Հանրային ռադիոն հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ՝ համերգ-դասախոսություն․ փորձարարական ձևաչափ։ Առաջին դասախոսությունը՝ «Ջազային խճանկար»՝ փետրվարի 29-ին՝ ժամը 16-ին:
Բեմական այս նոր ձևաչափը ենթադրում է համերգի, երաժշտագիտական դասախոսության և հանդիսատեսի հետ հարց ու պատասխանի միաձուլում: «Ջազային խճանկարի» ընթացքում Հանրային ռադիոյի Էստադային-սիմֆոնիկ նվագախմբի կենդանի կատարումները մեկնաբանելու են նվագախմբի հիմնադիր, պրոֆեսոր Մարտին Վարդազարյանը և գեղարվեստական ղեկավար Երվանդ Երզնկյանը:
Ներկայացվող ձևաչափի առանձնահատկություններից է նաև այն, որ այս ամենը տեղի է ունենալու ոչ թե համերգասրահում, այլ հենց Հանրային ռադիոյի երաժշտական ձայնագրությունների լեգենդար 6-րդ ստուդիայում, որտեղից դուրս են եկել հայկական ջազի դասական գործերի մեծ մասը:
Ստուդիան բեմական տարածքի վերածելու գաղափարը ոչ միայն թույլ կտա հանդիսատեսին ամենայն խորությամբ ընկղմվելու ջազային պատմության մեջ, այլև կստեղծի մաքուր ակուստիկ երաժշտություն լսելու բացառիկ հնարավորություն՝ առանց համերգային միկրոֆոնների և ուժեղացուցիչների:
No Comments