ԳրաԴաշտ Վահագն Ամիրջանյան

Ինչպես սիրել Փինք Ֆլոյդին

06.02.2021

Էն բոլոր քաղաքներում, որտեղ մարդիկ կոնյակ էին խմում, ես և դու գործ չունեինք: Մեր տեղը արվարձաններից մեկում թաքուն տեղակայված մի փաբ էր, որտեղ մարդիկ վիսկի էին խմում: Դե հիշում ես, երևի՝ ես Jack էի խմում, դու՝ Chivas: Լաց էիր լինում, հիշում սիրածիդ, ես էլ ձևացնում էի՝ լսում եմ: Տենց երկար խմում էինք, մյուս կողմից լսում փաբային ռեմիքս արած Ֆլոյդին ու օրներս մեռցնում: Հետո սկսում էի կյանքս պատմել, դու էիր սկսում ծիծաղել (դե ուրիշի ցավը մենք երբենք չենք զգում, էդ նույնը կլինի, որ քեզ ծեծեն, բայց իմ մեջքը ցավի): Շատ երկար խմում էինք: Դու փարվում էիր Ֆլոյդի ձայնին, մարմնովդ սարսուռ էր անցնում, վերարկուիդ տակից կրծքերդ աչքով էին անում ինձ:

Ֆլոյդ չեմ սիրում: Իմը էդ տեսակ երգը չի: Քեզ էի սիրում, ավելի ճիշտ՝ ես սիրել չգիտեմ, ուրիշ ձև էի էդ անում: Քիչ անց սկսում էինք ուսումնասիրել կողքներս իրար լպստող զույգերին, աչքներս չէինք հասցնում կտրել, մեկ էլ լսվում էր մեկի տնքոցը: Դե գիշերային փաբ էր: Ամեն մեկը իր հորմոններին էր պատասխան տալիս, իսկ մենք էստեղ գալիս էինք, որ խմեինք: Բայց մեկ օր էս ամենը՝ իմ ու քո փաբային սերը, իմ ու քո վիսկի խմելը, պետք է ավարտվեր: Էդպես էլ եղավ: Դու եկար էդ գրողի տարած օրը շատ գունատ, մազերդ անհասկանալի ինչ-որ գույն ներկած, քթիդ՝ ինչ-որ երկաթե կտոր ու սկսեցիր միանգամից անհասկանալի կերպով ծիծաղել ու այլևս չխոսել սիրածիդ արածների մասին, իսկ ես էս անգամ ուշադիր էի: Շուրթերդ վստահ շարժելով՝ հայտարարեցիր՝ էսօր պետք է ռոմ խմես: Սիրտս փշրեցիր: Մոռացել էիր՝ ռոմ չեմ սիրում: Մի քանի անգամ փորձել էի նարգիլե ծխելիս, բայց էդ էն կայֆը չի, ինչ ուներ վիսկին, էդ իմ Jack-ը չէր, էդ իմ սրտի հետ չէր տանջվել, էդ իմ հոգու հետ չէր խաղացել: Մի խոսքով՝ քեզ չհասկացա: Սկսեցինք կռվել, բրդեցի քեզ, մի էրկու «քաղցր» բառ ասի, բայց չնեղացար:

Պատվերը եկավ: Սեղանին դրված էր քո՝ տառապանք չտեսած ռոմը ու իմ նույն վիսկին: Աշխարհը քոնն էր, հաստ շուրթերիդ արանքում վառվում էր Bacardi Party Drinks Zombie յուրօրինակ անունով ռոմը, որը շուրթերիդ համը անգամ փոխել էր, գրո՛ղը տանի, էդ ժամանակ դեռ չգիտեի հաստ ու կրակոտ շուրթերիդ համը, մենակ մի իրեք անգամ ձեռքս դրել էի շուրթերիդ, որ լռես, երբեմն պաշտում էի, երբ լռում էիր, երբ լուռ արցունքներդ իջնում էին աչքերիցդ, ընկնում էդ հրաշք բացվածքով շորիդ ամենագեղեցիկ տեղում: Իմ զգացմունքը փաբային սեր էր: Էդ սերը ուրիշ էր, բայց էն ժամանակ, երբ վիսկի էիր խմում, սիրտս քեզ ուրիշ կերպ էր տենչում, իսկ էդ օրը ատում էի, ամեն կումի հետ՝ ավելի ու ավելի, վերջը նորից չդիմացա, ամուր բռնեցի այտերիցդ երկու ձեռքով և բերանումս հավաքված վիսկին լցրի շուրթերիդ արանքը: Էդ ժամանակ էլ զգացի համը, քաղցրությունը, հավիտենականությունը, քո ունեցած Ֆլոյդի համը ատամներիս տակ: Մեկ է, չկարողացա սիրել Ֆլոյդին: Սիրեցի քեզ, քո շուրթերը, քո էդ բացվածքով շորը, բայց չէ՛ ու չէ՛՝ ո՛չ Ֆլոյդին: Նորից չբարկացար, այլ հակառակ արածիս՝ սկսեցիր քո ռոմը փոխանցել իմ շուրթերին: Էլ կողքից չէին երևում իրար լպստող զույգերը, ու կողքից չէր լսվում մեկի տնքոցը, մենակ քո շունչն էր խառնվել իմ շնչին, քո համն էր փոխանցվել իմ բերանի համին: Բայց նոր մազերիդ գույնը, էդ երկաթե կտորը չսիրեցի, քեզ հին կերպարով էի սիրում, էն երկար ու թափված, շեկին խփող մազերդ, էն վիսկիով լցված այտերիդ դողը, էն կուսական աչքերի նայվածքը, անզուգական փոքր ու համով քիթիկդ ու դե էն՝ խելացնոր բացվածքով շորդ: Միայն շորդ չէր փոխվել: Բայց ահա ձեռքերիս մեջ գուրգուրում էի քեզ ու ինքս իմ մեջ հասկանում, որ էս տեսակդ իմ ուզածը չի: Իրար էնքան ամուր էինք գրկել, որ մոռացել էինք ժամանակի, Ֆլոյդի, սեղանին դրված քո՝ տվայտանք չտեսած ռոմի ու իմ՝ կյանքի չարիքները համտեսած վիսկիի մասին: Էդ օրը մենք երկար իրար վայելեցինք: Առավոտյան արթնացանք հյուրանոցի համարում, և դու նորից սկսեցիր լաց լինել, հիշել սիրածիդ: Ես էլ, իհարկե, նորից ուշադիր չէի, քանի որ գիշերը արդեն սերս թաղել էի քո մեջ, իմ փաբային սերը: Մի կողմից հաճույք էի ստանում, որ լացում էիր. չէ՞ որ վիսկին մեր փոխել էիր ռոմի հետ: Էդ ներել չստացվեց: Էդ օրվանից հետո էլ երբեք իրար չտեսանք, փոխվեց ամեն ինչ, դադարեցի սիրել քեզ, քո շուրթերը, քո էդ բացվածքով շորը ու հակառակ բոլորին՝ սկսեցի սիրել Ֆլոյդին:

Երեք ամիս հետո՝ հարսանիքիդ, դու վիսկի խմեցիր, ես էն քեզ գուրգուրած փաբում պատվիրեցի էդ անտեր ռոմը ու առանց նարգիլեի՝ խեղդեցի մեջս: էդ օրը փաբում Ֆլոյդը չերգեց…

Վահագն Ամիրջանյան

No Comments

Leave a Reply