ԳրաԴաշտ

Կարծիք Նունե Սարգսյանի «Երեք վիշապ» գրքի մասին

28.12.2022

Վերջերս հայ ժամանակակից մանկագիրների հրաշապատում երկերը նայելիս` ուշադրությունս գրավեց 2009 թ. հրատարակված վիշապների մասին պատմող մի  ուշագրավ հեքիաթ` Նունե Սարգսյանի «Երեք վիշապը»: Այն Նունե Սարգսյանի` մանուկներին հասցեագրված բազմաթիվ երկերից է: Պատմությունը բացվում է հայկական հեքիաթի ավանդական բանաձևով` լինում է, չի լինում:  Սակայն հեղինակն իր փոքրիկ ընթերցողին պատմում  է ոչ թե հզոր թագավորի կամ գեղեցիկ արքայադստեր, այլ խոր լճի հատակում բնակվող երեք վիշապ եղբայրների մասին:


Նրանցից երկուսն ունեն  գեղեցիկ պուտերով վառ գույնի մաշկ և կարող են մռնչալով վախեցնել լճի ձկներին ու ալեկոծել ջուրը: Կրտսեր վիշապը, ճիշտ հեքիաթի երրրոդ եղբոր նման, զուրկ է այս առավելություններից: Նա անշուք տեսք ունի. մաշկը գորշ է` առանց պուտերի: Բայց անգամ երեխաները գիտեն, որ արտաքինը խաբուսիկ է:  Ավագ եղբայրները նախանձ են ու չար, և կրտսեր եղբայրն է, որ ընտրվում է պատմության գլխավոր հերոս, որովհետև ունի կարեկից սիրտ և սիրում է իր անխոհեմ եղբայրներին: 

Նունե Սարգսյանի այս հետաքրքիր պատմության մեջ խնամքով պահպանված են դասական հեքիաթի բանաձևային կառույցները, սակայն հեղինակը կատարում է յուրատիպ փոփոխություններ կերպարների անձնակազմում և ավանդաբար նրանց հատկացվող գործառույթներում: Նա ստեղծում է վերափոխված  կերպարների մի ամբողջ շարք. վհուկ, որ հոգնել է վախեցնելուց, սև կատու, որ ամենևին դժբախտություն չի բերում, և վիշապ, որ խոնարհ է ու ներողամիտ:    

Հանուն իր փոքրիկ ընթերցողների՝ հեղինակը բնությամբ վայրի վիշապին  հասցնում է մանկանոց` չեզոքացնելով վերջինիս մասին զրույցներին բնորոշ ահազդու տրամադրությունը և փոխակերպելով նրան գրեթե ձեռնասուն մի էակի: Մանկական իր այլ երկերում հեղինակը վիշապներին «շնորհում» է տարբեր գործառույթներ` «ստիպելով» նրանց հանդես գալ որպես  արքունի  դայակ, որը, հեքիաթ պատմելով,` քնեցնում է թագավորի թոռներին  («Թագավորն ու վիշապը»), կամ որպես խելացի ու քաջասիրտ աղջիկների հովանավոր-օգնական («Զմրուխտյա մկրատը»):  

Պատմության շարադրանքն առանձնանում է մանուկներին հասկանալի   ու պարզ լեզվով, հրաշապատում սյուժեին համարժեք դիպուկ բառավորմամբ և պատումի համաչափ ընթացքով: «Երեք վիշապը» հրաշալի գիրք է փոքրիկների ընթերցանության համար: Դյուրընթեռնելի տեքստի, գրավիչ սյուժեի և գրեթե բոլոր էջերին զետեղված վառ նկարազարդումների շնորհիվ հրաշապատում այս գրվածքը հեշտությամբ կարող է հրապուրել փոքրիկ ընթերցողներին ու վայելել նանց սերը:  

Ալվարդ Ջիվանյան
Հովհաննես Թումանյանի
թանգարանի 
հեքիաթագիտության բաժնի ղեկավար,
«Հասկեր» մանկական գրականության
և բանահյուսության 
տարեգրքի գլխավոր խմբագիր

Նկարազարդումները` Ռուբեն Գրիգորյանի

No Comments

Leave a Reply