Թանգարան Լիլիա Շատվերյան

Հայրենիքն սկսվում է սահմանից

04.09.2021

Որպես ոչ ֆորմալ կրթական միջավայր՝ թանգարանը կոչված է իր աշխատանքները կազմակերպելու գիտատեխնիկական առաջընթացի ժամանակակից պահանջներին համահունչ՝ հսկայական փաստացի նյութ տրամադրելով հանրապետության երկրաբանական կառուցվածքի, մագմատիզմի և ընդերքի հարստությունների վերաբերյալ, հնարավորություն տալով որոշակի պատկերացում կազմելու Հայաստանի երկրաբանական զարգացման պատմության մասին:

Թանգարանի նպատակը սեր սերմանելն է դեպի մշակութային ժառանգության պահոցները` տալով հնարավորություն գիտակցելու թանգարանների դերը, գործառնական նշանակությունը և թանգարանային գործի մեջ այլընտրանքային մոտեցումների մեխանիզմները, ինչն էլ կբարելավի թանգարանային ծառայության որակը: Մերօրյա հայաստանյան թանգարանային գործը աստիճանաբար դուրս է գալիս կարծրատիպային ավանդական ծառայությունների մատուցման շրջանակներից՝ փորձելով քայլել առաջադեմ աշխարհի փորձին համընթաց, ցույց տալով, որ ժամանակն է թանգարաններում կիրառել բազմաբովանդակ գործունեություն, մեծացնել այցելուների հետաքրքրությունը, ստեղծել ժամանակակից մշակութային մրցունակ արտադրանք:

Ելնելով մեր երկրի ներկա սոցիալ-տնտեսական վիճակից՝ հատկապես կարևոր է սահմանամերձ գյուղերի աշակերտների ներգրավվածությունը թանգարանների գործունեության մեջ և նրանց հաղորդակից դառնալը մշակութային անցուդարձին:

Այս համատեքստում, Գիտության տոնին ընդառաջ, Հովհաննես Կարապետյանի անվան երկաբանական թանգարանը հանդես եկավ նոր նախաձեռնությամբ. Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի հիմնական դպրոցի և Մշակույթի տան հետ համատեղ, Միկիչ Փարսադանյանի և Անի Պետրոսյանի նախաձեռնած յոթօրյա «Ամառային ճամբար Բերդավան-2021» ծրագրի շրջանականերում, իրականացվեց գիտաճանաչողական և կրթամշակութային ծրագիր, որի նպատակը ոչ միայն ազգաբնակչության ներգրավվածությունն էր, այլ նաև դպրոցում երկրագիտական թանգարանի ստեղծումը՝ երկրաբանական հարուստ բաժնով, հաշվի առնելով տեղանքի երկրաբանական առանձնահատկություններն ու ներուժը:

Ծրագրի շրջանակում առաջին հանդիպումը Բերդավանի հիմնական դպրոցում էր: Ուսուցիչներն ու աշակերտները՝ տնօրեն Արևիկ Ասատրյանի և փոխտնօրեն Ալիկ Կարապետյանի գլխավորությամբ, կազմուպատրաստ սպասում էին իրենց հյուրերին և  նվերներին՝ մոտ 350 կտոր գրականություն, որի հավաքագրման գործում մեծ ավանդ ուներ նաև ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտը, մոտ 22 անուն երկրաբանական ցուցանմուշ՝ նույն ինստիտուտի գրեթե բոլոր լաբորատորիաներից, ինչպես և բազմաթիվ քարտեզներ:

Կրթական ծրագիր՝ Բերդավանի դպրոցում

Դպրոցում երկրաբանական թանգարանի վարիչ Գայանե Գրիգորյանի գլխավորությամբ իրականացվեցին սեմինարներ՝ նվիրված միներալոգիական թեմաներին ու թանգարանային գործունեությանը, ինչպես նաև տեղի ունեցավ արդեն ավանդական դարձած՝  երկրաբանական թանգարանի շրջիկ ցուցադրություն:

Երկրաբանական շրջիկ թանգարանի ցուցադրությունը Բերդավանի մշակույթի տանը

Միջին և ավագ դասարանի աշակերտների հետ համատեղ իրականացվեց գիտաուսումնական դաս-բեմականացում՝ երկրաբանական ամենահայտնի  սանդղակներից մեկի՝ «Մոոսի կարծրության սանդղակ»-ի թեմայով՝ մշակված թանգարանի գիտաշխատող Սեդա Ավագյանի կողմից: Աշակերտներից յուրաքանչյուրը ներկայացնում էր սանդղակի 10 միներալներից մեկը, պատմում նրանց հատկությունների, կիրառման բնագավառների և տարածման հանքվայրերի մասին:

Եվ որ ամենակարևորն է՝ դպրոցի տնօրինության հետ քննարկվեցին նվիրաբերված նմուշների հիմքի վրա ապագայում երկրագիտական թանգարանի ստեղծման գաղափարն ու նախադրյալները՝ որպես Հայաստանում միակ դպրոցական թանգարանի նախատիպ:

Բուն ամառային ճամբարը՝ տարրական դպրոցի մոտ 50 երեխաների ակտիվ մասնակցությամբ, իրականացվեց Մշակույթի տան և «Բերդավան» հիմնադրամի հետ համատեղ՝ Սամվել Սևինյանի և Գոհար Ասլիկյանի կողմից:

Ճամբարի կազմակերպչական խմբում ներգրավված էին բազմաշնորհ մասնագետներ՝ արվեստագետ, երաժիշտ, արևելագետ, իրավագետ, երկրաբան: Նրանք իրենց նվիրվածությամբ ու մասնագիտական հմտություններով հետաքրքիր դարձրին  ճամբարը և երեխաներին փոխանցեցին իրենց գիտելիքներն ու կարողությունները:

Մշակույթի տանը երկրաբանական թանգարանի դերն էլ ավելի մեծ ու տեսանելի դարձավ. բացի շրջիկ թանգարանից, ներկայացվեցին նաև թեմատիկ կրթական ծրագրեր՝ «Երկիր մոլորակի կառուցվածքը», «Ես և շրջակա աշխարհը», «Քարերի զարմանահրաշ աշխարհը», «Ի՞նչ են պատմում հրաբուխները» և այլն:

Ծրագրերն ընթացան դաս-պարապմունքների, տեսաֆիլմերի, խաղերի և գործնական աշխատանքի զուգակցմամբ:  

Ճամբարի եզրափակիչ օրը նվիրված էր ծրագրի ամփոփիչ գիտակրթամշակութային հաշվետու միջոցառմանը: Այն հատկապես տպավորիչ դարձրին երկրաբանական շրջիկ թանգարանի նմուշները և կրթական ծրագրերի ընթացքում կիասաթանկարժեք քարերից փոքրիկների պատրաստած խմբային ու անհատական զարմանահրաշ աշխատանքները:

Բերդավանի երեխաներն ստեղծագործում են քարերով

Միջոցառմանը ներկա էր գյուղական համայնքի մեծամասնությունը: Դա յուրահատուկ հնարավորություն էր՝ ծանոթանալու երկրաբանական թանգարանի յուրօրինակ ցուցանմուշներին, ինչն էլ թանգարան-համայնք կապի լավագույն դրսևորումներից էր:

Կարևորելով սահմանամերձ գյուղերի ներգրավվածությունը մշակութային անցուդարձին՝ թանգարանը նախատեսում է նմանատիպ ծրագրեր իրականացնել նաև այլ մարզերում՝ ի նպաստ սահմանապահ գյուղերի և ողջ Հայաստան աշխարհի մշակութային կյանքի աշխուժացման:

Ծրագրի կազմակերպիչներն ու մասնակիցները հատկապես երախտապարտ են Բերդավանի կամավորներին, մասնավորապես՝ Գոհար Ասլիկյանին՝ ակտիվ ներգրավվածության համար: Գոհար Ասլիկյանի նախաձեռնությամբ կազմակերպվել են երեկոներ խարույկի շուրջ՝ համեմված հայկական ավանդական խոհանոցի նրբահամ կերակուրներով:

Ծրագրի իրականացման գործում առանձնահատուկ դեր է ունեցել Բերդավանի գյուղապետ Սմբատ Մուղդուսյանը, որի մասին ևս կազմակերպիչները խոսում են երախտագիտությամբ:

Ամառային դպրոցի կազմակերպիչները

Ծրագիրն իրականացվել է «Արարատ» հիմնադրամի նախագահ Լաուրա Մելիքյանի հովանավորությամբ և ՀՀ ԳԱԱ ԵԳԻ-ի աջակցությամբ:

Լիլիա Շատվերյան

No Comments

Leave a Reply