Ձայնարկու ցեղիս
Մնջախաղացի թեփուկ հագցրած
Եվ մորթվողիս մարմնի զուսպ գալարներից
Ցավի այբուբեն հորինած
Անհոդաբաշխներ, իջեք Աշխարհից…
Եվ մի շուլալվեք
Շումերաշղարշ ոտքիս քանդակին՝
Գաղտնեզերք եմ ես՝ լեռան կուրծք կերած…
Գիշամբոխներ թլիփ,
Իջեք ծիրանենուս գլխագին-ճյուղից՝
Տանուլ տրվելիք աչքերս եմ ջնջում
Ճամփաբաժանում շեղ հորիզոնի,
Եվ հույսս ոսկրիս ահագնավազքն է
Տիեզերքի այս ցնորախաղում…
Անհոդաբաշխներ, ծալապատ գարշեր,
Արթնացումներս հազարապատկած ու վերածած ինձ
Կայծոռիկների մի սահմանադաշտի,
Հսկում եմ, որ դուք ձեր մթնահևքով
Որերորդ անգամ չգաք-չփակեք
Գետերիս լեզուն
Ու Մանուկ-աստծուս չթաղեք անհուշ
Ձեր ավազաձև համատարածում,
Մեր Աստվածները դեռ չեն մոռացել
Հատուցման բոցը մեզ ժառանգելու
Խոստացումն իրենց չառասպելական…
No Comments