ՄշակութաԳիծ ԳիտաՆյութ

Կազիմիր Մալևիչ. «Սև քառակուսի». Մեծ քրիստոնեական մշակույթի ստվե՞ր, թե՞ ընտանիքի նոր բանաձևի փնտրտուք` «Ծնող Ա» և «Ծնող Բ»

27.02.2020

20-րդ դարը գեղարվեստական կյանքի հրապարակում հայտնվեց այնպես հանկարծակի և վճռորոշ, որ ոչ ոք չմտածեց հետ նայել դեպի 19-րդը, որը հարևանությամբ էր, և ինչպես մոտակա գարնանային անտառը, պարուրված էր իր խնդիրների ու հաղթանակների շղարշով: 19-րդ դարի արվեստում դեռ կար գեղեցիկի և նրբագեղության ավանդական ընկալումը, բարոյախոսությունը դեռ չէր վերացել, հօդս չէր ցնդել, դեռ կային անցյալի արվեստի հետ շփման կետեր, մի բան, որ չես ասի 20-րդ դարի գեղարվեստական կյանքի մասին: 20-րդ դարն արտբիզնեսի դար էր, մի երևույթ, որ չէր եղել անցյալ ոչ մի դարում: Մեծ առուծախի համար հիմք դարձան կերպավորման արվեստի անհաստատ և ոչ միշտ հասկանալի չափորոշիչները… Միևնույն ժամանակ հենց 19-րդ դարում էին ծնվել 20-րդ դարի շատ ռեֆորմատորներ և փորձարարներ: Նրանք ի հայտ էին եկել շնորհիվ այն բանի, որ կոտրել էին ավանդական ձևը և ձևակերտումի նոր հորիզոններ էին բացել: Բացահայտել էին այն, ինչն իսկապես հետաքրքիր էր` բազմապատիկ անգամ փոխելով թե՛ ձևի, թե՛ կոնցեպցիայի որոնման դիտանկյունը: Դա նոր մոտեցում էր գեղարվեստական մտածողությանը, որը վերջնականապես կասեցրել էր քրիստոնեության գեղարվեստական ուսմունքը` իբրև արվեստի շարժիչ ուժի: Այո՛, 20-րդ դարը դուրս էր եկել ավանդական գեղարվեստական ձևերի սահմաններից, թեպետ իմ մատնանշած նկարիչը ավանդույթների ծիրում էր, և «սև քառակուսին» (գործածում եմ` ոչ միայն իբրև մետաֆոր) աշխարհի գեղարվեստական կյանքի միակ փայլատակումը չէր: Կատարվում էր ամբողջ մշակույթի, նաև ամբողջ կյանքի գլոբալ ինտերնացիոնալացում: Քիփլինգյան բանաձևը հարցականի տակ էր, քանզի Արևելքն ու Արևմուտքը սկսել էին ուշադրությամբ յուրացնել մեկմեկու, սկսել էին հասկանալ, որ առանց փոխըմբռնման և առանց փոխհատուցման չի կարող լինել ապագա: Խոսքը 20-րդ դարասկզբի մասին է. հետագայում Չիլիից մինչև ԱՄՆ, Իրանից մինչև Արաբական էմիրություններ, Չինաստանից մինչև աֆրիկյան երկրներ, Ճապոնիայից մինչև Ավստրալիա ազգային մշակույթները տարվեցին Արևմուտքի էսթետիկայով, հատկապես` նորարար ձևերի յուրացման փուլում: Արևմուտքի ճարտարապետությունն այնքան սիրելի դարձավ Արևելքին, որ գեղարվեստական ձևերի որոշ հարցերում Արևելքը փորձեց առաջ անցնել Արևմուտքից: 20-րդ դարի 30-ական թվականներից Արևմուտքն ու Արևելքը ներքաշվել էին այդ մեծ ինտերնացիոնալ գեղարվեստական սինթեզի մեջ: Քրիստոնեական երաժշտության ծոցից ելած ողջ դասական երաժշտությունն սկսել էր մանրակրկտորեն ուսումնասիրվել և զարգանալ: Հատկապես` կատարողական երաժշտարվեստը: Դիզայնի մասին կարող ենք ասել, որ այն ամբողջովին դուրս էր եկել 20-րդ դարի կերպարվեստից, քանդակագործությունից և ճարտարապետությունից (Բաուխաուզ, Վխուտեմաս-Վխուտեին և այլն) և նվաճել ողջ աշխարհը` հագուստից մինչև կենցաղային պարագաներ, ոսկերչական զարդերից մինչև ավտոմեքենաներ ու ինքնաթիռներ, սննդամթերքից մինչև մասնագիտական արտահագուստ… Ամե՜ն-ամեն բան դիզայնի աչալուրջ ուշադրության ներքո էր: Դիզայնը մարդկանց միավորեց: Այս հանգույցում  առանձնահտուկ դերը ճարտարապետությանն է, որը աշխարհի տարբեր անկյուններ տարավ կենցաղի նորմերը: Մարդկությունն սկսեց գիտակցել, որ ինքը միատեսակ է, թեկուզ և յուրաքանչյուր ժողովուրդ փորձում է ներմուծել անհատական ինչ-որ բան: Որոշ ժողովուրդներ դարձան դիզայնի առաջնորդներ` վերցնելով մշակույթի որոշակի սեգմենտներ: Եվ դա շարունակական գործընթաց է` հետագա գլոբալ սինթեզների համար: Մարդկության գիտակցության և երևակայության կյանքը երակազարկ է հիշեցնում: Ահա այդ նոր փուլում մարդկության կյանքը համընդհանրացնող իրադրության համար էլ հաշվարկված է յուրաքանչյուր ազգի փնտրտուքը գեղարվեստական մեծ սինթեզի ներսում: Դա 20-րդ դարում էր, ու կլինի նաև հետագայում:

….

Առաջնայնությունը եվրոպականին զիջող ռուսական կերպարվեստը հիացմունքի և հիստերիայի սահմանագծին էր` միաժամանակ: Ստեղծվեց մի իրավիճակ, երբ ռուս նկարիչներն սկսեցին արտահայտվել նոր արվեստի` իբրև Ռուսաստանի գեղարվեստական արվեստի վարկը փրկող գործոնի մասին: Նրանք ժամանում էին Մոսկվա կամ Պետերբուրգ, ձևավորում իրենց կապերը, պայծառատեսների նման բարբառում սեփական ճշմարտություններն ու կրկին անհետանում ինչ-որ տեղ: Լիներ դա Վլադիմիր Մայակովսկին, Վելիմիր Խլեբնիկովը, Վսեվոլոդ Մեյերխոլդը, Գեորգի Յակուլովը, թե Կազիմիր Մալևիչը…

….

Սկսած 19-րդ դարից` մանիֆեստները դարձել էին արվեստը հասկանալու կարևոր մաս: Քվինտեսենցիային հասան` սկսած 20-րդ դարի 50-ական թվականներից մինչև 21-րդի 1-ին տասնամյակը, երբ, ըստ էության, ստեղծագործողներն իրենք փոխարինեցին ստեղծագործություններին: Բացի մանիֆեստներից, նկարիչների վարքագծում ի հայտ եկան նաև ուրիշ բնորոշ դրսևորումներ. դրանք են` տրակտատների, աուդիոձայնագրությունների ստեղծում, թատերայնացված ելույթներ և սեփական գեղարվեստական ստեղծագործությունների  բազմակերպ մեկնաբանություններ` նկարների, օբյեկտների, ինստալյացիաների կամ այլ բաների տեսքով: Եվ որքան մոտենում ենք մեր օրերին, այնքան ավելի շատ են նրանք խոսում և գրում` պարզաբանելով իրենց «իմաստուն» մտքերը ոչ թե ստեղծագործական ներշնչանքով ու վարպետությամբ, այլ ինչ-որ «առանձնահատուկ անձնական մոտեցմամբ» սեփական ստեղծագործության առարկային: Այսպես, 20-րդ դարում դեկլարացիաները և մանիֆեստները իրական ստեղծագործությունից ավելի կարևոր դարձան:

….

«Սև քառակուսի». քրիստոնեական մշակույթի ածխացած մարմի՞ն, թե՞ ինտելեկտուալի զարմանք աշխարհի պարզությամբ …. թե՞ փոքրիկ ջրափոս, որն իրեն երկինք է երևակայում, քանզի արտացոլում է նրա մի բեկորը…

Ժամանակի ի՞նչ ծամածռություն է դա, որ բաժին է ընկել 20-րդ դարասկզբի նկարիչներին…

….

Մալևիչը մեկն էր արվեստի դյուրազգաց ռեֆորմատորներից:

….

30-ականներին Մալևիչը տարվեց պրոլետարական թեմայով. այսպես, վերջին նկարը, որի վրա նա աշխատեց, «Պուտիլովյան գործարան»-ն էր:

….

Յուրաքանչյուր 350-500 տարին մեկ մարդկությունը փոխում է իր վերաբերմունքը Ժամանակի և Տարածության նկատմամբ: Տարածության, ինչպես և Ժամանակի նոր հայեցակետը 20-րդ դարում դարձավ որոշիչ մշակույթի, ինչպես և կյանքի մեջ:

….

Կ. Մալևիչ. զգայուն գավառացի: Նա որսաց ժամանակի հովերը և փորձեց ազատություն տալ սեփական անհատականությանը` կերպարվեստի սահմաններից անդին: Նա նպաստեց դիզայնի ծնունդին առավել, քան գեղանկարչությանը:

….

Վրա էր հասել քրիստոնեական մշակույթի մահը: Աթեիստները` ժառանգության հանդեպ վիթխարի ցասումով, դարձան ռեֆորմատորներ և փորձարարներ, նոր մունետիկներ և գուրուներ արվեստում:

….

Եկել էր մարդկային կյանքի իմաստավորման նոր դարաշրջան: Իսկ նկարչի քառակուսիները հպանցիկ միջադադարներ են, կամուրջներ` նոր և հին աշխարհայացքների միջև: Կյանքի, արվեստի ինտերնացիոնալացումը դարձավ վիթխարի խթան` ճանաչելու համար այլ երկրներն ու ժողովուրդներին, համաշխարհային գործընթացում նրանց ներկայությունը: Այսպես, մի կողմից այդ սինթեզի մեջ մտան ճապոնացիներն ու չինացիները, հնդիկները,  մյուս կողմից` հրեաներն ու հայերը:

….

Մալևիչ. մեծ նկարիչ` առանց նկարների: Նա ինքն իր գեղանկարներից, ստեղծագործության վերաբերյալ իր մտքերից առավել կարևոր է: Մալևիչը մեկն է նրանցից, որոնք հնարավոր են դարձրել մշակույթի ինտերնացիոնալացումը:

….

Մալևիչն ինքը մեծ արվեստի ստվերն է, քանզի ո՞վ կանդրադառնա նրա սուպրեմատիզմի մանիֆեստին, եթե նա իր գեղանկարչական գործերով չի համոզում, թե ինքը նշանավոր նկարիչ է: Ժամանակը, երբ նկարիչը բառերով համոզում էր, թե իր նկարները մեծ իմաստ ունեն, անցել էր: Սև քառակուսու իմաստն այն է, որ դա անցյալի արվեստի վերջին մնացուկն է, այն աղբը, որը պետք է թողնել որպես պատմություն, ինչպես, ի դեպ, վարվել էին ֆրանսիացի հեղափոխականները` Բաստիլիան մասնատելով գլաքարերի…

….

Բարոյականությունը կորցրել էր քրիստոնեական կարծրատիպերի սահմանները, և եկել էր ժամանակը, երբ հասարակությանը, որպես բարձրագույն բարիք, հրամցվում էր Ազատությունը: Բայց Ազատության ընտրությունը շատ պատասխանատու փնտրտուք է: Ոչ միայն փնտրտուք է, այլև բնակության ընդունելի միջավայր և սեփական գործողությունների ու պատասխանատվության հանդուրժողական իմաստավորում: Այն փուլում, երբ բարոյականության հանդեպ կողմնորոշումը կրում է մեկ այլ բնույթ, քան հենց նույնիսկ մարդկային կյանքի կենսաբանությունն ու ֆիզիոլոգիան, մենք մուտք ենք գործում Ազատության վտանգավոր եզրագծից ներս. այդ Ազատությունը չի ծնում Արդարություն, այլ պատսպարվում է արդարությամբ… Արդարությունն Իրականի առավել բարդ վերլուծությունն է, քան Ազատության ընկալումը:  Արդարության տարորոշումն ուղղակիորեն կապված է բարձր վարկանիշների հետ, հանուն որոնց արժի համախմբվել…

….

Անսեռ արվեստ կարելի է կոչել այն կազմալուծումը, որը ծնեց անհաշիվ բազմազանությունը ձևերի, մոտեցումների, հայեցակետերի, ռակուրսների ու դրանց մեկնաբանությունների, որը վերապրել ենք մենք 20-րդ դարում: Եվ հիմա դեռ տեսնում ենք դրա հոգեվարքը: «Ա ծնողների» և «Բ ծնողների» են ուզում վերածել արվեստը` ծնված ոչ պաթոլոգիկ հիվանդ ուղեղից, այլ Ռաֆայելի, Ռեմբրանտի, Գոյայի, Դեգայի, Վան Գոգի, Պիկասոյի, Մատիսի, Վելասկեսի, Տիցիանի, Կարավաջոյի, Բրեգելի (Ավագի), Ռուոյի, Սարյանի, Օրոսկոյի, Սուրիկովի, Կրանախի, Ժերիկոյի, Ցի Բայ Շիի և էլի հազար-հազարավոր մեծ, բայց անանուն վարպետների կենդանի միսուարյունից… Եվ այս ցուցակն անսպառ է. քանզի միսուարյունը մեզ տրված է ոչ միայն տռփոտ վայելքների համար, այլև սիրո, որում մարդկային Ցեղի շարունակությունն է` գերագույն նպատակը:

Հեղինակ՝ Ռուբեն Անգալադյան

Ռուսերեն բնագրից թարգմանությունը՝ Կարինե Ռաֆայելյանի

No Comments

Leave a Reply