Ինչպես փրկել բարբառները 21-րդ դարում
Գրական լեզուն՝ որպես լեզվի բարձրագույն՝ կանոնարկված ու հղկված դրսևորում, մշտապես սնվում է կենդանի ժողովրդախոսակցական լեզվից ու բարբառներից։ Բարբառը լեզվի աղավաղումը չէ, այլ նրա պատմական հիշողության, բառապաշարի ու մտածողության գանձարանը։
Ինչպե՞ս պահպանել այդ հարստությունը գլոբալիզացիայի և համացանցային տիրապետության մեր դարաշրջանում։ Ահա բարբառների պահպանման 5 ճանապարհ։
1. Թվայնացում և «կենդանի» արխիվացում։ Ավանդական բանահավաքչությանը զուգահեռ նոր ժամանակներում կարելի է ստեղծել բարբառային խոսքի թվային շտեմարաններ՝ պոդքաստներ, աուդիոգրքեր, զրուցարաններ։ Սա թույլ կտա ապագա սերունդներին իմանալ ոչ միայն, թե ինչ է ասվել, այլև թե ինչպես է դա ասվել։Օգտակար կլինեն նաև ինտերակտիվ քարտեզները, որոնց համապատասխան կետին սեղմելով՝ կարելի կլինի լսել տվյալ տարածաշրջանին բնորոշ խոսքը, առած-ասացվածքները և այլն։
2. Ներառում գրականության մեջ։ Բարբառը կարող է ապրել նաև գեղարվեստական գրականության մեջ։ Թումանյանը, Բակունցը, Մաթևոսյանը վարպետորեն օգտագործում էին բարբառային տարրերը իրենց կերպարներին հավաստիություն հաղորդելու համար։ Ժամանակակից գրականությունը ևս այդ միջոցներով կարող է դառնալ առավել «հյութեղ», ստանալ հուզական խորություն։ Ի դեպ, ֆիլմերում և սերիալներում բարբառը չպետք է օգտագործվի միայն հումորային կամ ծաղրական նպատակներով․ դրանցում ևս այն կարող է դառնալ կերպարի ինքնության կարևոր արտահայտություններից։
3. Տեխնոլոգիաներ և արհեստական բանականություն։ Որպեսզի հայոց լեզուն թվային աշխարհում լիարժեքորեն ներկայացված լինի, արհեստական բանականությամբ աշխատող լեզվական համակարգերը պետք է հասկանան ոչ միայն գրական հայերենը, այլև Գյումրու, Արցախի, Լոռու կամ Գավառի խոսվածքները։ Բարբառային տեքստեր մուտքագրելով այդ համակարգեր՝ մենք դրանք կդարձնենք ավելի բնական և «հասկացող» օգնականներ։ Կարելի է ստեղծել նաև հեռախոսային խաղեր ու հետաքրքրաշարժ այլ հավելվածներ, որոնք պատանիներին կսովորեցնեն մոռացված բարբառային բառեր ու դարձվածքներ։
4. Կրթական մոտեցման փոփոխություն։ Դպրոցներում հաճախ բարբառով խոսող երեխային դիտողություն են անում՝ նրա խոսքը համարելով «սխալ» կամ «գեղջկական»։ Մինչդեռ լեզվի ուսուցիչը պետք է խրախուսի «կոդերի փոխարկման» կարողությունը։ Երեխան պետք է իմանա, որ գրական լեզուն պաշտոնական հաղորդակցության համար է, իսկ բարբառը՝ հարազատ, ջերմ միջավայրի։
5. Բրենդավորում և հանրայնացում։ Այս առումով վերջին տարիներին Հայաստանում նկատվում է դրական միտում։ Պատրաստվում են բարբառային թևավոր խոսքերով պայուսակներ, շապիկներ և բաժակներ։ Որոշ կատարողներ նորովի են մշակում հին ժողովրդական երգերը՝ դրանք գրավիչ դարձնելով երիտասարդ սերնդի համար։ Սա լեզվի հարստության պահպանման ամենաարդյունավետ կոմերցիոն եղանակներից է։
Բարբառների պահպանումը ներդրում է ապագայի համար։ Լեզուն, որը կորցնում է իր բարբառները, նմանվում է թորած ջրի․ այն մաքուր է, բայց զուրկ է համից ու կենսական տարրերից։ Պահպանելով բարբառը՝ մենք պահպանում ենք հայերեն լեզվամտածողության բազմազանությունը։
Նշան Աբասյան






