Օրերս հանրության դատին ներկայացված «Երևանն արցունքներին հավատում էր» ֆիլմի մասին զրուցել ենք ռեժիսոր Հայկ Բաբայանի հետ։ Առաջնախաղը տեղի է ունեցել Կինոյի տանը։
— Հայկ, ի՞նչ ժանրի է ֆիլմը, ինձ թվաց կոլաժային շարժական խճանկար է, թեկուզ գուցեև չկա նման սահմանում։
— Գեղարվեստավավերագրական ֆիլմ է, որտեղ կան և՛ բեմականացված հատվածներ, և՛ արխիվային կադրեր, և՛ հատվածներ, որոնք առաջին հայացքից դժվար է ասել՝ բեմականացվել են, թե վավերագրական են։ Ամեն դեպքում չեմ կենտրոնացել ֆիլմիս ժանրային առանձնահատկության վրա, բոլոր տեսակի իզմերից կտրել եմ ֆիլմը։ Այն բավական դժվար է ստեղծվել․ յուրաքանչյուր բառ, գործողություն կատարվել է երբեմն շատ դանդաղ, երբեմն էլ շատ կտրուկ։ Հետաքրքիր ձևակերպեցիք՝ շարժական կոլաժային խճանկար։ Կեսկատակ, կեսլուրջ կարող եմ ասել, որ ֆիլմը պատկանում է լաբիրինթոսային ժանրին, թեև նման ժանր չկա։ Ինչևէ, ես ստեղծել եմ աշխարհ, որակումները, գնահատականները թող տան կինոգետները, կինոսիրողները։
— Կինոդիտողի արձագանքը արդարացրե՞ց սպասելիքներդ։
— Սպասելիքներս կարդարանան այն ժամանակ, երբ ֆիլմում առկա հաղորդագրությունները, ենթատեքստերը հնարավորինս կվերծանվեն, որովհետև ֆիլմում ես շատ կարևոր բաներ եմ ասում։ Այդ դեպքում կհամարեմ, որ աշխատանքս հասել է իր նպատակին։
— Կարծում ես՝ մարդիկ ավելի շատ կարոտա՞խտ ունեցան, թե՞ ցավալի հիշողություններ։
— Կարծում եմ՝ թե մեկը, թե մյուսը։ Առաջնախաղից հետո մեկը մոտեցավ ասաց, որ ամբողջ կյանքն անցավ աչքի առջևով, մեկ ուրիշն էլ թե՝ հոկտեմբերի 27-ը վերապրեցի․․․ տարբեր էին ընկալումները, կարծիքները։ Իսկ նոստալգիան, կարոտախտը ես համարում եմ ցավալի խնդիր, որովհետև մենք սիրում ենք դրանով ապրել։ Նայելով 60-70-ականների ֆիլմերը, տեսնում ես, որ կերպարները կարոտով են հիշում նույնիսկ պատերազմը, նայում ես 40-50- ականների ֆիլմերը, դրանցում ևս կարոտով են խոսում Առաջին հանրապետությունից, 90-ականերին՝ 60-ականներից, 2000-ականներին՝ 90-ականներից։ Սա ծավալուն թեմա է, մենք կարոտով ենք հիշում նույնիսկ վատ բաները։ Ես չէի ուզենա ֆիքսվեն ֆիլմի նոստալգիական տրամադրությունների վրա ու մոռանան այնտեղ կատարվող գործողությունները։ Իսկ ֆիլմում իրադարձությունների կենտրոնը հոկտեմբերի 27-ն է։ Ես ավելի շատ ուզում եմ, որ ցավալի, տխուր հիշողությունները ցավեցնեն դիտողին։ Արվեստը նաև դրա համար է։ Եթե չցավեցնի, չհիշեցնի, մենք կարճ ժամանակ անց կմոռանանք մեր պատմությունը, ու այն անվերջ կկրկնվի։
— Կինոն, որ դու նկարել ես, շարունակվում է այսօր․․․ Մեզ հասած դժբախտությունների պատասխանը կարո՞ղ ենք գտնել ֆիլմում։
— Այն, ինչ կատարվում է ֆիլմում, կատարվում է հենց հիմա, կատարվելու է մեկ ամիս անց և մեկ տարի անց։ Հենց սա է մեր իրականության ամբողջ ողբերգականությունը։
— Երբ ֆիլմդ նկարում էիր, չգիտեիր, որ կպարտվենք և կունենանք այսքան աբսուրդային հետպատերազմյան իրականություն։ Եթե իմանայիր, ա՞յլ ընթացք ու վերջաբան կունենար ֆիլմդ։
— Ֆիլմի նկարահանումները եղել են և՛ պատերազմից առաջ, և՛ պատերազմից հետո, այսինքն՝ ֆիլմն այս բարդ իրադարձությունների միջով անցել է։ Ասեմ ավելին՝ շատ տեսարաններ մենք նկարահանել ենք պատերազմից հետո, և կարծում եմ, որ դրա ազդեցությունը ևս կա։ Նոյեմբերի 9-ից հետո փոխվեցին Հայաստանի ամբողջ քաղաքական կյանքն ու փիլիսոփայությունը, փոխվեցին Հայաստանի լուսաբացն ու մայրամուտը։ Նոյեմբերի 9-ին մեզ ասացին, որ լույսը բացվելու է, մութն ընկնելու, բայց այլևս ոչինչ առաջվանը չի լինելու, վերջացան ձեր լեգենդները․․․ Թե ինչ կլինի դրանից հետո, կյանքը ցույց կտա։
Նույնիսկ եթե մենք պատերազմը հաղթեինք, իմ ֆիլմի վերջաբանը չէր փոխվելու, որովհետև շարունակվելու էին պոռոտախոսությունը, կեղծ հայրենասիրությունը։ Բոլորը սեփականաշնորհելու էին հաղթանակը, ու դարձյալ թմբիրի մեջ էինք ապրելու, հաջորդ հարվածն արդեն տասնապատիկ ծանր էր լինելու։ Դրա համար ֆիլմի վերջաբանը չի կարող փոխվել։ Ռեժիսուրան շարժվում է իր օրենքներով։
— Ֆիլմդ նկարելու համար մեծ թվով արխիվային նյութեր ես ուսումնասիրել։ Մի փոքր պատմիր հետազոտական ընթացքի մասին․ ի՞նչ ժամանակ էր պահանջում, ի՞նչ խոչընդոտներ եղան և, ի վերջո, դժվար չէ՞ր այդքան ծավալուն տեղեկություններից ստեղծել 40-45-րոպեանոց ֆիլմ։
— Որևէ խոչընդոտ չի եղել ո՛չ պետական ատյանների, ո՛չ հոկտեմբերի 27-ի զոհերի հարազատների կողմից, ավելին՝ նրանք ինձ ազատ են թողել սցենարի հետ, վստահել են, հասկացել են, որ ես կուսակցական խաղեր չեմ տալիս, ուղղորդված չեմ, ազատ ստեղծագործում եմ և ինձ անհանգստացնում է այդ թեման։
Արխիվային ուսումնասիրությունը զուտ ժամանակատար էր։ Արխիվը հենց ինքը ամենաբնական ռեժիսուրան է, որին պետք է թողնել այնպես, ինչպես կա, օգտագործել չափավոր ու ճիշտ տեղում, որ ունենա իր երկրորդ, երրորդ, չորրորդ կյանքը։ Ինչ վերաբերում է այդչափ աղբյուրներից 41-րոպեանոց ֆիլմ ստեղծելուն, այո, դժվար է, բայց այստեղ րոպեներն ինքնանպատակ չեն, ֆիլմը կարող էր լիներ 15, 25 րոպե, 1 ժամ, բայց եղավ 41 րոպե, որովհետև ասելիքը տեղավորվեց այդ 41 րոպեի մեջ։
— «Մարդիկ կամ ավտովթարից են մեռնում կամ թուրքի ձեռքով»։ «Ով անիծեց, որ մեր տղերքը աղջկա ծոց չմտած՝ ճոխ- ճոխ թաղվեցին»։ Հիմա էլ ոչինչ չի փոխվել․․․ թե՞ փոխվել է․ խաղաղության դարաշրջանից է խոսվում։
— Ոչինչ չի փոխվել։ Քրիստոսն ասում էր՝ մի՛ դատեք և չեք դատվի, դրա համար ես հեռու կմնամ դատապարտող կոչեր անելուց, թե մեքենաները ինչպես են վարում, ինչու են այդքան զոհեր լինում ավտովթարից, բայց կարող եմ ասել մի բան՝ ինձ ցավ է պատճառում, որ մարդիկ մահանում են ավտոպատահարներից երկաթի կտորի մեջ։ Առանց այն էլ մեր թշնամիներով շրջապատված փոքր երկիրը բազմաթիվ կյանքեր է կորցնում։ Իսկ խաղաղության դարաշրջանն ինձ համար անհասկանալի արտահայտություն է, մեր երկրում խաղաղությունը վտանգավոր բառ է։
— «Մեր երկիրն ունի ամեն ինչ, բախտ չունի»։ Շատերը կվիճեն քեզ հետ։ Վերջնակա՞ն է տեսակետդ, բախտ չունե՞նք․․․
— Թող վիճեն, չընդունեն։ Չի կարող փոխվել իմ տեսակետը, որովհետև ես այն դարձրել եմ ստեղծագործություն։ Կյանքի հանգամանքներով պայմանավորված վիճակ է բախտը, մեր կյանքի հանգամանքները դարերից եկած մեզ բերեցին նորից այս տխուր դեկորների առաջ կանգնեցրին։
— Հումորը և դրաման համադրելը բա՞րդ էր, թե՞ անխուսափելի։
— Հումորը և դրաման մեր կյանքի հետ համընթաց գնում են, ուրեմն և ֆիլմում շատ բնական երևույթ է։ Ֆիլմի ամենադրամատիկ ու ողբերգական պահին սկսվում է ինչ-որ ցանցառ խոսակցություն, որ կոտրում է ողբերգության գագաթնակետը։ Ռեժիսուրան սիրում է այդպիսի մոտեցումներ, անցումներ։ Ամենաողբերգական բանը, երբ ասում ես թեթև ժպիտով, այդ ողբերգությունն ավելի է մեծանում։ Եվ հակառակը։
— Ե՞րբ կցուցադրվի ֆիլմդ, ի՞նչ է սպասվում։
— Մտադրություններ կան տարբեր տեղեր ցուցադրելու, բայց այս պահին հստակ չեմ կարող ասել՝ երբ և որտեղ։
Զրույցը՝ Արմինե Սարգսյանի
No Comments