամ տեղացիները ջարդում են, որպեսզի իրենք ուղեկցեն զբոսաշրջիկներին և գումար վաստակեն։ Կարծում եմ՝ սա մտածողության խնդիր է, բացատրական աշխատանքներ են պետք։ Այս օրերին արտասահմանյան մի կազմակերպության ջանքերով նոր ցուցասյուներ են տեղադրվում Սյունիքի, Վայոց Ձորի, Տավուշի, Լոռու մարզերում և Արցախում։

— Որքան էլ անվտանգության հարցը կարևորենք, այդուհանդերձ պատահարներից խուսափել չի լինում։ Նախորդ տարվա փետրվարին Աղվերանի հարակից լեռան վրա ձնահյուսի պատճառով ֆրանսիացի լեռնագնացի մահվան դեպք ունեցանք, կամ՝ քիչ չէ դժվարամատչելի զբոսավայրերում վնասվածք ստացած քաղաքացիների թիվը, ինչի մասին վկայում է տարեկան պաշտոնական վիճակագրությունը։ Ի՞նչ հիմնական վտանգներ կան, որոնք պետք է հաշվի առնեն զբոսաշրջային ծառայություններ մատուցող կազմակերպությունները։ 

— Մենակ արշավելն ամբողջ աշխարհում տարածված պրակտիկա է։ Զբոսաշրջիկների մի զանգված չի օգտվում ուղեկցորդի ծառայությունից՝ նախընտրելով էկոնոմ և ինքնուրույն ճանապարհորդել։ Ֆրանսիացի լեռնագնացի դեպքում, իմ կարծիքով, ինֆորմացիայի պակաս կար։ Տեղանքին ծանոթ ուղեկցորդը նրանց չէր առաջարկի այդ տարածքում դահուկ քշել։ Թե՛ լեռնադահուկային սպորտը, թե՛ լեռնագնացությունն իրենց համապատասխան եղանակն ունեն։ Հուլիսից սկսած՝ արևահարության վտանգ կա Վայոց ձորի, Արարատի մարզերում և Արցախում, Արայի լեռան տարածքում։ Կիրճ ընդհանրապես չարժի գնալ, քանի որ ակտիվանում են օձերը։ Ցանկացած արշավից առաջ պարտադիր է ճշտել եղանակային կանխատեսումները։ Օրինակ՝ անցած տարի՝ հուլիսին, Վարդենիսի լեռներում՝ 3000 մետր բարձրության վրա, ձյուն տեղաց, կայծակ և կարկուտ էր։ Թե՛ ցրտահարության, թե՛ կայծակնահարության վտանգ կար, իսկ տարածքում ապաստարան գտնել հնարավոր չէր։ Անմիջապես հրահանգեցինք խմբին անջատել էլեկտրական սարքավորումները, երթուղին փոխեցինք դեպի կիրճը, որպեսզի կայծակնահարության վտանգը հասցնենք նվազագույնի։ Ընդհանուր առմամբ՝ վտանգ կա ամենուր․ սողանք կարող է լինել Գառնի տանող ճանապարհին, քարաթափում՝ Տաթևի վանք տանող ճանապարհին, բարձրությունից ընկնել հնարավոր է բոլոր բերդ-ամրոցների տարածքներում։ Անվտանգության մասին խոսելիս ավելի շատ պետք է շեշտը դնել բանիմաց ուղեկցորդի դերի վրա։ 

— Զբոսավարների և ուղեկցորդների լիցենզավորումը կարևորագույն հարց է, որն այսօր օրենքով չի կարգավորվում։ Բացի դրանից՝ կորոնավիրուսի պատճառով արտագնա տուրիզմի փորձ ունեցող ընկերությունները սկսել են ակտիվ ներգնա տուրիզմով զբաղվել։ Ի՞նչ վտանգ կարող է ստեղծել այս անհավասար մրցակցությունը։ 

— Ես սա անվտանգության լուրջ խնդիր եմ համարում։ Այսօր ցանկացած մեկը, որ մի քանի անգամ լեռ է բարձրացել, դառնում է լեռնային ուղեկցորդ և կարող է խումբ տանել արշավի։ Որպես օրինակ՝ բերեմ նախորդ տարի ինձ հետ պատահածը․ օգոստոսի 5-ին՝ էլբրուս լեռան վերելքից առաջ, մի քանի արշավ էի տարել, նույնիսկ Արարատ էինք բարձրացել։ Էլբրուսի 5250 մետր բարձրության վրա զգացի, որ չեմ կարողանում շնչել, և ամենափորձառու արշավականերից մեկին խնդրեցի խումբն ուղեկցել մինչև գագաթ։ 9 ժամ անհանգիստ սպասում էի, քանի որ ամբողջ պատասխանատվությունն ինձ վրա էր․ խումբը բարեհաջող վերադարձավ։ Լեռնագնացությունը բազմակողմանի գիտելիք է պահանջում․ պետք է ճիշտ կազմակերպել բուն արշավը՝ կախված սեզոնից, տեղանքի ընտրությունից, եղանակային պայմաններից, ունենալ առաջին օգնության հմտություններ, իմանալ՝ ինչպես օգտվել թղթային և էլեկտրոնային քարտեզներից, ի վերջո՝ ունենալ արշավային հոտառություն։ Եվ ամենակարևորը՝ խմբին անհրաժեշտ է ապահովել համապատասխան սարքավորումներով՝ ռադիոկապ, նավիգատորներ։ Ուղեկցորդների լիցենզավորումը կբարձրացնի զբոսաշրջային ծառայությունների որակը, և քիչ թե շատ օտար լեզու իմացող տաքսու վարորդն այլևս ուղեկցորդ չի աշխատի։ 

Հայաստանում այսօր արտագնա տուրիզմով զբաղվող 200-ից ավելի ընկերություն անցել է ներգնա տուրիզմի՝ բավական ցածր գներով։ Խոսքը հիմնականում դասական տուրերին է վերաբերում՝ Գառնի, Գեղարդ, Դիլիջան և այլն։ Լեռնագնացության ոլորտն ավելի բարդ է, թեև անփորձ նորեկներ նույնպես կան։ Իմ պատկերացմամբ՝ նրանք երկար չեն դիմանա, քանի որ խելացի մարդիկ վստահում են կենսագրություն ունեցող տուրիստականներին, այլ կերպ ասած՝ վստահում են որակին, ոչ թե գնին, քանի որ ճանապարհորդությունն առաջին հերթին վստահություն է ենթադրում։ 

— Ձեր ընկերությունը կազմակերպում է 5000 մ + լեռնային վերելքներ դեպի Արարատ, Կազբեկ, էլբրուս և Դեմավանդ, ինչպես նաև Թուրքիայի տարածքում գտնվող Հայկական լեռնաշխարհի գագաթները՝ Սիփան, Նեմրութ, Քաջքար, Մարաթուկ, Սասունի լեռներ։ Թուրքիայում հայ զբոսաշրջիկի համար անվտա՞նգ է։ 

— Թուրքերը բավական կրթված են, սահմանապահները՝ մարդասեր, պատրաստ ցանկացած հարցով օգնելու զբոսաշրջիկներին։ Եղել է դեպք, երբ մեզ հեռախոս են տրամադրել կապ հաստատելու համար, նույնիսկ միասին կիթառ ենք նվագել մինչև մեր մեքենայի ժամանելը։ Այս առումով զգուշավոր պետք է լինել քրդերի հետ։ Ընդհանրապես, եթե զբոսաշրջիկը չի խախտում տվյալ երկրի կողմից դրված սահմանափակումները, որևէ խնդիր չի առաջանում։ 

Անի Անտոնյան
Լուսանկարները՝ Արտյոմ Մարտիրոսյանի

No Comments

Leave a Reply