Թուրք-ադրբեջանական ագրեսիան հետ մղելիս քաջաբար զոհվեց Թաթուլ Թովմասյանը: Թաթուլը ծնվել էր 2001-ի նոյեմբերի 19-ին, Արմավիրի մարզի Լենուղի գյուղում: Հերոսը ընտանիքի փոքր, ամենապայծառ ու լուսավոր զավակն էր:
Թաթուլի ինքնատիպ կերպարի մասին զրուցում ենք քրոջ՝ Լիլիթ Թովմասյանի հետ, որը եղբոր մասին առանց ժպիտի չի կարողանում խոսել․ «Թաթուլն անասելի բարի էր, նվիրված, ընկերասեր: Կամեցող էր ու առատաձեռն, սիրված էր բոլորի կողմից, երբեք ոչ մեկի անտեղի չի նեղացրել, եթե նույնիսկ վիճել է մեկի հետ, հետո դրանից տանջվել է»։
Լուսավոր ու կատակասեր տղան շատ է սիրել համեղ սնվել. «Եթե մի քանի րոպե տեսադաշտում չէ երևում, ուրեմն մի համեղ բան վերցրել էր և հյուրասենյակի սեղանի տակ թաքնված ուտում էր․ դա իր թաքստոցն էր»:
«Թաթուլս մեր լույսն էր, մեր ուրախությունը, կյանքը, ու հիմա նրա չլինելու հետ այդ ամենն էլ չկա»․․․ Իրար հետ շատ կապված են եղել, քանի որ, ինչպես Լիլիթն է ասում, տեսակով շատ նման են եղել միմյանց:
Բանակ գնալուց առաջ ժպիտով գրկել է քրոջն ու ասել՝ «մռութդ չկախես, անպայման գալու եմ…»։ Եվ սա նրա միակ խոստումն է, որն այդպես էլ անկատար մնաց:
Լիլիթի ու Թաթուլի մյուս եղբայրը՝ Սմբատը, որ հիմա առաջնագծում է, օրինակ է եղել հերոսի համար. «Մեծ եղբայրս իր համար պաշտամունք էր, միշտ ձգտում էր նրան նմանվել ու ամեն ինչ անում էր, որ Սմբատի համար լավ լինի»:
Թաթուլը միշտ է սիրել հայրենիքն ու երբեք չի թաքցրել այդ սերը․ «Միշտ ասում էր՝ Հայաստանից լավ երկիր չկա, էսքա՜ն ազատ ու էսքա՜ն սիրուն»…
Եկեղեցին, որը Թաթուլը ծառայության ընթացքում լուցկու հատիկներով էր պատրաստել, այդպես էլ ավարտին չհասցրեց․ պատերազմը խանգարեց: Այն պետք է ունենար 5 գմբեթ, որոնք խորհրդանշելու էին իրենց ընտանիքի անդամների թիվը. սակայն Թաթուլը հասցրել էր պատրաստել միայն չորսը, ուղարկել էր տուն և խնդրել, որ մայրը ավարտին հասցնի: Հիմա եկեղեցին Թաթուլենց տանն է՝ իր անկյունում:
Ծառայությունից չի բողոքել, երբեք ձայնի մեջ տագնապ ու անհանգստություն չեն նկատել:
Վերջին անգամ խոսել է հայրիկի հետ, ասել՝ գնում եմ պատերազմ, ավարտից հետո կկարողանանք խոսել: Ասել է՝ որ հիշում է հոր խոսքերը. «Կամ վահանով, կամ վահանի վրա»:
Դեպքը եղել է սեպտեմբերի 29-ին․ Թաթուլը խիզախորեն և անվրեպ խոցել է 5 տանկ ու դասվել մեր անմահ հերոսների շարքին:
Քրոջ համար հերոսի քայլը զարմանալի չի եղել, նա Թաթուլին բոլորից լավ է ճանաչել…
Ասում է՝ ամեն ինչ անելու է, որ կյանքի յուրաքանչյուր պահին արժանի լինի հերոս եղբորը:
«Ես հիմա նրան ուզում եմ ասել, որ ինքը եղել է, կա ու կմնա միշտ մեր մտքերում, մեր սրտերում, մեր ամեն օրվա մեջ: Կուզեի ասել, որ ինքը մեր բոլորի սպասելիքներն իրականացրել է, կասեի, որ իրեն բոլորից ու ամեն ինչից շատ եմ սիրում, ինչպես միշտ է եղել: Կխոնարհվեի իմ եղբոր առաջ, կասեի՝ հպարտ եմ, որ չի փախել, չի հանձնվել, գիտակցել է պահի լրջությունը, տվել է իր կյանքը, ու իր հայրենասեր լինելը մեզ այս աշխարհում դարձրել է ամենահպարտը, բայց միևնույն ժամանակ ամենադժբախտը»…
Նելլի Իգիթյան
No Comments