Օդանավակայանից դուրս եկա ու հասկացա, որ աչքերս օդանավում չէին խաբում․ քամին թարմացրեց հոգնած աչքերս, ու վերջապես ընդունեցի, որ ոչ ավել, ոչ պակաս Գերմանիայի հյուսիսում եմ՝ Համբուրգում։ Երևանից նախ մոտ 4 ժամանոց թռիչք էինք ունեցել դեպի Վիեննա, ապա 1 ժամ ու կես էլ տևեց մինչև Համբուրգ թռիչքը։
Ինչպես միշտ, ճամփորդությունից առաջ չէի քնել, բայց դա որևէ իրավունք չէր տալիս, որ իմ մեկ շաբաթանոց ուսումնական այցը տապալեի։ Ուստի, հոգնածությունից բողոքելուն ժամանակ չտալով, սկսեցի իմ ամենատարբերվող շաբաթը։
«Գերմանիան օրենքի երկիր է» արտահայտությունը լսելը եթե որևէ հատուկ տպավորություն չի թողնում, ապա դա տեսնելը միանգամայն այլ աշխարհ է տեղափոխում։ Կարճ ասած՝ Գերմանիան մի երկիր է, որտեղ հերթը չխախտելու համար կարող ես ուշանալ թռիչքիցդ, որտեղ փողոցում հանկարծակիի չես գա ուղիղ քո դիմացով եկող հեծանիվներից ու ինքնագլորներից, որովհետև իրենք իրենց հատուկ գծերը ունեն և երկիր, որտեղ պայմանավորված ժամից կես ժամ ուշանալը հերոսություն չի․ շարքը երկար շարունակելի է։
Եթե անկանխատեսելի պահերի տեղացող անձրևը ու ցուրտը չես թողնում՝ քեզ խանգարեն, կարողանում ես վայելել Համբուրգն իր գույներով։
Համբուրգն ու Էլբա գետը միասին տարբերվող սիրունություն կազմելուց բացի խոշորագույն նավահանգիստնեից մեկն են Եվրոպայում, ու քաղաքում մի սիրուն հայացք էլ կարող եք գտնել «Landungsbrucken»> կոչվող կառույցին նայելիս․ միանգամից ուշադրությունդ գրավող գերմանական կառույց Էլբայի ֆոնին, որը նավահանգստի ամենամեծ նավամատույցն է։
Դե, էլ ինչ Համբուրգ, առանց « Elbphilharmonie»` Էլբայի մոտ գտնվող ֆիլարմոնիայի շենքի, որը քաղաքի գլխավոր տուրիստական կետերից է և գերմանական ճարտարապետության յուրահատուկ կտոր։
82 մետր երկարությամբ շարժասանդուղքով նախ կարող եք հասնել կառույցի պանորամային պատուհաններին, որը տեսարան է բացում դեպի նավահանգիստ։ Իսկ ճանապարհը այս սանդուղքով շարունակելիս կարող եք հասնել համերգասրահ։ Բացի այդ, շենքում կան բնակելի տներ, գործում է հյուրանոց, ռեստորան, կան նաև խանութներ։
Էլբան տարբեր կետերից դիտելուց բացի կարող եք նավարկել․ քաղաքում հանրային տրանսպորտի միջոց են նաև նավերը, որոնք աշխատում են մի քանի ուղղություններով։
Քաղաքը սիրունացնող մյուս կտորները եկեղեցիներն են, որոնք իրենց ձևում ամփոփում են գերմանական բողոքական եկեղեցու առանձնահատկությունները։ Քաղաքում առանձնանում են հինգ հիմնական եկեղեցիներ։
Եթե մի օր Համբուրգում լինեք, ապա վստահ եմ՝ ձեր աչքից էլ չի վրիպի Սուրբ Նիկոլայի եկեղեցին։ Կառույցն ունի 147 մետր բարձրություն և ամեն մի մետրը արվեստի մի առանձին կտոր է։ Տարբեր ժամանակներում վնասված եկեղեցին 19-րդ դարի վերջնական վերանորոգումից հետո՝ մեր օրերում, իմ տեսախցիկում այսպես հայտնվեց։
Քաղաքի եկեղեցիներից մյուսը ևս տեսանելի Համբուրգի տարբեր անկյուններից, իսկ ավելի մոտ գտնվելիս ուշադրությունդ գրավում է մուտքի հատվածում՝ Սուրբ Միքայելի հաղթանակը Սատանային խորհրդանշող արձանը։ Եկեղեցին կրում է հենց Սուրբ Միքայելի անունը։ Հետաքրքիր շունչ կա նաև ներսում․ սպիտակի ու ոսկեգույնի համադրություն, երգեհոն։
Սուրբ Պետրոսի եկեղեցում էլ հնարավորություն կունենաք զանգակատուն բարձրանալու, բայց սրա համար գոնե երկու ժամ ունեցեք, որ հասցնեք անցնել բոլոր հարկերով։ Քանի որ ես այստեղ եղել եմ Երևան եկող թռիչքիցս մի քանի ժամ առաջ, ինքս դա չհասցրի։
Համբուրգում անցկացրած օրերը բավականին հագեցած էին։ Առավոտյան մեր սեմինարներն էին սկսվում և շարունակվում էին մինչև երեկո, բայց քաղաքը գրավում էր իր տեսարաններով, ուստի ընթացքում բացահայտելը անհնար չէր։ Համբուրգը Գերմանիայում մեծությամբ երկրորդ քաղաքն է մայրաքաղաք Բեռլինից հետո, ուստի քաղաքին ծանոթանալը նախօրոք պլանավորել է պետք։ Եվ որքան էլ համբուրգյան տպավորությունները ձեզ ջերմություն փոխանցեն, մեկնելիս տաք հագուստ և անձրևանոց պարտադիր ունեցեք։
Տաթև Ալիխանյան
No Comments