Ardi.am-ի զրուցակիցը բանասիրական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ Վահագն Զաքարյանն է։
— Մեր նախորդ զրույցը անցյալ տարի այս ժամանակահատվածում էր, երբ խոսեցինք համավարակի տվյալ փուլում մշակութային հաստատությունների գործունեության մասին: Ի՞նչ կարող ենք արձանագրել մեկ տարի անց:
— Իսկապես աննախադեպ ընթացք էր ոչ միայն մշակութային հաստատությունների, այլ բոլոր ոլորտների գործունեության համար, և այդ ընթացքում յուրաքանչյուր բնագավառում գտնվեցին տվյալ պահի գործունեության բանալիները, ուղիները: Թե որքանով դրանք արդարացրին, դեռ վաղ է ասել, սակայն ինչ վերաբերում է հայաստանյան մշակութային հաստատությունների գործունեությանը, ապա վերջին մի քանի ամիսներին դրանք լիարժեք գործունեության հարթություն չվերադարձան, սակայն աստիճանական առաջընթացը նկատելի էր: Համավարակից հետո ակնկալվում էր որոշակի զգուշավորություն այցելուների, հանդիսատեսի կողմից։ Այդպես էլ եղավ: Կյանքը մինչ համավարակը այլ էր, դրանից հետո արձանագրվեցին գործունեության այլ չափորոշիչներ: Բնականաբար, արվեստի տարբեր ճյուղեր հընթացս գտան նաև համավարակին արձագանքելու իրենց ձևերը: Պետք է արձանագրենք նաև, որ մեծ թիվ կազմեցին բացօթյա ներկայացումները, ցուցադրությունները։ Այս ձևում դրսևորվեցին առավել ճկուն մշակութային հաստատությունները, որոնք կառավարման արագ գործիքակազմի միջոցով կարողացան անգործությունից դուրս գալ և դրսևորման նոր հարթակներ գտնել: Սա փորձություն էր և յուրատեսակ ստուգատես, թե որքանով են մշակութային հաստատությունները ճկուն և ինչպես են արձագանքում ցանկացած աննախադեպ իրավիճակի: Հետագայում նաև 44-օրյա պատերազմի ընթացքում մշակութային հաստատություններից շատերը կարողացան անմասն չմնալ երկրում կատարվող իրադարձություններին, և յուրաքանչյուրն իր հնարավորությունների սահմաններում առավելագույնս մասնակից դառնալ: Այս ամենն առանձին և մանրամասն ուսումնասիրության նյութ է․ անհրաժեշտ է այդ աշխատանքը կատարել, որ ակնառու լինեն այս բնագավառի թերի և առավել կողմերը, ինչն էլ մեծապես կարող է նպաստել մշակութային ոլորտում կառավարման անհրաժեշտ գործիքակազմի ձևավորմանը։
— Այնուամենայնիվ, կարո՞ղ ենք արձանագրել, որ հանդիսատեսի հետ աշխատանքի նոր գործիքներ են անհրաժեշտ։ Ի վերջո, հանրային վայրեր գնալը դեռևս չի խրախուսվում, իսկ առցանց գործունեությամբ պարզապես անհնար կլինի ապահովել մշակութային կառույցի լիարժեք գործունեությունը:
— Այստեղ հանրային կապերի բաժինների գործունեությունը մեծապես կարևորվում է, որպեսզի յուրաքանչյուրն իր բնագավառում գտնի հանդիսատեսի հետ աշխատանքի բոլոր հնարավոր ձևերը: Առցանց գործունեությունը, հետադարձ կապի ուղիները, այն, որ դրանք մեծամասամբ ձևավորվեցին հենց համավարակի ընթացքում, անչափ կարևոր են հետագա գործունեության համար, սակայն պետք է փաստենք, որ միայն առցանց գործունեությունը բավարար չէ մշակութային կառույցների բնականոն աշխատանքի համար: Անցած մեկ տարվա ընթացքում մշակույթի ոլորտում յուրաքանչյուր կառույց ունեցավ մեծաթիվ բացեր, կորուստներ և առաջնահերթ դրանց վերականգնման համար են անհրաժեշտ գտնել համապատասխան ուղիներ: Բոլոր հնարավոր մեխանիզմները պետք է փնտրել և գտնել, տեղայնացված լուծումներ առաջարկել մշակութային յուրաքանչյուր կառույցի համար: Համակարգված աշխատանք է պետք մասնագիտական հատուկ հանձնաժողովների մասնակցությամբ: Դրանք պետք է ձևավորել օր առաջ ու սկսել տեղայնացված աշխատանքը: Ակնկալել, որ առուն իր հունը կգտնի և ժամանակի ընթացքում ի հայտ կգան խնդիրների լուծման բանալիները, այս դեպքում այնքան էլ ճիշտ չէ: Իսկապես, հանդիսատեսի հետ կապը վերականգնելու համար մեծ աշխատանք ունեն անելու մշակութային կառույցների հանրային կապերի բաժինները։
— Իսկ հեռուստատեսությունը կարողացա՞վ համավարակի փուլում դիմակայել առցանց գործունեությանը և, ընդհանրապես, կարո՞ղ ենք արձանագրել, որ հեռուստատեսությունն իր դիրքերը զիջել է համացանցին:
— Մերօրյա հեռուստատեսությունն արդեն իսկ նոր մարտահրավերների առաջ է կանգնած: Բնականաբար, համացանցը էականորեն նպաստում է հեռուստատեսային նոր հաղորդատեսակների, ձևաչափերի ստեղծմանը: Այլ հարց է, թե որքանով ենք կարողանում ճիշտ գնահատել ժամանակի թելադրանքը և համապատասխանաբար արձագանքել: Ի՞նչ ունենք այսօր հեռուստաեթերում, արդյոք այն ձևաչափերը, որ մատուցվում են հեռուստադիտողին, իսկապես կարևոր են, անհրաժեշտ, արժեք ստեղծող: Անգամ մակերեսային ուսումնասիրությունը, ցավոք, հակառակն է փաստում: Ներկայումս հեռուստատեսությունը տուժողի դիրքերում է, որովհետև որոշիչ են դառնում մեկ-երկու անձանց ճաշակը, հանրային կարծիքի որևէ ուսումնասիրություն չի տալիս այն մեխանիզմները, որոնք խորքային վերլուծության արդյունքում կփոխեին այսօրվա եթերի դեմքը և, ի վերջո, պետք է այդ աշխատանքներում ներգրավել արվեստի, գիտության, կրթության, հեռուստատեսային ոլորտի փորձառու մասնագետների: Հեռուստաեթերը փորձադաշտ դարձնելու մոլուցքից պետք է խուսափել, որքան էլ որ քեզ տրվել է այն այս փուլում ղեկավարելու հնարավորությունը: Մենք մշտապես հատուկ կարևորություն ենք տվել հեռուստատեսությանը մեր առօրյայում, համեմատության մեջ առավել շատ ժամանակ ենք անցկացրել հեռուստաէկրանների առջև, քան հետխորհրդային տարածքի որևէ այլ հանրապետությունում է եղել: Ի վերջո, հեռուստաէկրանը մեր իրականության պայմաններում կարևոր կրթա-դաստիարակչական գործառույթ է իրականացրել: Հեռուստատեսությունը գեղագիտական ճաշակ է թելադրել: Այսինքն, հեծանիվ հորինելու կարիք չկա, պարզապես պետք է ժամանակի պահանջներին համընթաց վերականգնել հեռուստատեսության կարևորագույն գործառույթները: Անհեթեթ է հիմնավորումը, թե այսօրվա եթերում մատուցվողը հեռուստադիտողի պահանջն է։ Կարող ենք հակառակը համոզվել՝ պարզապես հեռուստատեսությանը վերադարձնելով գեղագիտական ճաշակ թելադրողի կարևորագույն առաքելությունը:
Զրուցեց Արմինե Սարգսյանը
No Comments