ԳրաԴաշտ

Կարեն Սմբատյան․ «Պատառիկներ օրագրից» (4)

12.09.2022

Ardi.am-ը ներկայացնում է հատված անվանի նկարիչ Կարեն Սմբատյանի օրագրությունից, որ նա վարել է տարիներ շարունակ։ Դրանցում արվեստագետի խոհերն ու մտորումներն են ամենատարբեր խնդիրների և երևույթների մասին։

7 հոկտեմբեր 1967, Երևան

Ավտոմեքենայի թափքում լավ ջարդվելուց հետո գիշերվա ժամը 4-ին հասանք Նախիջևանի Նորս գյուղը։ Մթության մեջ մեր դիմաց ուրվագծվում էր Սուրբ Երրորդություն եկեղեցին՝ ավերված, անգմբեթ, վիթխարի ճեղքվածքներով ու կիսափուլ․․․ Մեր առաջին հարազատն այս գյուղում, մեր առաջին օթևանը, չնայած վերևի բաց խոռոչներին՝ երկինքը կապում էր ներսի հետ։ Մթության մեջ սկսեցին բոցկլտալ հատուկենտ, ապա տասնյակ ու հարյուրավոր մոմեր, լուսավորելով մթությունը և օդը լցնելով սրբազան բուրմունքով ու լուռ պատարագով։ Ինձ համակել էր ինչ-որ լացկան ու տխուր տրտմություն։ Եկեղեցու գավթում հայրս ցույց տվեց այն գերեզմանը, որտեղ հանգչում են իմ Վաղարշակ պապի ապուպապը՝ Տեր Աբրահամի ոսկորները։ Նրա գերեզմանաքարին հենված- կանգնած է մի հսկա ու փառահեղ խաչքար։ Ահա քիչ ներքում, ուր լույս է երևում, դա միակ հայ ընտանիքն է այս գյուղում։ Իսկ կանայք շարունակում էին իրենց աղոթքներն ու արցունքոտ մրմուջները։ Տղամարդիկ կանգնած էին լուռ ու մռայլ։ Մինչ լույսը կբացվեր, ես վերցրի խուցե անկյունում ընկած մոմակալի տարբեր մասերը, իրար հագցրի ու դրեցի գրպանս։

Լույսը բացվելուն պես գալիս են ծանոթ թուրքերը։ Ես զարմանում եմ նրանց աչքերում տեսնելով ուրախության արցունքներ։ Գրկախառնվում են իրենց հայ համագյուղացիների հետ, լաց լինում։

Քիչ անց իմ պապի պապ Տեր Աբրահամի կողքին բացվում է հանպատրաստից սեղան։ Երկար բաժակաճառեր, բարի ցանկություններ, թուրք գյուղացիների անկեղծ ցանկությունը, թե «Եկեք տեր կանգնեք ձեր հողին, ինչո՞ւ գնացիք»։ Կամ «Երբ եք գալու և այլն»։ Վերջին օրն է, մինչև այն պահը, երբ գյուղական դպրոցի բակում կաթսաների մեջ քլթքլթում էր խաշլաման, կրակների վրա շիկնում էր նոր մորթած ոչխարների խորովածն ու քյաբաբը։ Մեր համագյուղացի ադրբեջանցիները պատրաստվում էին հրաժեշտ տալ մեզ։

Կարեն Սմբատյանի ախատանքները



Ահա ծառի տակ թիկ տված մի ջահել նախրապան դանակով ճյուղ էր տաշում։ Մեջ ընկնելով մի բան ասաց, որից ծիծաղեցին իմ հայրն ու մեր բարեկամներից Գառնիկը, որոնք մի թուրքի հետ խաղաղ զրուցում էին։ Այդ փշուր-փշուր ծիծաղից ես ինչ-որ բան կռահելով Գառնիկից հարցրի, թե ինչ ասաց այդ նախրապանը։

— Ասում է, որ ձեռքիս ճյուղը տաշեմ-վերջացնեմ, հայերիդ պիտի մորթեմ․․․ կատակով․․․ իհարկե,- փորձեց մեղմել Գառնիկը։ Այդ պահին մազերս բիզ-բիզ կանգնեցին ու մոտենալով թուրքին հրամայեցի ոտքի կանգնել։ Վերջինս զգալով, թե ինչ կստանա, եթե ոտքի ելնի, մնաց պառկած, իսկ հայրս զայրանալով ինձ վրա սկսեց․

— Ինչո՞ւ պիտի քեզ բերեի մեզ հետ, ինչո՞ւ, բա որ հանկարծ․․․բա որ հանկարծ, Տեր Աստված, Տեր Աստված․․․

— Ման օլմը,- խեղճացած խոսեց թուրքը,- ման օլըմ, ի՞նչ ես ուզում ինձնից․․․

— Կանգնիր, կասեմ,- շնչակտուր հրամայում եմ նրան։ Այդ պահին մեր զրուցակից թուրքը վազեց ու մեզ մոտ խնդրեց գալ դպրոցի տնօրեն Մահառլամին, մի պատվարժան ու պատկառելի մարդու, որը տարիներ առաջ ավարտել էր Երևանի Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի ադրբեջանական բաժինը և հիանալի խոսում էր հայերեն։ Նա փութկոտ քայլերով մոտենալով նախրապանին՝ պահանջեց անմիջապես հեռանալ և արգելեց նրան մասնակցելու մեր հրաժեշտի քեֆին, սա լուռ ու մունջ գլխիկոր վեր ելավ ու հեռացավ։ Մահառլամը ներողություն խնդրեց մեզանից ու առաջնորդեց դեպի դահլիճ, ուր բացված էին բազում սեղաններ իրենց «ազիզ խոնախներին» ճանապարհ դնելու համար։

No Comments

Leave a Reply