Արդյոք ՀՀ օրհներգը՝ «Մեր հայրենիք», միայն այսօր և միայն մայր հայրենիքում է հանդիպում դիմադրության և մերժման:
Բնավ ո՛չ:
Դեռևս նախորդ դարի 1930-ականներին հունահայ ակտիվ պարբերականներից մեկում՝ «Վերածնունդ» ազգային, քաղաքական, գրական երկօրյա թերթում, որ տպագրվել է 1937-39թթ. Աթենքում, 24.02.1939-ի համարում քննադատական հոդված է տպագրվել «Հայ ազգային քայլերգը» վերնագրով, որը վերաբերում է Հայաստանի Հանրապետության ներկայիս օրհներգին և արծարծում հենց այսօր չափազանց արդիական խնդիր. այն է՝ «Մեր հայրենիք» երգը բնավ համապատասխան չէ օրհներգ, ազգային քայերգ լինելու, որովհետև այն օտար երաժշտության վրա իտալերենից Մ. Նալբանդյանի կատարած թարգմանության հենքով է ստեղծվել: Ի մասնավորի ասված է, որ «Մեր հայրենիքը» իտալական երգ է, «…որ երբեք հարմարութիւն չունի ազգային քայլերգի մը, եւ որ հայկական հեղինակութիւն մը չէ»: Ապա ասվում է. «Կոմս Էմմանուէլ», այսինքն Մ. Նալպանտեան, «Իտալացի աղջկայ» երգը հայերենի վերածած է, տգիտութեան և խավարի մեջ խարխափող ժողովուրդ մը արթընցնելու նպատակով եւ ոչ թե օր մը հայ ազգի քայլերգ ըլլալու համար ըրած է»: Հոդվածում իբրև ազգային քայերգի նախընտրելի տարբերակ է դիտվում Ղևոնդ Ալիշանի «Բամբ Որոտանը», ինչպես որ այսօր մայր հայրենիքում ոչ քչերը նախապատվություն են տալիս Արամ Խաչատրյանի գրած շարականահենք օրհներգին:
Ժամանակը չէ՞ վերջնական լուծում տալ արդեն գրեթե մեկ դար չարչրկվող կարևորագույն խնդրին:
Կարինե Ռաֆայելյան
No Comments