Կ․Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը շարունակում է հեռավար աշխատանքը։ Մայիսի 5-ին, ժամը 20:00-ին թատրոնի ֆեյսբուքյան պաշտոնական էջում կցուցադրվի ըստ Ֆ․Մ․ Դոստոևսկու համանուն վեպի «Խեղճ մարդիկ» պիեսը՝ թատերականացված ընթերցում ձևաչափով՝ Մանվել Խաչատրյանի ռեժիսուրայով։
«Խեղճ մարդիկ» ներկայացման առաջնախաղը նախատեսված էր թատրոնի փոքր բեմում՝ ապրիլի 21-22 -ին, սակայն հասկանալի պատճառներով բեմադրական աշխատանքները դադարեցվել են։
Ներկայացման մեջ խաղում են թատրոնի դերասաններ Մանվել Խաչատրյանն ու Լիլիա Մուկուչյանը, ով նաև պիեսի բեմականացման հեղինակն է։
Վիդիոտեսագրությունն իրականացրել է թատրոնի լուսա- և տեսանկարահանման ստուդիայի պատասխանատու Գարիկ Մանուկյանը։
Աշխարհահռչակ ռուս արձակագիր Ֆյոդոր Դոստոևսկին ծնվել է Մոսկվայում: 1843թ.-ին ավարտել է Սանկտ Պետերբուրգի ռազմաճարտարագիտական ուսումնարանը: «Խեղճ մարդիկ» (1846թ.) առաջին վիպակով արժանացել է հասարակության ուշադրությանը: Վեպի նամակներով ձևը թույլ է տվել հեղինակին փոխանցել ինքնաբացահայտող հերոսների հոգեբանության նուրբ երանգները:
Դոստոևսկու գեղագիտական հայացքներն ու գաղափարները մեծ ազդեցություն են ունեցել ռուս և համաշխարհային գրականության, այդ թվում` հայ հոգեբանական արձակի վրա:
No Comments