ԳիտաՆյութ Նշան Աբասյան

Հղումներ գրաբարին․ նախդիրների և «-ն» մասնիկի մասին

03.09.2025

Նախդիրների մասին

Նախդիրները գրաբարից մնացած քերականական մասնիկներ են, որոնք ժամանակակից հայոց լեզվում կա՛մ նախածանցի արժեք են ստացել, կա՛մ կապի: Այդ մասնիկներն են՝ առ, զ, ընդ, ըստ, ի, ց։

Առ նախդիրը որոշ դեպքերում գործածվում է կապի նշանակությամբ և գրվում է բառից անջատ, իսկ հիմնականում դրսևորվում է որպես նախածանց, օրինակ՝ առ այն, առ այս, բայց՝ առայսօր, առմիշտ, առօրյա և այլն։

Զ-ն գրվում է արմատից անանջատ, թեպետ արևմտահայերենում պահպանել է նաև քերականական՝ ոչ բառակազմական նշանակությունը՝ զայս, զայն։ 

Ընդ-ը, երբ գործածվում է «հետ» նշանակությամբ, գրվում է բառից անջատ, օրինակ՝ բարին ընդ ձեզ, իսկ մնացած բոլոր դեպքերում՝ արմատին կից՝ ընդմիշտ, ընդհանուր, ընդմիջել։

Ըստ-ը գրվում է բառից անջատ․ ըստ նրա, ըստ ամենայն, ըստ որում, սակայն որոշ բառերում հանդես է գալիս իբրև ածանց, օրինակ՝ ըստգտանք (մեղադրանք, ստգ․՝ մեղք գտնելը՝ նկատելը), անըստգյուտ (անթերի, անբասիր, ստգ․՝ մեղք չգտնելը

Ի-ն արմատից անանջատ է գրվում մի քանի բառում միայն՝ իզուր, իսպառ, իհարկե, բայց՝ ի դեմս, ի հեճուկս, ի դեպ, ի նպաստ, ի մի բերել և այլն։ Գրաբարում ձայնավորով սկսվող բառերից առաջ ի-ն դառնում էր յ և գրվում արդեն բառին կից, այդ պատճառով էլ ժամանակակից հայերենում նման քարացած ձևերն արդեն գրվում են հ-ով՝ հօգուտ, հուրախություն և այլն։

Ց-ն այսօր հանդես է գալիս բացառապես ածանցի դերով և միշտ գրվում է արմատին կից՝ ցայսօր, ցտեսություն, ցպահանջ և այլն։

«Ն» մասնիկը

Գրաբարում շատ բառեր ուղիղ ձևերում ունեցել են մասնիկը, օրինակ՝ բեռն, գառն, գագաթն, դուռն, թոռն, լեռն, ծունկն, հարսն, ձուկն, մատն, մուկն։

Աշխարհաբարում այդ -ն-ն հաճախ վերականգնվում է բառակազմության ժամանակ, օրինակ՝ բեռնափոխադրում, գառնարած, գագաթնաժողով, դռնապան և այլն։ Իսկ հոգնակիների դեպքում ի հայտ է գալիս -ներ վերջավորության առաջին հնչյունի տեսքով՝ դռներ, գառներ, ձկներ, լեռներ և այլն։

Կան բառեր էլ, որոնց հոդն ուղիղ ձևերում պահպանվել է մինչև օրս՝ փոխվելով արդեն ը-ի, օրինակ՝ խառը, սառը, դառը, ինը, տասը։ Այս բառեր բառակազմության ժամանակ նույնպես վերականգնում են -ն․ իննսուն, տասներորդ, խառնաշփոթ, սառնորակ (տասի դեպքում կան բացառություններ՝ տասանոց, տասանորդ, տասի, տասից և այլն)։ Բացի այդ՝ խառը, սառը, դառը, ինը, տասը բառերը, եթե գրվում են ձայնավորով սկսվող բառից առաջ, ստանում են , օրինակ՝ ինն օր, տասն անգամ, սառն արձագանք և այլն։ Պետք է հիշել նաև հետևյալը․ այն բարդ բառերը, որոնք ունեն -ազն, -եղն, -ակն, -ոտն վերջնաբաղադրիչներ, ստանում են -եր վերջավորությունը, օրինակ՝ արքայազն-եր, որմզդեղն-եր, շողակն-եր, հետիոտն-եր և այլն։

Նշան Աբասյան