Սկզբնաղբյուրը՝ «Ճարտարապետություն, շինարարություն» ամսագիր
***
Հարցազրույց Հայաստանի վաստակավոր ճարտարապետ Ասլան Մխիթարյանի հետ
-Վերջին շրջանում բուռն քննարկումներ են գնում կասկադի ավարտմանն ուղղված գործընթացների շուրջ: Նախ՝ այն մասին, թե անավարտ մնացած հատվածն ի՛նչ էր իրենից ներկայացնելու՝ ըստ հեղինակային բնօրինակ նախագծի, որը կազմվել է Ջիմ Թորոսյանի, Սարգիս Գուրզադյանի և ձեր կողմից:
-Ինչպես տեսնում եք՝ վերևում պետք է լիներ ավելի ընդարձակ բակ և դրա վրա՝ Մեծ Հայքի 15 նահանգների զինանշաններով խորհրդանշական սյունաշար, որը կնայեր դեպի օպերան, դեպի քաղաք, և դրանով կավարտվեր այդ բակային, այսպես ասած, ամֆիլադը։ Աշխատանքներն ընդհատվեցին երկրաշարժից հետո և վերսկսվեցին ոչ այն թափով, ինչով պետք է շարունակվեին, հետո եկան քաղաքական փոփոխություններ, անկախացում, խառը ժամանակներ, ու աշխատանքներն անավարտ մնացին։
Բայց ինքը՝ միտքը ավարտուն էր. 50-ամյակի հուշարձան – Կասկադ — Օպերա- Հյուսիսային պողոտա -Հանրապետության Հրապարակ՝ այս առանցքը: Դա մնաց կիսատ, և Աստծուն փառք, որ գոնե Գաֆեսճեանը վերցրեց ու այդ ծավալը, որ գոյություն ուներ և դեռ մշակման աշխատանքներ կային, հասցրեց ավարտին: Այսօր կասկադն ունենք գոնե այդքանը ավարտված վիճակում՝ «Գաֆեսճեան» հիմնադրամի օգնությամբ ու հովանավորությամբ։ Բայց մյուս հատվածը լավ կլինի ավարտվի նույն ոճով և նույն հեղինակային խմբի նախագծով՝ հաշվի առնելով, իհարկե, կասկադի փոփոխված իրավիճակում առկա խնդիրները:
Ուզում եմ հիշեցնել, որ «Երևաննախագծի» նույն արվեստանոցում են նախագծվել Երևանի քաղաքապետարանի շենքը՝ Ջիմ Թորոսյանի և Ռոմիկ Մարտիրոսյանի, մետրոյի «Հանրապետության Հրապարակ» կայարանը՝ Ջիմ Թորոսյանի ու Մկրտիչ Մինասյանի հեղինակությամբ, և երկու աշխատանքներն էլ ստացել են հանրապետության պետական մրցանակ: Այդ կարգի մեծության վարպետի կողմից արված Կասկադ համալիրը, որն այսօր սիրված կենտրոն-զբոսավայր է դարձել քաղաքացիների և զբոսաշրջիկների համար, այսօր ուզում են «արդիականցնել», ինչպես «արդիականացվեցին» մյուս օբյեկտները, որոնք այսօր այլևս չեն կատարում իրենց գործառույթը: Սա միակ կանաչապատ տարածքն է մնացել, որն ուզում են կառուցապատել ու քաղաքն էլի զրկել կանաչից։ Կասկադն այնպես կհանգչի, ինչպես Օղակաձև զբոսայգին, որն այսօր կանաչապատ տարածք չէ, այլ կիսավեր ․․․ Շատ մեծ բարդություններ են լինելու տրանսպորտային խնդիրները լուծելու և, ընդհանրապես, Կասկադը պահելու համար, որովհետև հենց որ այնտեղ դրվեց օտարամուտ մի կառույց՝ այն չի կարող այդ միջավայրին, այդ մարմնին դառնալ հարազատ։
—Ճարտարապետական հանրությունը պնդում է, որ ոչ մի այլ տարբերակ կամ ավելորդ հավելումներ ոչ մեկի կողմից չպետք է լինեն: Որ պետք է իրականացվի այն, ինչի տակ բնօրինակ նախագծի տակ երեք հեղինակների ստորագրությունն է: Ինչպիսի՞ն է ձեր՝ որպես ներկայում գործող հեղինակի դիրքորոշումը: Ի՞նչն է խանգարում, որպեսզի այդպես լինի:
-Հիմա մեր քաղաքը, ինձ թվում է, սննդի կետերով բավականին հագեցած է: Իսկ արվեստի հետ կապված միջոցառումների պակաս չի՞ զգում մեր ազգը, մեր երիտասարդությունը տեղ ունի՞ գնալու։ Մենք մտածում էինք, որ լինեն ցուցասրահներ, համակարգչային դահլիճներ, երաժշտական դահլիճներ, իմաստը լինի գիտական, ու ստեղծագործական կարոտի պակասը լրացվի։ Նախատեսվում էին 800-տեղանոց և ևս մի քանի դահլիճներ, որտեղ երիտասարդները կարողանան հավաքվել, ու ոչ միայն երիտասարդները: Լինի մեծ գրադարան, արվեստի մեծ ֆոնդարան, որ ժողովուրդն այստեղ արվեստի հետ հաղորդակցվի, արվեստասերներն էլ կարողանան հնարավորինս լիարժեքորեն բավարարել իրենց պահանջները։ Եթե կառույցը հասնի իր նպատակին, դառնա արվեստի ու մշակույթի կենտրոն, ինչպես այսօր Լոնդոնի, Չինաստանի գրադարանները, որտեղ ազատ տեղ չի լինում, ժողովուրդը կգնա դեպի մշակույթը, արվեստը: Նա այսօր տեղ չունի գնալու, բոլորն իրենց հեռախոսների մեջ են մնացել։

-Կասկադի վերակառուցման և արդիականացման՝ Երևանի քաղաքապետարանի ծրագրով իրականացվող գործընթացում ձեր՝ որպես համալիրի բնօրինակ նախագծի հեղինակային խմբի անդամի կարծիքը և իրավունքները հաշվի չեն առնվել, ինչի առիթով քաղաքապետարանին ուղղված նամակում իր մտահոգությունն է հայտնել նաև Հայաստանի ճարտարապետների պալատը՝ առաջարկելով նախագծային գործընթացում ընդգրկել Ասլան Մխիթարյանին:
-Ես միայն մեկ բան կարող եմ ասել՝ եթե գոյություն ունի նախագիծ, ախր ինչո՞ւ պետք է մեկ այլ՝ ֆրանսիական նախագիծ լինի. ֆրանսիացիների արած նախագիծը բացարձակ հասցե չունի, այդ նախագիծն ամեն տեղ էլ կարող էր լիներ, բացի Կասկադից, ամեն քաղաքում, ամեն երկրում կարող էր լինել․․․ Այդ նախագիծը դեմք չունի, դա ո՛չ ծովի ափ է, ո՛չ լճի ափ, ո՛չ Բրազիլիա է, ո՛չ էլ Ֆրանսիայի հարավ, դա Երևանն է, ինչո՞ւ ենք այդպիսի բաներ անում։ Համարում ենք, որ մենք Եթովպի՞ա ենք կամ նոր ստեղծված ինչ-որ բան, չտեսած, չզարգացած…

-Կա կարծիք, որ պետք է փոփոխություններ լինեն, որ նույնությամբ հնարավոր չէ կառուցումը շարունակել՝ փոսորակի առկայության և ավելացած կառույցների պատճառով:
-Ամենևին չի համապատասխանում իրականությանը: Հեղինակային նախագիծը հիմա էլ ունի բոլոր հնարավորությունները, մնում է բերել ավարտուն տեսքի։ Երբ նախագիծն անում էինք, փոսորակ չկար, հիմա՝ կա։

Դրա չափսերն այնպիսին են, որ մենք կարողանում ենք այնտեղ ստանալ 15 հազար քմ տարածք, այդ տարածքում կարող ենք անել ամեն ինչ։
—Չշեղվելով հին նախագծի՞ց։
-Բացարձակապես չշեղվելով հին նախագծից, այլ լրացնելով այն: Բայց ոչ թե օտար մարմին բերել՝ խցկել այնտեղ ու ասել, որ դա արդիականացում է։ Եվ մի հարց էլ կարող եմ տալ. և՛ այն ժամանակ, երբ Գաֆեսճյանն՝ ինքն էլ հրաժարվել էր ամերիկացիների նախագծից, և՛ հիմա, երբ ֆրանսիական նախագիծ է մատուցվում՝ ինչո՞ւ նույն պատվերը չի տրվել մեզ: Չէ՞ որ մենք հեղինակներն ենք այդ նախագծի, և նորից եմ շեշտում՝ քաղաքապետարանի շենքն այսօր ինչո՞վ արդիական չի. դա էլ էին փորձում վերևում ապակեպատ անել, այսպես ասած՝ ժամանակից հետ չմնալ, բայց այսօր Երևան քաղաքի ամենաժամանակակից շենքն է: Կասկադն այսօր ժողովրդի կողմից ընդունված տարածք է, ինքն իրենով աշխատում է և ապրում է, ինչո՞ւ ենք ուզում փոխել անպայման։ Արդիականացրին Աբովյան փողոցի մանկական հանրախանութը․15 տարի է արդիականացրել են, աշխատո՞ւմ է։ Կրկեսը աշխատո՞ւմ է։ Արվեստի մոդեռնացնելը ո՛րն է ախր, արվեստը լինում է գեղեցիկ կամ ոչ. ուրիշ կերպ չի լինում։ Հիմա խնդրում եմ նայեք հրապարակից կառավարական շենքի թիկունքում կառուցած շենքերին, ո՞րն է ավելի ժամանակակից․․․
Նորից եմ ասում՝ Թորոսյանի երկու աշխատանքները ստացել են պետական մրցանակ, մնում է՝ հնարավորություն տրվի այս աշխատանքն էլ ավարտին հասցնենք, որ այդ ծավալը կանաչի մեջ նորմալ ավարտվի, ինչպես նախագծվել է։ Մրցանակ պետք չէ, միայն ցանկություն է պետք և կամք:
Ես այսպես եմ մտածում. եթե ես տվյալ ոլորտի մասնագետ չեմ՝ ուրեմն չեմ հասկանում, թող այդ ոլորտով զբաղվեն մասնագետները, բայց այսօր արվեստով, ճարտարապետությամբ, քանդակագործությամբ զբաղվում են ուրիշ մարդիկ, ոչ մասնագետներ: Այդպես չի լինում, այդպես կկործանվենք, թող մասնագետնե՛րը զբաղվեն իրենց խնդիրներով, դրանից միայն լավ կլինի։
Հարցազրույցը՝ Արմինե Սարգսյանի
****
«Կասկադ» համալիրի մասին ամբողջական անդրադարձը՝ ՃՇ ամսագրի 2025 թվականի №1-2 (227-228) համարում
