Արմինե Սարգսյան Կինո

«Երևանն» էլ քաղաքականացված բառ է դառնալու

20.10.2021

Ռեժիսոր Հայկ Բաբայանի հետ զրուցել ենք նրա «Երևանն արցունքներին հավատում էր» ֆիլմի մասին։ Ռեժիսորի հավաստմամբ՝ ֆիլմի աշխատանքներն ավարտական փուլում են, այն շուտով կներկայացվի հանրության դատին։

— Հա՛յկ, «Երևանն արցունքներին հավատում էր» ֆիլմի գաղափարը կար մինչ համավարակն ու պատերազմը։ Մեր երկիրը նոր շրջափուլ է մտել։ Հետպատերազմական իրավիճակ, համավարակի դեմ պայքար։ Ստացվում է՝ ֆիլմը, որի գաղափարը ծնվել է մինչ այս, կարող էր ժամանակավրեպ դառնալ կամ պարզապես նոր մեսիջներ ուղղելու հրամայականի առջև կանգներ։ Ըստ այդմ՝ ֆիլմդ «էվոլյուցիա» ապրե՞ց։

— Ֆիլմը չի կարող իմաստը կորցնել, այն երկար տարիների մտորումների արդյունք է․ գաղափարը, մտահղացումը ձևավորվել են ոչ թե համավարակից կամ պատերազմից առաջ, այլ շատ ավելի վաղ։ Ես առաջին դասարանում էի սովորում, երբ եղավ հոկտեմբերի 27-ի ողբերգությունը, և դա հոգեբանական մեծ ազդեցություն ունեցավ ինձ վրա։ Կան թեմաներ, որոնք մեր երկրում երբեք ժամանակավրեպ չեն դառնում․․․
Ասեմ ավելին՝ ֆիլմը, վերջին դեպքերից հետո, ցավոք, ավելի արդիական դարձավ։ Ֆիլմում տեղ գտած տեքստերը, ենթատեքստերը (սցենարի հեղինակը ես եմ) մեր կյանքն են, մեր առօրյան, մեր ցավը։ Եթե ֆիլմում հնչող երկխոսությունները լսելով՝ մարդիկ ծիծաղեն կամ տխրեն, նշանակում է՝ Երևանը դեռ հավատում է արցունքներին։ 44-օրյա պատերազմից հետո ես համոզվեցի, որ այն ամենը, ինչ գրել եմ, ճշմարտություն է․․․ Հաղթենք, թե պարտվենք, մենք չենք փոխվում՝ այստեղից է գալիս մեր ողբերգությունը։



— Ի՞նչ բարդությունների է հանդիպում ռեժիսորը ֆիլմ նկարահանելիս։ Դերասանների ընտրություն, տեխնիկա, արտադրական պրոցես, ի վերջո, ֆինանսական միջոցներ։

— Ֆիլմերս նկարահանում եմ սեփական միջոցներով ու ընկերներիս աջակցությամբ։ Ֆիլմ նկարահանելն, առհասարակ, բարդ պրոցես է՝ Հայաստանում ապրես, Հնդկաստանում, թե ԱՄՆ-ում։ Բայց կոնկրետ այս ֆիլմի ողջ ընթացքը՝ նախարտադրականից մինչ հետարտադրական փուլը, եղել են շատ բարդ, որովհետև մենք գործ ունենք բարդ թեմայի հետ։ Տեսարաններն ու վերջաբանը բազմաթիվ անգամ փոխվել են։ Այնուհետև դերասանական կազմ ենք ունեցել, նկարահանումներ արել, հետո չի բավարարել, ամեն բան նորից ենք սկսել․․․

— Ֆիլմի հաջողությունը ․․․

— Հաջողությունները, մրցանակներն ինձ չեն հետաքրքրում, ամենամեծ մրցանակը կլինի այն, որ ֆիլմում հնչող մտքերը, երկխոսությունները դառնան թևավոր խոսքեր, տարածում գտնեն։ Եվ դրա հավանականությունը մեծ է, որովհետև յուրաքանչյուր բառի, տողի, մտքի, համար աշխատանք է տարվել, թրեյլերի մեջ արդեն իսկ մարդիկ որսացել են  նման հետաքրքիր մտքեր։ 

— Ֆիլմում առանցքային է հոկտեմբերի 27-ի դիպվածը։ Մեծ հաշվով՝ հայ ժողովրդի նորագույն պատմության ընթացքը և այն, ինչ ունենք այսօր, կանխորոշվել են հենց այդ օրը։ Կա՞ քաղաքական նման ենթատեքստ, առհասարակ, ֆիլմդ կարո՞ղ ենք համարել քաղաքական։

-Ամեն ինչի մեջ էլ կարելի է քաղաքականություն տեսնել։  «Հոկտեմբերի 27» եզրույթն արդեն քաղաքականություն է, եթե նկարահանես ֆիլմ կենդանական աշխարհի մասին, ու ենթադրենք, կենդանիները մոտենան պատին, որի վրա գրված է «Սիրիա» կամ «Ղրիմ», այդ ֆիլմն արդեն քաղաքականացված է։ Եթե այս ձևով մեր կյանքը շարունակվի, ինչ-որ ժամանակ հետո «Երևանն» էլ քաղաքականացված բառ է դառնալու։ Ու դրա մեղավորը բոլորս ենք։ Կարճ ասած՝ ֆիլմն ունի քաղաքական շերտեր, բայց ասել քաղաքականության մասին է, նշանակում է՝ ոչինչ չասել։ 

— Ֆիլմում գրոտեսկային տարրեր նկատեցի, ի՞նչ արձագանք ես ակնկալում, ի՞նչ մտահոգություններ ունես, առհասարակ։

— Հազար մարդ, հազար մտածողություն․․․ ֆիլմ ստեղծելիս երբեք չեմ մտածում՝ ինչպես են արձագանքելու։ Սակայն, նույնիսկ ռեժիսուրան համեղ աղցան դիտարկելու դեպքում, աղը պետք է չափավոր լինի։ Ես սիրում եմ կինեմատոգրաֆում սարկազմը, գրոտեսկը, բայց՝ չափավոր։ Պետք է գիտակցես, որ ֆիլմը նկարահանում ես բոլորի համար, յուրաքանչյուրը պետք է գտնի այստեղ իրեն։ Իսկ հոկտեմբերի 27-ը բոլորիս է վերաբերում։ Նույնիսկ նոր աշխարհ եկած երեխաներին, որովհետև նրանք ապրելու են մի երկրում, որտեղ նման ողբերգություն է տեղի է ունեցել․․․

— Մի հարց էլ՝ ֆիլմից դուրս․ երկար ժամանակ պայքարում էիք «Հայֆիլմի» վերածննդի համար։ «Հայ կինոյի վերածնունդ» նախաձեռնությունն ի՞նչ կետի է հասել։

— Չէի ցանկանա տխուր բաներ ասել, բայց իմ էնտուզիազմը ջարդվել է, արածս ոչ մի բանի համար չեմ զղջացել, բայց նույն ակտիվությամբ նման գործընթացներում այլևս  չեմ ներգրավվի։ Էլ չեմ ասում, որ «Հայֆիլմ» ստուդիայի վերածնունդը մեր երկրի համար այսօր արդեն շքեղություն է թվում, նախկինում՝ հնարավոր էր․․․ բայց և այնպես, Երևանը հավատում էր արցունքներին․․․

Զրույցը՝ Արմինե Սարգսյանի



No Comments

Leave a Reply