Արմինե Սարգսյան Արցախ ԳրաԴաշտ

հեքիաթս թաքցնում եմ մարդկանց մեջ, որոնք չեն կորցնի այն

29.08.2019

Արսէն Շիրինեանի հետ զրուցել ենք  նրա առաջին՝ «հեքիաթ» գրքի մասին: «հեքիաթը» լույս է տեսել օրերս Ստեփանակերտում:

-Արսէն,  մաթեմատիկոս ես, գրում ես երգեր՝ արցախյան բարբառով, հիմա էլ վեպ-հեքիաթով ես ներկայանում: Հեքիաթի կարիք ավելի շատ մեծե՞րն ունեն, թե՞ փոքրերը:

-սիրում եմ անընդհատ ինքս իմ մեջ նորը բացահայտել: հեքիաթներ բոլորն էլ սիրում են, սկզբից՝ փոքր տարիքում, իսկ հետո՝ նաև մեծ: բոլորն էլ սիրում են ստեր… գեղեցի՜կ ստեր: բայց, այնուհանդերձ, կարծում եմ՝ իմ հեքիաթի կարիքն ավելի շատ մեծերը կունենան:

-Գրքի սկզբում ասվում է, որ հեքիաթը հյուսված է հեղինակի մենախոսություններից և երկխոսություններից: Տեղ-տեղ դժվար է հասկանալ, ինքդ քեզ հե՞տ ես խոսում, թե՞ մեկ ուրիշի. կարծես խախտել ես մենախոսության ու երկխոսության սահմանը: Ի վերջո, մեկ ուրիշի, ամբողջ աշխարհի հետ խոսելով էլ մարդն ինքն իր հետ է խոսում, չե՞ս կարծում:

-հեքիաթում տեղ գտած երկխոսությունները մենախոսություններից են ծնունդ առել:

-Դու չե՞ս վախենում, որ հեքիաթդ լսելի կդառնա շատերին:

-ես միշտ էլ ունեցել եմ իմ սեփական հեքիաթը ու երբևէ չեմ գծել սահման նրա համար: չեմ կարևորել, թե ինչքանով է այն անհասանելի (թեկուզ ինձ համար) կամ մատչելի (թեկուզ ուրիշի համար):

-Չե՞ս վախենում հեքիաթդ կորցնելուց:

-վախենում եմ: ես հեքիաթս թաքցնում եմ մարդկանց մեջ, որոնք չեն կորցնի այն:

-Ասում ես, որ ընկնող աստղերը կապված են թելերով: Ուրեմն, երազանքերը չե՞ն կարող իրենք իրենց իրականանալ: Դրանց հասնել, ստեղծել է պետք: Գտնել կամ կորցնել: Ավելի շատ գտնու՞մ են, թե՞ կորցնում:

-այդ թելերը մեր ձեռքերում են: ամեն ինչ մեզնից է կախված: հեքիաթում նկատի ունեի այն, որ նույնանման երազանքները միասին են կատարվում, իրարից թելերով կապված են: երբ էլ գտնելու ոչինչ չես ունենում, կորցնելու վախը սկսում է ավելի մեծանալ:

-Ի՞նչ տվեց քեզ այս հեքիաթը՝ գիրքը:

-կարևոր չէ՝ ինչ տվեց ինձ, կարևոր է, թե ինչ տվեց ուրիշներին:

-Ի՞նչ տվեց ընթերցողին:

-սպասենք նրա արձագանքին:

-Ո՞վ է ընթերցողդ:

-իմ ընթերցողը նա է, որը կարողանում է իմ հեքիաթում գտնել իր բաժին հեքիաթը:

-Գիտե՞ս, որ ընթերցողին էլ ես ներքաշում զրույցիդ մեջ, ստիպում ես մենախոսել կամ երկխոսել:

-գիրքը հենց դրա համար է: իմ հեքիաթը մեծ սիրո փոքրիկ պատմություն է, որտեղ ընթերցողն ինքն իրեն կգտնի, ինքն իրեն հարցեր կտա և կգտնի դրանց պատասխանները:

-Գիրքդ որտե՞ղ է վաճառվում, Արցախու՞մ, երևանյան գրախանութներու՞մ:

-գիրքս վաճառվում է Արցախում, ինչպես նաև կարելի է պատվիրել MYbookstore առցանց գրադարանի միջոցով:

Ժամանակակիցներին այսօր կարդո՞ւմ են:

-ոչ բոլորին:

-Ո՞րն է ամենակարևորը՝ ինքդ քեզնից չհեռանա՞լը, որ կյանքը շարունակվի՞: («միայն թե ինքս ինձնից չհեռանամ, որ կյանքը շարունակվի»):

-թե՛ մեկը և թե՛ մյուսը: կարծում եմ՝ երբ կարողանամ չհեռանալ ինքս ինձնից, կյանքը կշարունակվի: ու եթե կյանքը շարունակվում է, ուրեմն չեմ հեռացել ինձնից:

-Ինչո՞ւ ես փոքրատառով սկսում նախադասություններդ, քերականական կաննոները կոտրելու միտումն ինչո՞վ ես բացատրում:

-դեռ վաղ հասակից շատ եմ գրքեր կարդացել, ու ամեն անգամ մեծատառերն ինձ խորթ են թվացել: ասես տեսողական հիշողությունս ինձ հուշեր, թե տեքստում ինչ-որ սխալ կա: սիրում եմ, երբ տառերը միանման են: նախադասությունը մեծատառով սկսելը կնշանակի նոր մտքի սկիզբ: իսկ իմ հեքիաթը սկիզբ և վերջ չունի:

-Ի՞նչ ես անելու հետո, երբ գիրքդ ապրի իր կյանքով: Գտնի իր ընթերցողին:

-ես նրան բաց կթողնեմ ու կանցնեմ առաջ:

-Զրույցիդ «շարունակութունը» ե՞րբ, որտե՞ղ, ի՞նչ կերպ կլինի:

-զրույցս ուշ կշարունակեմ, գուցե՝ նույն, գուցե՝ այլ հարթակում:

Զրույցը՝ Արմինե Սարգսյանի

No Comments

Leave a Reply