Հոգեբաններն ասում են, որ մարդու համար ամենահաճելին իր անունը լսելն է, հետևաբար որքա՛ն կարևոր է, թե ինչպե՛ս ենք իրար դիմում։ Մտերիմների շրջանակներում գործածվող դիմելաձևերն իհարկե բազմազան են, հաճախ ջերմ, երբեմն նույնիսկ հումորային։ Բայց մեր այս կոչ-հորդորակը վերաբերում է պաշտոնական դիմելաձևերին։
Հայաստանի մի շարք դպրոցներում (հատկապես նախկինում ռուսական) աշակերտները ուսուցչներին դիմում են ռուսերենին հատուկ անուն-հայրանվամբ (հայոց լեզվի և գրականության ուսուցչին անգամ), օրինակ՝ Արմինե Վաչագանովնա, Կարինե Դերենիկովնա, Տիգրան Սամսոնովիչ և այլն։
Հայերեն պաշտոնական (կամ հարգական) խոսքում բնորոշ է ազգանվամբ դիմելաձևը, որի սկզբում սովորաբար ասվում է՝ պարոն, եթե զրուցակիցը տղամարդ է (գրավոր խոսքում կրճատ՝ պրն.), տիկին, եթե զրուցակիցը կին է (տկն.) և օրիորդ, եթե խոսքն ուղղված է երիտասարդ աղջկա՝ օրիորդի։ Օր.՝ պարոն Անանյան, տիկին Գևորգյան, օրիորդ Վարդանյան և այլն։
Հատկապես ավելի մտերիմ հարաբերության դեպքում երբեմն ազգանվան փոխարեն զրուցակցի անունն է տրվում, օր.՝ պարոն Արտաշես, տիկին Լաուրա, օրիորդ Լուսինե։
Որոշ մարդիկ, խուսափելով ռուսերեն դիմելաձևից, բայց միաժամանակ ցանկանալով անուն-հայրանվամբ ներկայանալ, կիրառում են անուն+հայրանվան հայերեն սեռական հոլովաձևը, օրինակ՝ Արտակ Վարդգեսի, Նաիրա Գեղամի և այլն։ Որքան էլ կառուցվածքային առումով այսպիսի կապակցությունները հայերեն են, սակայն դրանք խորթ են մեր լեզվամտածողությանը և ավանդույթին։
Տարբեր միջավայրերում կարելի է հանդիպել նաև այլ կիրառությունների։ Օրինակ՝ որոշ շրջանակներ պարոն-ի փոխարեն նախընտրում են տիար-ը (տիար Պետրոսյան)։ Ջավախքի հայկական կրթական հաստատություններում ուսուցչին դիմում են հարգելի բառով, օրինակ՝ հարգելի՛ Վարդանյան։
Բերված օրինակները պարզորոշ ցույց են տալիս, որ հայերենը դիմելաձևերի պակաս չունի։ Ուստի լիովին անտեղի է օտար դիմելաձևերին կառչելը։
Այս գրությամբ
ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ՝
պաշտոնական խոսքում զրուցակիցներին դիմելիս հրաժարվել ռուսերեն ձևերից, կիրառել հայերեն ընդունված դիմելաձևերը։
ՀՀ լեզվի կոմիտե
No Comments