Իսրայել Ասրյան Կերպարվեստ

Փաստեր «Սև քառակուսու» հետևում կանգնած մարդու մասին

15.04.2024

«Սուպրեմատիզմ» բառն առաջացել է լատիներեն «supremus» բառից, որը նշանակում է «բարձրագույն»։ Կազիմիր Մալևիչի կյանքը, անկասկած, սկսվում է «գերազանցության» դիրքից։ Նա տասնչորս երեխաներից ավագն էր, որոնցից ողջ մնացին միայն ութը։ Արվեստի հանդեպ նրա սերը վաղ հասակից ճանապարհ հարթեց դեպի արարումը, և հետագայում արդեն Մոսկվայի գեղանկարչության ուսումնարանում բոցավառվեց նկարչության հանդեպ սերը։ 

Մալևիչը, որին հաճախ «հանելուկ» էին անվանում, իսկական հեղափոխական էր, և անգամ ռուսական հեղափոխության ժամանակ նա խախտում էր ընդունված մտածելակերպերն ու բացահայտում իրականության՝ նոր, փորձնական ըմբռնումը:

1. Մալևիչի «Սև քառակուսին» պարզապես սև քառակուսի է։

Մալևիչի նկարը մերժում է գեղարվեստի պահպանողական արժեքները և չի ձգտում մարմնավորել իրականությունը. այն պարզապես ծառայում է խավարի անդունդի փոխանցմանը։ Հանդիսատեսին բավարարելու համար չի կատարվել նկարի գեղագիտությունը փոխելու ոչ մի փորձ, և Մալևիչը չի ձգտել գաղտնազերծել ոչ մի խոր իմաստ, որը կարող էր դուրս բերվել անհայտությունից։ Եթե հաշվի չառնենք նկարի մաշվածությունն ու տարիքը, Մալևիչի նկարը մնում է սև քառակուսի՝ ստեղծված բացառապես որպես «արվեստ արվեստի համար»։

2. Նա հայտնագործել է «սուպրեմատիզմ» տերմինը։

1913 թվականին Մալևիչը բացահայտեց աբստրակցիայի մի ուղղություն, որը բաղկացած էր պարզեցված երկրաչափական ձևերից և նոսրացված գունապնակից։ Շրջանագծերը, քառակուսիները, գծերը և ուղղանկյունները պարզապես լողում են սպիտակ դատարկության մեջ, ինչպես վայրկենական մտքերը՝ գլխում։ Նրա կտավները սուպրեմատիկական ուտոպիաներ են ձևավորում և ազատագրում արվեստը «աշխարհի մեռած բեռից»։ Սուպրեմատիզմը ռուսական ավանգարդի կենտրոնական ուղղություններից էր։ Այն ծաղկեց հեղափոխությունից հետո և մարեց Ստալինի իշխանության գալով։

3. Նա բեղմնավոր գրող էր։

Մալևիչն ինքն իրեն արտահայտում էր ինչպես վիզուալ, այնպես էլ գրավոր լեզվով՝ նոր քաղաքական կարգերը բացահայտելով սուպրեմատիզմի տեսական սկզբունքներով։ Նրա գրվածքներն ընդգրկում են «Կուբիզմից և ֆուտուրիզմից դեպի սուպրեմատիզմ» (1915) և «Անառարկա աշխարհ. սուպրեմատիզմի հրովարտակը» (1926)։ Մալևիչը խրախուսում էր ավանգարդային արվեստի տարածումը՝ մարդկանց նոր հոգևոր ոլորտներ տանելու նպատակի և կարողության համար։

4. Նա ձերբակալվել է իր քաղաքական գաղափարախոսությունների համար։

1930 թվականին Մալևիչը ձերբակալվել ու հարցաքննվել էր, իսկ արվեստագետ գործընկերները նրան պաշտպանելու համար այրեցին նրա ձեռագրերն ու էսսեները։

5. Նրա աշխատանքները աշխարհում ամենաշատն են կեղծվում։

2017 թվականին Մալևիչի «Սև ուղղանկյունն ու կարմիր քառակուսին» նկարը, որը գտնվում էր Դյուսելդորֆի պետական հավաքածուում, ճանաչվեց կեղծ։ Մանրակրկիտ ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ այն ստեղծվել է 1955 թվականից հետո։

6. Եթե չլինեին Ժորժ Կոստակիսը և Նիկոլայ Խարջիևը, Մալևիչի աշխատանքների մեծ մասը կոչնչացվեր։

Ժորժ Կոստակիսը և Նիկոլայ Խարջիևը արվեստի կոլեկցիոներներ և Մալևիչի երկրպագուներն էին, որոնք գաղտնի փնտրում և հավաքում էին նկարչի ստեղծագործությունները։ Մալևիչի ձերբակալությունից հետո նրա ստեղծագործությունները առգրավվել ու ոչնչացվել էին՝ իրենց արմատական տեսությունների պատճառով։

7. Չնայած նա «ռուս» նկարիչ էր, բայց ինքն իրեն լեհ էր համարում։

Նա ծնվել էր Ուկրաինայում, ծնողները էթնիկ լեհեր էին, և Մալևիչը խոր կապվածություն ուներ այդ երկրի հետ։

8. Նրա գերեզմանը նշված է «սև քառակուսիով»։

Մալևիչը մահացել է 1935 թվականի մայիսի 15-ին, 57 տարեկանում։ Նշանավորելով նրա կյանքն ու մահը՝ նկարիչ ընկերները, մտավորականությունը նրա գերեզմանն առանձնացրին «Սև քառակուսիով»։

Թարգմանությունը՝ Իսրայել Ասրյանի

Աղբյուր՝ dzen.ru