Ազդագիր

«Իմ Չարենցը»՝ սահմանապահ համայնքներում

03.11.2021

Հայ ժողովրդի սիրելի բանաստեղծ Եղիշե Չարենցի 125-ամյա հոբելյանական տարվան ընդառաջ՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանը Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի և «Արար» հայ ազգային արվեստի պահպանման կենտրոն ՀԿ-ի հետ համագործակցությամբ նախաձեռնել է «Իմ Չարենցը» նախագիծը։ Նախագծի նպատակն է սահմանապահ համայնքների ստեղծագործ, տաղանդավոր, անկոտրում հանրույթին  մասնակից  դարձնել գրական, մշակութային կյանքին, մասնավորապես՝ Չարենց-125 հոբելյանական տարվան: Այն միտված է տարբեր շնորհներ ունեցող երեխաների և պատանիների շրջանում բացահայտելու Չարենց բանաստեղծին, ստեղծագործող անհատին և յուրօրինակ մարդուն։

Նախագծի մեկնարկը տրվեց Տավուշի մարզի Նոյեմբերյան և Բերդավան սահմանապահ համայնքներում գործող «Արար» կենտրոններից։ Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը, ժողովրդական արվեստների թանգարանի փոխտնօրեն Գայանե Ասլանյանը  և «Արար» Հայ ազգային արվեստի պահպանման կենտրոն ՀԿ նախագահ Արսեն Գրիգորյանը նախագծի մեկնարկին չարենցյան գրքեր նվիրեցին «Արար»-ի սաներին և Բերդավանի մշակույթի տան գրադարանին։ Չարենցի տուն-թանգարանի կողմից ընտրված Չարենցյան գրքերը «Արար» կենտրոնների գրադարանների առաջին գրքերը դարձան։

ՀՀ 6 մարզերում գործող «Արար»-ի 21 կենտրոնների շուրջ 600 սաներ, խորապես ծանոթանալով չարենցյան ստեղծագործություններին, ամբողջ 2022 թվականի ընթացքում կստեղծագործեն չարենցյան ներշնչանքով։

Հոբելյանական տարին կամփոփվի նախագծի ընթացքում ստեղծված լավագույն աշխատանքների ցուցահանդես-միջոցառմամբ։

No Comments

Leave a Reply