«Անտարես» հրատարակչությունը «XXI» մատենաշարով լույս է ընծայել Հովիկ Աֆյանի «Քաղցր կյանք» գիրքը։ «Քաղցր կյանք»-ը հեղինակի չորրորդ գիրքն է։ Շնորհանդեսը տեղի կունենա տարեմուտի մեծ գրավաճառքի շրջանակում դեկտեմբերի 18-ին, ժամը 19:00-ին «Դարան» գրախանութում (Իսահակյան 16 ա)։ Գիրքը հասանելի է ՀՀ ողջ տարածքում, Արցախում, նաև`արտերկրում:
Հատված վեպից
Քաղաքը կամ ժամանակն այդպիսինն էր, որ հայտնի լինելու համար պետք էր ինչ-որ բան վաճառեիր: Օրինակ Սրբոց Նահատակաց փողոցի վրա մութն ընկնելուն պես կանգնող Օլյան ավելի հայտնի էր, քան Նինայի երջանկահիշատակ մարդն ու Լոմոնոսովի անվան պետական համալսարանում նրա ամբողջ կուրսը՝ միասին վերցրած:
Կտորավաճառ Սահակը քաղաքի հայտնի դեմքերից միակն էր, որ քաղաքապետի ընտրություններում պաշտպանում էր Մարիամի թեկնածությունը: Երկու պատճառով: Նախ Մարիամը քաղաքական խոստում էր տվել, որ իր ընտրվելու դեպքում քաղաքում ավելանալու են կանայք: Հայտնի չէ, որն էր Մարիամի այս խոստման հիմքը, համ էլ քաղաքական խոստումները որպես կանոն հիմք չեն ունենում: Իսկ շատ կանայք՝ Սահակի համար նշանակում էին շատ հաճախորդներ, շատ հաճախորդներն էլ շատ փող, շատ փողն էլ Ամերիկայի տոմս, Ամերիկայի տոմսն էլ դրախտի ուղեգիր:
Երկրորդ պատճառը, թե ինչու էր Սահակը պաշտպանում Մարիամին, մաքուր քաղաքային նշանակություն ուներ: Մարիամը՝ քաղաքի համար պատուհասային գերեզմանոցների հարցն առաջարկում էր լուծել, ոչ թե դրանց տարածքն այլ նպատակներով օգտագործելով, այլ դիակիզմամբ: Եւ ոչ միայն: Քանի որ բոլորի տներում իրենց հանգուցյալների նկարները կային, որոնց ըստ վիճակագրական վերջին տվյալների, մարդիկ նայում են օրվա մեջ առնվազն տասը րոպե, իսկ նայելուց հետո գոնե կես ժամ ի վիճակի չեն լինում աշխատել, ապա Մարիամն առաջարկում էր բոլորի տներից հավաքել հանգուցյալների նկարները եւ վառել:
-Բայց չէ՞ որ դա սրբապղծություն է,-ասաց Սահակը, երբ Մարիամն իր քարոզարշավի ժամանակ մտավ Սահակի խանութն ու ներկայացրեց ծրագրի այս կետը:
-Սրբապղծությունը մեռելապաշտությունն է, մանավանդ երբ Աստված ինքն է պատվիրել, որ մարդիկ կուռքեր չսարքեն,-շատ հանգիստ պատասխանեց Մարիամը՝ ավելացնելով,-մենք օրենք կընդունենք, որ այսուհետ յուրաքանչյուր հանգուցյալի պետք է հագցնել նոր զգեստ, ընդ որում նրա ամենասիրելի գույնով, օրինակ երկնագույն, որից հետո նոր միայն պետք է այրել մարմինը՝ հենց զգեստով:
Սահակին դուր եկավ Մարիամի պատասխանը: Նա մտքում հաշվեց, թե որքան եկամուտ կստանա իր կտորի խանութը, եթե բոլոր մեռելատերերն իրենից առեւտուր անեն, ժպտաց եւ դարձավ Մարիամի առաջին ու միակ վստահված անձը:
Մխոն ամբողջ քաղաքը հավաքեց իր շուրջը: Նա հայտարարեց, որ բոլոր նրանք, ովքեր իրեն կընտրեն այլեւս իրեն պարտք չեն լինի, իսկ սա լուրջ խթան էր քաղաքի բնակչության մեծամասնության համար:
Բոքոն Գուգոն նշանակվեց Մխոյի տեղակալ՝ քաղաքի բյուջեի գծով: Ճիշտ է, Մխոն դեռ քաղաքապետ չէր ընտրվել, բայց կարծում էր, որ ազնիվ կլինի, եթե մարդկանց հենց սկզբից ասի, թե իր ընտրվելու դեպքում ով է տնօրինելու քաղաքի փողերը:
Ճակատագրական՝ գերեզմանոցների հարցի հետ կապված Մխոն քարոզարշավի ժամանակ եւ Սոֆիի խորհրդով վերջապես բացահայտեց, թե ինչ այլ նպատակով է առաջարկում օգտագործել այդ հողերը: «Մենք,-հրապարակում գոռաց Մխոն,-աշխատող ժողովուրդ ենք եւ կարեւորը աշխատանքն է: Այդ իսկ պատճառով մենք պատրաստվում ենք օգտագործել այդ հսկայական եւ բերրի հողերը, որոնք այսօր պարապ են: Բոլոր հողերը: Այդ հողերի վրա կաճեն վաղվա պտղատու ծառերը, եւ ինչն ավելի կարեւոր է, այդ հողերի վրա կարածեն մեր ոչխարներն ու գառները, կովերն ու հորթերը: Մենք կդառնանք անասնապահության լուրջ կենտրոն եւ բոլորս աշխատանք ու փող կունենանք եւ միս կուտենք»:
Հրապարակը թնդացել էր ծափերից: Ամբողջ քաղաքը լցվեր էր Մխոյի նախընտրական շտաբը՝ հավատարմության երդում տալու: Այն նույն քաղաքը, որի բնակչության մեծ մասն առեւտրական էր դարձել, այն նույն քաղաքը, որտեղ միսը մարդկանց համար երազանք էր, կամ երազանքը միսն էր, որտեղ գիրք էին բացում, միայն երբ դրա մեջ տատական փող էր մնացած լինում, որտեղ աղոթքն Աստծուն չէր հասնում, քանի որ աղոթողներն իրենք իրենց խոսքերին չէին հավատում, այն նույն քաղաքը, որտեղ բարձրագույն կրթության դիպլոմները կաղ սեղաններն ուղղելու առաքելություն ունեին, որ հաց ուտելիս՝ դրանք չշարժվեն, իսկ ջահելները պարապ ծխում էին, իսկ երեխաները հալեպցի Պետրոսի խանութի մոտ ֆռֆռում, մանավանդ, երբ Պետրոսը խանութի փչացած ապրանքը տանում էր, որ թափի, այն նույն քաղաքը, որտեղ մանուշակների տակ մեռելներ կային եւ դրանց վրա սերն արգելված էր, ուրիշ ցավ ու դարդ չուներ, հարց ու խնդիր չուներ: Միայն գերեզմանները, մեռելները…
Ու չնայած քաղաքի հիմնադրմանը մասնակցած որոշ տարեց մարդիկ համառորեն պնդում էին, թե մեռելներն, ախր, շատ կարեւոր են ողջերի համար, քանի որ դրանք ամուր են դարձնում հայրենի հողը, քաղաքապետի երկու թեկնածուն էլ հրապարակային բանավեճի ժամանակ եկան համաձայնության միայն երկու հարցի շուրջ՝ ժամանակները փոխվել են եւ ողջերին խանգարում են ապրել մեռելները, այդ թվում՝ ֆինանսապես:
No Comments