1․ Օր, ամիս, ժամ, ժամանակ, գիշեր, կեսգիշեր, առավոտ գոյականները՝ որպես ժամանակի միավորներ, պատկանում են վա հոլովման, սակայն կարող են ենթարկվել նաև ի հոլովման․ այդ դեպքում դրանք ավելի «առարկայանում» են, իսկ ժամանակի իմաստը մասամբ խամրում է։ Օրինակ՝
Գեղեցիկ է գիշերի սևսաթ զգեստը։
Այս ի՜նչ օրի հասանք։
2․ Ամառ, ձմեռ բառերը ևս ունեն հոլովական զուգաձևեր․ ամառվա/ամռան, ձմեռվա/ձմռան, բայց այս ձևերն արդեն իմաստային տարբերություններ չեն դրսևորում։
3․ Գարուն և աշուն բառերի գարնանով, աշնանով ձևերը (գործիական հոլով) հանձնարարելի չեն։ Նախընտրելի են այս տարբերակները․ գարունով, աշունով:
4․ Զուգաձևություն ունեն ու հոլովման մի շարք բառեր, օրինակ՝ հայելու/հայելիի, այրու/այրիի, կանաչու/կանաչիի, խեցու/խեցիի ևայլն:
5․ Սկեսուր, տալ, տեգր, բուժքույր բառերը, ոջ հոլովմանը պատկանելով հանդերձ, կարող են ենթարկվել նաև ի հոլովման․ սկեսրոջ/սկեսուրի, տալոջ/տալի, տեգրոջ/տեգրի, բուժքրոջ/բուժքույրի։
6․ Ում ածանցով կազմված որոշ բառեր՝ բեկում, զեկուցում, ծագում, միտում, ուսում և այլն, ենթարկվում են և՛ ան, և՛ ի հոլովման, օր՝. ցասման/ցասումի, բեկման/բեկումի, ծագման/ծագումի, զեկուցման/զեկուցումի:
7․ Աստված բառը ենթարկվում է և՛ ու հոլովման, և՛ ո արտաքին հոլովման․ Աստծու/Աստծո։ Երկրորդ ձևը համարվում է հնաբանություն։
8․ Ձյուն, սյուն, անկյուն, արյուն, անուն բառերը, օրինաչափորեն պատկանելով ա ներքին հոլովման, այդուհանդերձ ենթարկվում են նաև ի հոլովման․ ձյան/ձյունի, սյան/սյունի, անկյան/անկյունի, արյան/արյունի, անվան/անունի: Ուշագրավ է, որ սրանցից անկյան ձևը կիրառվում միայն որպես երկրաչափական տերմին, իսկ տարածության հատված ցույց տալու համար կիրառում ենք բացառապես անկյունի տարբերակը․ «Ինձ մոտեցրու սենյակի անկյունի այն աթոռը»
9․ Տուն և շուն բառերի բացառականը կազմվում է և՛ տրականից, և՛ ուղղականից՝ տանից/տնից, շանից/շնից: Սակայն ավելի գործածական են տնից, շնից կարճ ձևերը:
10․ Կան բառերի հոլովական ձևեր, որոնք գործածվում են միայն հատուկ՝ քարացած կապակցություններում. հուսո առագաստ, պատվո պահակախումբ, մամլո ասուլիս և այլն։
11․ Հոլովական զուգաձևություններ ունեն նաև անձնական դերանունները․ ինձնից—ինձանից, ինձնով—ինձանով, քեզնից—քեզանից, քեզնով—քեզանով, մեզնից—մեզանից, մեզնով—մեզանով, ձեզնից—ձեզանից, ձեզնով—ձեզանով:
Նշան Աբասյան