Հրատապ

Իմ, քո, բոլորիս մոլորակում

Իմ, քո, բոլորիս մոլորակում

Ո՞վ կա նախկին փոքրիկներից։ 

Իսկ գիտե՞ք, որ հենց  «Բոլոր մեծահասակները սկզբում երեխաներ են եղել, բայց քչերն են այդ մասին հիշում»։  Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի հայտնի միտքը գուցե հենց այն բանալին է, որով կարելի է բացել Գեղագիտության ազգային կենտրոնի Փոքր թատրոնի նոր բեմադրության դուռը։ 

«Փոքրիկ իշխանը» նոր բեմական ընթերցմամբ հայտնվել է Փոքր թատրոնում։  Ռեժիսոր Վահան Բադալյանի մեկնաբանությամբ Էքզյուպերիի հեքիաթային իրականությունը սահուն անցնում է մերօրյա կյանք։ Մոլորակից մոլորակ թափառող տարօրինակ բնակիչները դուրս են գալիս գրքի էջերից. նրանք արտացոլվում են առօրյա վարքում, մարդկային կապերում և անգամ սոցիալական ցանցերի ստեղծած վիրտուալ աշխարհում։ Ներկայացման յուրահատկությունը ընդգրկուն ներառականությունն է։ Բեմում հաշմանդամություն ունեցող և չունեցող արտիստներն են։ Գեղարվեստական ու տեխնիկական լուծումները մշակված են այնպես, որ պատմությունը խոսի տարբեր զգայարանների հետ՝ հնարավորություն տալով յուրաքանչյուրին յուրովի ընկալել այն։

«Այս պատմությունը կարծում եմ յուրաքանչյուրիս համար թանկ է, ամեն մեկն իր երանգավորումներն ու շեշտադրումներն է գտնում այս պատմության մեջ։ Ընդ որում յուրաքանչյուր տարիքում և կյանքի տարբեր փուլերում նոր ձևով ես մեկնաբանում և բացահայտում։ Դե առաջին ամենապարզ բանը, որ սա մեծահասակի և իր ներսի երեխայի հանդիպումն է, որի ընթացքում դու վերլուծում ես քո կյանքի բոլոր բարդ շերտերը, նորից վերադառնալ քո ներկային և փորձել քո ներկայում ապրել հենց քո իրական ներկայությամբ»,- ասում է ԳԱԿ տնօրեն, ռեժիսոր Վահան Բադալյանը։

Ներկայացումը նախատեսված է տասնչորս տարեկանից բարձր հանդիսատեսի համար։ Փոքր թատրոնը շարունակում է ապացուցել, որ մշակութային կյանքը կարող է հասանելի լինել բոլոր արվեստասերներին՝ անկախ ֆիզիկական հնարավորություններից։

«Մենք ավելի քան տասը տարի ներառական պարային խումբ ունենք թատրոնում և այս տարիների ընթացքում առնչվել ենք հաշմանդամություն ունեցող շատ մարդկանց հետ։ Մի փուլում հասկացանք, որ ուզում ենք ստեղծել այնպիսի ներկայացումներ, որտեղ հաշմանդամություն ունեցող և չունեցող արտիստները միասին հանդես կգան բեմում՝ փորձելով կոտրել Հայաստանում ձևավորված կարծրատիպերը։ Հետո սկսեցի հասկանալ, որ ոչ մատչելիության տարբեր խոչընդոտների պատճառով որքան շատ մարդիկ են կտրված մշակութային արտադրանքից։ Եթե մարդն ունի տեսողության կամ լսողության խնդիր, շատ հաճախ սովորական թատերական ներկայացումն ուղղակի հասանելի չէ նրան»,- նշում է Վահան Բադալյանը։ 

Այս մոտեցումն էլ հենց բեմադրության մեջ վերածվել է կոնկրետ լուծումների։ Լսողության խնդիրներ ունեցող հանդիսատեսի համար կիրառվում են ստեղծարար ենթագրեր, որոնք ինտեգրված են դեկորացիաների մեջ՝ ազատելով բեմի վերևում կամ կողքերում տիտրեր փնտրելու անհարմարությունից։ Գլխավոր դերակատարներից մեկը խոսում է ժեստերի լեզվով, իսկ երաժշտության որոշ շեշտադրումներ, դադարներ ու մեղեդային հատվածներ փոխանցվում են վիբրացիայի միջոցով։ Թեև երաժշտության ամբողջ նրբերանգը դժվար է հասցնել, վիբրացիոն լուծումները թույլ են տալիս զգալ ներկայացման ռիթմն ու տրամադրությունը։

Մինչև ներկայացումը մութ սենյակում կազմակերպվող հատուկ շրջայցի ընթացքում տեսողության խնդիրներ ունեցող հանդիսատեսը կարող է շոշափելով ծանոթանալ ներկայացման մեջ օգտագործվող ռեկվիզիտներին, զգեստներին և տարբեր նյութերին՝ նախապես մտովի կառուցելով բեմական պատկերը։

«Փոքրիկ իշխանը» այն բացառիկ ստեղծագործություններից է, որն իր հավերժական ճշմարտություններով շարունակում է մնալ հարազատ ու ճանաչելի տարբեր սերունդների համար։ Սակայն հենց այս համամարդկային ճանաչելիությունն է, որ ռեժիսորին ու թատերախմբին հնարավորություն է տալիս արդեն ծանոթ պատմության միջոցով բարձրացնելու բոլորովին նոր, այսօրվա հանդիսատեսին հուզող հարցեր՝ հիշեցնելով, որ Սենտ-Էքզյուպերիի ուղերձները տասնամյակներ անց էլ չեն կորցնում իրենց արդիականությունը։

Վովա Արզումանյան

Լուսանկարներ և տեսանյութ «Փոքրիկ իշխանը» ներկայացման փորձերից