Կրեատիվ Արմինե Սարգսյան ԳրաԴաշտ

Իսպաներենից հայերեն թարգմանված ու չթարգմանված գրքերը

23.09.2025

Ardi.am-ի հյուրը թարգմանիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, Երևանի պետական համալսարանի և Բարսելոնայի Պոմպեու Ֆաբրա համալսարանի շրջանավարտ Հասմիկ Ամիրաղյանն է։ Զրուցել ենք իսպաներենից հայերեն և հայերենից իսպաներեն թարգմանությունների, թարգմանական ոլորտում առկա նորությունների ու թերացումների մասին։

-Հասմիկ, ինքներդ ի՞նչ գրքեր եք թարգմանել իսպաներենից։

-Առաջին մեծածավալ աշխատանքս Խորխե Լուիս Բորխեսի՝ «Սարգիս Խաչենց» և «Փրինթինֆո» հրատարակչությունների համատեղ մատենաշարով լույս տեսած «Հավերժության պատմություն» հատորն էր (2016), որն ընդգրկում էր Բորխեսի դասախոսությունների և էսսեների 5 իսպանալեզու, 2 անգլիալեզու ժողովածուների առաջին հայերեն թարգմանությունը։ Այնուհետև թարգմանել եմ արգենտինահայ գրող Պաբլո Քաչաջյանի «Ինչ անել» վիպակը (2017), ժամանակակից արգենտինացի բանաստեղծ Կարլոս Վիտալեի «Տանից դուրս» բանաստեղծական ժողովածուն (2019), իսպանալեզու գրականության ամենահայտնի գրքերից մեկը՝ Խուան Ռամոն Խիմենեսի «Պլատերոն և ես» երկը (2022), միջնադարյան հեղինակ դոն Խուան Մանուելի «Կոմս Լուկանոր» խրատական պատմվածաշարը (2023), իսպանուհի լրագրող Վիրխինիա Մենդոսայի «Քամու վերքերը․ հայկական քրոնիկներ» աշխատությունը (2025)։ Թարգմանել եմ նաև Խուլիո Կորտասարի, Ֆեդերիկո Գարսիա Լորկայի, Գաբրիելա Միստրալի տարբեր գործեր, որոնք տպագրվել են հանդեսներում:

-Ընտրությունն ինչպե՞ս եք կատարում։ Հրատարակիչնե՞րն են առաջարկում, թե՞ ինքներդ եք առաջարկում։

-Առաջին հատորը երջանիկ զուգադիպության արդյունք էր․ ԵՊՀ արտասահմանյան գրականության ամբիոնում մագիստրատուրայի տարիներին, դեռևս հրատարակելու մասին չմտածելով, թարգմանել էի Խորխե Լուիս Բորխեսի «Յոթ երեկո» ժողովածուն, որը մեծ տպավորություն էր թողել ինձ վրա։ Այդ մասին իմանալով՝ դասախոսներիցս մեկը խորհուրդ տվեց թարգմանությունը տանել «Սարգիս Խաչենց» հրատարակչություն, որտեղ ճիշտ նույն ժամանակ փնտրում էին բնագրից Բորխեսի էսսեները թարգմանելու ունակ թարգմանչի։ Այդպես սկսվեց մեր համագործակցությունը, որի շրջանակներում որոշվեց թարգմանել նաև Խիմենեսի «Պլատերոն և ես» և դոն Խուան Մանուելի «Կոմս Լուկանոր» ստեղծագործությունները։ Մյուս գրքերի պարագայում, որոնք բոլորն էլ ժամանակակից հեղինակների գործեր են, թարգմանությունը հրատարակիչներին առաջարկել եմ ես․ Քաչաջյանի «Ինչ անել» վիպակը, Վիտալեի «Տանից դուրս» ժողովածուն և Մենդոսայի «Քամու վերքերը» լույս են տեսել համապատասխանաբար «Արտասահմանյան գրականություն», «Ինքնագիր» հանդեսների և «Ակտուալ արվեստ» հրատարակչության աջակցությամբ։

-Ի՞նչն է առաջնայինը ընտրություն կատարելիս։

-Ընտրություն կատարելիս նախապատվություն եմ տալիս հայերեն երբևէ չթարգմանված գործերին․ առաջին շարժառիթը հայտնվում է այն պահին, երբ ընթերցածս որևէ ստեղծագործություն հուզում է ինձ, և մտածում եմ՝ ի՜նչ ափսոս, որ իսպաներեն չիմացող հարազատներս կամ ընկերներս սա չեն կարող կարդալ։ Բացի այդ՝ «Սարգիս Խաչենց» և «Փրինթինֆո» հրատարակչությունների հետ առաջնություն ենք տվել այնպիսի գործերի, որոնք օժտված են գեղարվեստական բարձր արժեքով և հսկայական հետք են թողել հետագա թե՛ իսպանալեզու, թե՛ համաշխարհային գրականության վրա։ Մյուս՝ ժամանակակից ստեղծագործությունների ընտրությունը պայմանավորված է եղել մի կողմից իսպանալեզու գրական շրջանակներում դրանց վայելած մեծ հաջողությամբ, մյուս կողմից՝ հայ ընթերցողների համար ներկայացրած մասնավոր հետաքրքրությամբ։ Այդպես՝ «Ինչ անել» վիպակի թարգմանությունը հայ ընթերցողներին թույլ է տալիս առաջին անգամ ծանոթանալ Արգենտինայում մեծ համբավ վայելող սփյուռքահայ հեղինակ Պաբլո Քաչաջյանի ստեղծագործությանը, Վիտալեի «Տանից դուրս» ժողովածուի բաժիններից մեկը նվիրված է Հայաստանին, իսկ Մենդոսայի «Քամու վերքերն» ամփոփում է Հայաստանում անցկացրած մեկուկես տարվա քրոնիկները։

Կարո՞ղ եք առանձնացնել հեղինակների, որոնց, կարծում եք, պետք է թարգմանել ու ներկայացնել հայ ընթերցողին:

-Իսպանալեզու գրականությունը երկու տասնյակից ավելի երկրի բազմադարյա կոթողներ ընդգրկող և մեր օրերում էլ հռչակավոր անուններ շռայլող գանձարան է, որի սոսկ փոքր տոկոսն է մինչ այժմ թարգմանվել հայերեն։ Թարգմանության կարոտ գործերի շարքը շատ երկար է՝ XI-XII դարերի ժողովրդական քնարերգությունից և միջնադարյան տրուբադուր-խուգլարների պոեզիայից մինչև Լոպե դե Վեգայի և Կալդերոն դե լա Բարկայի պիեսները, Բեկկերի ռոմանտիկական տաղերից ու լեգենդներից մինչև XIX-XX դարի գրական հսկաներ Միգել դե Ունամունոյի, Խոսե Օրտեգա ի Գասսետի, Խուան Ռամոն Խիմենեսի, Անտոնիո Մաչադոյի, Ֆեդերիկո Գարսիա Լորկայի և այլոց բազմահատոր գործերը։

Առանձին ուշադրության է արժանի Իսպանիայի պաշտոնական մյուս երեք լեզուներով` բասկերեն, գալիսերեն և մանավանդ կատալոներեն հարուստ գրականությունը․ կատալոնական գրականությունից հայերեն թարգմանված միակ գիրքը Մարիա Անխելս Անգլադայի «Արամի հուշատետրն» է` Գրիգոր Ջանիկյանի թարգմանությամբ։ Առանձին ուշադրության են արժանի Լատինական Ամերիկայի տարբեր երկրների ակնառու հեղինակները․ հայ ընթերցողին առավել հայտնի արգենտինացի Բորխեսի կամ Կորտասարի, կոլումբիացի Գաբրիել Գարսիա Մարկեսի շատ գործեր դեռևս մնում են չթարգմանված, չկան նաև Նոբելյան դափնեկիրներ չիլիացի Գաբրիելա Միստրալի և Պաբլո Ներուդայի, մեքսիկացի Օկտավիո Պասի հայերեն տպագիր թարգմանություններ, չի թարգմանվել XXI դարի համաշխարհային գրականության ամենաաղմկահարույց վեպերից մեկը՝ չիլիացի Ռոբերտո Բոլանյոյի «2666»-ը։

-Կա՞ն հայ գրողներ, որոնց գուցե քիչ թե շատ ծանոթ է իսպանալեզու ընթերցողը։

-Ավաղ, շատ քչերն են ծանոթ հայ գրողներին։ Հայաստանով կամ հայ գրականությամբ հետաքրքրվողներին որոշ կարևորագույն գրական կոթողներ, ինչպես «Սասնա ծռեր» էպոսը, Նարեկացու «Մատյանը», հասանելի են անգլերեն թարգմանությամբ։ Ինձ հայտնի բուն իսպաներեն թարգմանությունները հիմնականում կատարվել են կա՛մ հայաստանաբնակ իսպանագետների, կա՛մ Իսպանիայում և Արգենտինայում բնակվող հայ թարգմանիչների կամ պարզապես լեզվակիրների ջանքերով։ Առաջին խմբին են պատկանում, օրինակ, Մերի Սուքիասյանի թարգմանությունները Չարենցի պոեզիայից կամ Թումանյանի հեքիաթները՝ Հասմիկ Բաղդասարյանի թարգմանությամբ։ Երկրորդ խումբն ընդգրկում է «Հայ գրականության անթոլոգիան» (թարգմանիչ՝ Անի Խաչատրյան, Բարսելոնա), Աշոտ Արծրունու «Հայ ժողովրդի պատմությունը» (թարգմանիչ՝ Ռուբեն Արծրունի, Բուենոս Այրես),Րաֆֆու «Կայծերը» (թարգմանիչ՝ Բերգ Աջեմյան, Բուենոս Այրես),«Լեզուն նաև հրդեհ է» բանաստեղծական անթոլոգիան (թարգմանիչ՝ Ալիս Տեր-Ղևոնդյան, Երևան, խմբագիր՝ Աննա Արզումանյան, Բուենոս Այրես), ժամանակակից բանաստեղծ Սլավի Ավիկ Հարությունյանի մի քանի ժողովածու (թարգմանիչ՝ Նարինե Այվազյան, Բարսելոնա)։

Ուշագրավ և եզակի մի հրատարակություն է Դանիել Վարուժանի բանաստեղծությունների «Կարմիր հողը» վերնագրով անթոլոգիան, որն արևմտահայերենից կատալոներեն են թարգմանել բարսելոնաբնակ արգենտինահայ թարգմանչուհի, դասախոս Մարիա Հովհաննեսյանը և կատալոնուհի հայտնի գրող Մարիա Անխելս Անգլադան։

Եթե նկատի առնենք ոչ թե գրական լեզուն, այլ հայկական թեմատիկան, պետք է նշել, որ Իսպանիայում բավականաչափ ճանաչված և սիրված է Վիլյամ Սարոյանի գրականությունը․ նրա ստեղծագործությունները, այդ թվում՝ հայ հերոսներով պատմվածքները, բազմիցս թարգմանվել են և՛ իսպաներեն, և՛ կատալոներեն։

-Ի՞նչ կասեք հայ և իսպանալեզու ընթերցողների տարբերության մասին․․․  պահանջարկ, ընթերցասիրություն․․․

-Պետք է հաշվի առնել հայագիր և իսպանագիր շուկաների ահռելի տարբերությունը․ եթե Հայաստանում գրքերի տպաքանակը 500 օրինակից է, իսպանալեզու երկրներից միայն Իսպանիայում այն գերազանցում է 3500-ը։ Հարկավոր է նշել նաև, որ ժամանակակից ամբողջ աշխարհն առճակատված է նոր տեխնոլոգիաների առաջ բերած մարտահրավերներին․ գրքերի փոխարեն շատերը գերադասում են դրանց ամփոփումները կամ սյուժեն վերապատմող կարճ տեսանյութերը։ Բայց և այնպես, Իսպանիայի գրական ասպարեզը բավականաչափ աշխույժ է․ այդ են վկայում տարեկան մոտ 90 000 նոր հրատարակությունները, հաճախակի շնորհանդեսներն ու փառատոնները։ Ըստ մամուլի հրապարակումների՝ 2025 թ․ ապրիլի 23-ին Կատալոնիայի գլխավոր գրական փառատոնին՝ սուրբ Գևորգի օրը, վաճառվել է 2 միլիոն օրինակ գիրք։ Վերջին տարիներին աշխուժացում է նկատվում նաև Հայաստանի հրատարակչական կյանքում․ բնագրից թարգմանվում են նոր հատորներ, կազմակերպվում են դրանց հանրահռչակմանն ուղղված միջոցառումներ՝ Գրքի երևանյան փառատոնը, Սուրբ թարգմանչաց տոնի, Գիրք նվիրելու օրվա հանդիպումները, պարբերական գիտաժողովներ և զրույցներ բուհերում։ Սակայն քանակական վերոնշյալ մեծ տարբերությամբ պայմանավորված՝ իսպանական հրատարակչություններն ավելի արագ են կազմակերպում համաշխարհային գրականության նորույթների թարգմանությունը, մինչդեռ Հայաստանում դրանք հաճախ երկար տարիներ տարածվում են միայն բնագրի լեզվով։ Մյուս ակնառու տարբերությունը թերևս ժանրային պահանջարկն է․ Հայաստանում տպագրվում են մեծ մասամբ գեղարվեստական արձակ գրքեր, հուշագրություններ, բիզնեսի կամ «անձնական աճի» շուրջ աշխատություններ, բայց քիչ են իմացական տեքստերի, ճանապարհորդական նոթերի, պոեզիայի և թատերական պիեսների թարգմանությունները, որոնք ավելի տարածված են Իսպանիայում։ Ի վերջո՝ կնշեի վերահրատարակությունների պակասը․ Իսպանիայում ընդունված են միջնադարյան և դասական հեղինակների վերահրատարակությունները՝ նորացված լեզվով կամ գոնե լուսաբանող մեկնաբանություններով։ Կարծում եմ՝ հայոց հազար վեց հարյուրամյա գրականության մեջ բազում են անունները, որոնց գործերը կարելի է այս միջոցով փրկել անարդար անուշադրությունից։

-Թարգմանության ոլորտի մերօրյա խնդիրներից ո՞րը կառանձնացնեիք:

-Ակներև նյութական դժվարությունից բացի (չնայած պահանջվող վիթխարի աշխատանքին՝ գրական թարգմանություններն ամբողջ աշխարհում ավելի քիչ են վարձատրվում, քան տեխնիկական կամ իրավական թարգմանությունները)՝ մասնավորապես հայաստանյան խնդիրներից կառանձնացնեի մասնագետների սակավությունը․ մինչ օրս թարգմանությունները երբեմն վստահվում են բնագրի լեզվին չտիրապետող թարգմանչի կամ խմբագրի, սակայն, բարեբախտաբար, վերջին տարիներին միտում կա հրաժարվելու միջնորդավորված թարգմանություններից։ Մյուս պակասող հանգամանքը, կարծում եմ, ոլորտի համակարգումն է։ Իսպանիայում բազմաթիվ են գործակալությունները, որոնց միջոցով հրատարակչությունները կարող են գտնել սկսնակ տաղանդավոր թարգմանիչների, և որոնք, բազմապիսի դրամաշնորհներ հայթայթելով, մեծապես օժանդակում են գրքերի տպագրությանը։ Հայաստանում այդ կառույցը նոր է ձևավորվում, և հրատարակիչները թարգմանիչներին հաճախ փնտրում են պարզապես ծանոթների շրջանում։ Մյուս կողմից՝ պակասում են տեղական դրամաշնորհային ծրագրերը․ թարգմանական ծրագրերի ինձ հայտնի միակ դրամաշնորհը տրվում է սոսկ մինչև 19-րդ դարի ավարտը ստեղծված երկերի թարգմանություններին։ Եվս մի խնդիր, որ կուզեի մատնանշել, լեզվաբան Լոուրենս Վենուտիի եզրույթով ասած՝ թարգմանիչների «անտեսանելիությունն» է։ Տարբեր գրախանութների կայքերում գրքի տվյալների մեջ երբեմն բացակայում է նույնիսկ թարգմանչի անունը․ ցանկալի կլիներ շտկել այդ «անանունությունը»։

-Կարդո՞ւմ են թարգմանիչները միմյանց աշխատանքները/ թարգմանությունները։ Բավարարո՞ւմ են իսպաներենից հայերեն արված թարգմանությունների որակը, լեզուն։

Միշտ սիրով կարդացել եմ դասախոսներիս աշխատանքները, այդ թվում՝ Մերի Սուքիասյանի փայլուն թարգմանությունները Գոնսալո Գուարչի ստեղծագործություններից («Հայկական տոհմածառը», «Հայոց կտակ»), վաղամեռիկ Վահան Սարգսյանի թարգմանած սերվանտեսյան խրատական նովելները։ Մյուս գործընկերներիս թարգմանություններին մանրամասնորեն չեմ ծանոթացել, քանի որ նրանց թարգմանած գործերն ինձ հասանելի են նաև բնագրով, սակայն ամեն անգամ սրտանց ուրախանում եմ նոր հրատարակությունների առթիվ։ Վերջին տարիներին Մերի Սուքիասյանը, Ալիս Տեր-Ղևոնդյանը, Ռուզաննա Պետրոսյանը, Կառա Չոբանյանը բնագրից թարգմանել են իսպանացի և լատինամերիկացի մեծանուն հեղինակների բազմաթիվ արժեքավոր հատորներ։ Հայերեն որոշ թարգմանություններ են լույս տեսել նաև Բարսելոնայում, ինչպես Հայ դատի պաշտպան Խոսե Անտոնիո Գուռիարանի «Ռումբը»` Շուշան Սիրույանի թարգմանությամբ։

-Ընթացքի մե՞ջ է վերջերս կյանքի կոչված «Բորխեսը ակտուալ է» նախագիծը, և ի՞նչ է այն ենթադրում։

-Այժմ հրատարակության է պատրաստվում Բորխեսի պոեզիայի առաջին երկլեզու՝ իսպաներեն-հայերեն ժողովածուն, որի նպատակով կազմակերպվել է «Բորխեսն ակտուալ է» նախագիծը (ուժի մեջ է մինչև հոկտեմբերի սկիզբը)։ Իմ երիտասարդ գործընկեր Սամվել Թավադյանի հետ ընտրել ենք տարատեսակ բանաստեղծություններ 1923-ից 1985 թթ․ լույս տեսած տասնմեկ բանաստեղծական գրքերից, ինչի շնորհիվ ընթերցողներն ամբողջական պատկերացում կստանան տարիների ընթացքում Բորխեսի պոեզիայի գեղարվեստական զարգացման մասին։ Հրատարակությանը հնարավոր է աջակցել հետևյալ հղումով։

-Այլ ծրագրեր․․․

-Շուտով լույս կտեսնի նաև իսպաներենից իմ առաջին թարգմանած կոմիքսը, իսկ գալիք տարի հույս ունեմ պատմելու արձակ և չափածո գործերի ևս մեկ ծավալուն ժողովածուի մասին։

Զրուցեց Արմինե Սարգսյանը