Արձակագիր Ալիս Հովհաննիսյանն օրեր առաջ է վերադարձել Իրանի Իսլամական Հանարապետությունից՝ ճամփորդելով երկրի մի ծայրից մյուսը:
Ardi.am-ի հարցին տրված նրա պատասխանը, թերևս, մի ողջ էսսեի արժեք ունի:
-Տիկի՛ն Ալիս, ո՞րն էր Ձեր ամենամեծ բացահայտումը բազմադարյա պատմություն ունեցող այդ երկրում շրջագայելու ընթացքում:
-Ձեր հարցը կարծես թե կարճ պատասխան է ենթադրում, բայց Իրանում 7 օր շրջած լինելով և տեսնելով, նկատելով, զգալով հազար ու մի բան, դժվար է միանգամից ու ակնարկային արձագանքելը: Ավելի հեշտ կլիներ երևի պատասխանելը, թե ինչն էր, որ անսպասելի չէր, որ անակնկալի չբերեց: Եթե այս հարցը տայիք, միանշանակ կպատասխանեի՝«Այն, որ բոլորս այս մոլորակի բնակիչներ ենք՝ կին, տղամարդ, չադրայի տակ, թե առանց դրա, բարեկրթության տարբեր, բազմազան ու բազմաստիճան դրսևորումներով, մարդկային սերը ամեն ինչից վեր դասող փիլիսոփայությամբ… Նույն մոլորակի վրա գոյություն ունեցող հազար ու մի հարցականներով»:
Ինձ համար անհայտ էր, օրինակ, որ Սուրբ Ստեփանոս Նախավկայի վանքը հենց Արաքսի ափին է գտնվում: Ուրեմն, ավազակների հարձակումից հետո, հոշոտված, ուխտագնաց հայերը, որոնց մասին իբր՝ բժիշկ ներկայացող Րաֆֆին իր «Նամակ Պարսկաստանից» ուղեգրություններից մեկում պատմում է հանգամանալից…
Ափսոս որ այդ օրը Մուհամմեդ Մարգարեի մահվան սգի օրն էր: Իսկ այդ օրերին փակ են լինում բոլոր եկեղեցիներն ու մզկիթները, ամենուրեք սև դրոշներ են ծածանվում և դեռ չեն հանվելու, քանի որ բառացիորեն երկու օր անց մի ուրիշ սգի օր է Պարսկաստանում:
Երբ արդեն Սպահանում էինք, ավարտվում էր սուգը: Դեռ ոչինչ, որ մեր բազմամարդ քայլերթերը հիշեցնող թափորն անցնում էր փողոցներով, բայց ականատեսն ու ունկինդիրը եղանք մի արարողության, որի մասին միայն լսելով հնարավոր չէ կարծիք կազմել: Պետք է դրա ականատեսը լինել անպայման: Մեր հյուրանոցի մոտ, կենտրոնական ճեմուղում հարմարեցված բեմից երգի ու նվագածության ձայն էր տարածվում: Կանգ առա, որ հասկանամ, թե ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ օտար այս երգեցողությունն ինձ վրա: Ընթացքում նայում էի շուրջս քայլող մարդկանց բազմազանությանը: Իսպահանի փողոցը չափից դուրս ջերմ է, մարդիկ, մի մարդ, մի աղջիկ, մի չադրայավոր կին՝ երեխայի ձեռքից բռնած (քիչ չեն նաև երեխաներին գրկի մեջ տանող կամ ձեռքից բռնած երիտասարդ տղամարդիկ), որ քեզ հանկարծ ժպտում են: Պետք էլ չէ իմանալ, թե ինչու հատկապես քեզ ժպտացին և ինչու ժպտացին, երբ բեմից տարածվող տղամարդու լալահառաչ երգը հետզհետե փոխվում է ոչ թե ողբի, այլ՝ լացի… Երգչի տղամարդկային զորեղ երգը հանկարծ վեր է ածվում լացուկոծի: Նայում եմ իմ կողքով անցնող տեղացիների դեմքերին, ուզում եմ հասկանալ՝ նրանց որքա՞ն է այս պահին հուզում Մարգարեի համար հնչող այս աղիողորմ լացը, երբ սուգն էլ կարծես թե արդեն ավարտին է հասել: Որևէ բան կռահելու փորձս իզուր էր: Միայն մի բան էր հաստատ. նրանք սովոր էին այս երևույթին, ինչպես օրվա մեջ մի քանի անգամ մզկիթից հնչող մոլլայի նամազին: Իսկ ինձ թվում էր, թե հիմա ուր որ է կհանդիպեմ երգի ելևէջներին հետևող հոնգուր-հոնգուր լացողների: Սա չխանգարեց, որ հանկարծակիի գայի նաև Սաադիի դամբարանի մոտ կայացած համերգի ժամանակ: Տեղավորվել էինք բացօթյա սրահի աթոռներին, սպասում էինք երտասարդ սև կոստյումներով բարետես երգիչ-երաժիշտներին, որոնց արդեն տեսել էինք ճեմուղիներում: Սկսվեց երգեցողությունը, որից առաջ ասմունքող աղջիկն էր կարդում մեծ գրողի բանաստեղծությունները: Մի քանի տակտից հետո երգչախմբից առանձնացավ մեներգչի հաճելի ձայնը, որը հետզհետե փոխվելու էր ողբի… կյանքիս մեջ երկրորդ անգամ էի լսում տղամարդկային լացախառն երգը… Թերևս հիշեի Նիկոլ Փաշինյանի նկարագրած Ֆլամենկոն: Այստեղ (կուզեի սխալված լինել) սուգի և սևի պաշտամունք գոյություն ունի: Տարվա մեջ մի քանի անգամ սև դրոշակներ ծածանող, կանանց սև թիկնոց-գլխաշորերի տակ պարփակող այս ժողովրդի ստեղծած արվեստի գործերում արևելյան գույների հրավառություն է:
Մզկիթների, պալատների պատերն ու առաստաղները՝ մերթ ճչացող, մերթ նրբագույն երանգավորումով զարդանախշողները կարծես դուրս են թռել գորշ գույների բանտից ու գրեթե հեշտասիրական վերացարկված արվեստ են ստեղծել ծաղիկների ու թռչունների, բլբուլի ու վարդի պատկերներից: Իսկ մեր փառահեղ Սուրբ Թադեի ճերմակ վանքն էլ Սև եկեղեցի են կոչել, ինչ է թե այն կառուցվել է հին, սև քարերից կառուցված եկեղեցու համալիրումով:
Զարմանալի էին նաև տարբեր քաղաքներում տարեց և միջին տարիքի խանութպանների դեմքերը: Դրանցից շատերի վրա կարծես դրվագված է Իրանի ողջ երկարուձիգ պատմությունը: Դրանք Պերսեպոլիսի որմնաքանդակներից էին կարծես քաղված՝ իրենց արածի ու անելիքի խորը, անքնին համոզվածությամբ: Մի բան, որ չես ասի երիտասարդ տղամարդկանց ու կանանց մասին: Տարինե՞րն են նրանց այսպիսին դարձնում, թե՞ սրանք մարդկային հատուկ տեսակ են:
Եվ մի բան էլ ինձ համար շատ կարևոր եղավ: Նասիր օլ Մոլկ մզկիթում առավոտյան արևաողջույնին մասնակցելուց հետո մի պահ մենակ էի մնացել մզկիթի բակում: Ինձ թվաց, թե ես տարիներ շարունակ երազել եմ այսպես մենակ լինել հրաշալի որմնանկարների հետ դեմ հանդիման… ու մի կողմ դրած լուսանկարչական ու տեսախցիկային բոլոր հարմարանքները, սեփական աչքերով, խաղաղ նայել այս վեհաշուք հյուսվածքներին ու չմտածել որևէ բանի մասին: Հասկացա, որ վայելքը նաև այսպիսին է լինում՝ երբ նայում ես, գիտես, որ անսահման չեն քո մեջ այս գեղեցկությունը տեղավորելու հնարավորությունները, և ո՞նց է, հանկարծ գլխի ես ընկնում, որ դրա կարիքը չկա… Այս կերտվածքների հեղինակները պարզապես առատորեն, իրենց սրտի մեծության չափով ողողել են աշխարհը նուրբ, քնքուշ գեղեցիկի առատությամբ… Եվ դու պարտավոր չես դրանից վերցնելու ավելին, քան պետք է այդ պահի ու նաև ապագա քո ամբողջ կյանքի համար:
Հասկացա, որ Իրանի մշակույթը մի զարմանալի հատկություն ունի… Դու կարող ես այն վայելել ու վայելել… չմտածել վերլուծելու, տրամաբանելու, հիշողությանդ մեջ ամրագրելու, կարծիքդ սրա-նրա հետ կիսելու, գնահատանքներ հորինելու, սեթևեթելու մասին:
Եվ էլի շատ բաներ…
Ardi.am
No Comments