Թատրոն Վովա Արզումանյան

Լույսին սպասելով. «Հե՜յ, ո՞վ կա» ներկայացման ստվերոտ հետքը

15.12.2023

-Որտեղի՞ց է սկսում սերը։ Որտե՞ղ է կանգ առնում մարդն ու փնտրում ինքն իրեն։

-Որտեղից և սկիզբ է առնում գիտակցությունը, վճռականությունն ու հաստատակամությունը։

-Իսկ ո՞վ է գտնում այդ ամենը։

-Կյանքում կորցնողն ու գտնողը մարդն է։

Երկխոսողները կյանքից պոկված ստվերներն են, որոնք ստեղծում են պատմություն՝ ապրելով ու ապրելու մղումով։ Նրանք իրականում խոսում են լռությամբ և շարժումներով, ապրում են Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Ուսանողական թատրոնի բեմում։ Ժամանակակից թատերարվեստի արտահայտաչատարրերով և ժամանակակից միտումներով բեմադրված «Հե՜յ, ո՞վ կա» ստվերային ներկայացումը Վիլյամ Սարոյանի ստեղծագործությունը նոր պատկերացումներով է վերարտադրել բեմական տարածությունում։

Ներկայացման բեմադրիչ Հակոբ Մարկոսյանի ռեժիսորական մտածողությունը ինքնատիպ է։ Նախ այն, որ  «Հե՜յ, ո՞վ կա» ստվերային ներկայացումը բեմադրել է ոչ թե Սարոյանի ստեղծագործության մոտիվներով, այլ այդ պիեսից ստացած տպավորության հիման վրա, արդեն իսկ փաստում է ստեղծագործական յուրահատուկ մոտեցման մասին։ Նպատակն, իհարկե, ֆանտասմագորիան է՝ հիմնված ներքին անհրաժեշտության վրա։ Այստեղ սերը, ուժը, բարությունը միջոցներ են։ Իսկ կենտրոնում մարդն է՝ իր ներքին ուժով և թուլությամբ, հաղթանակներով ու պարտություններով։

Ներկայացման մեջ աղջիկը խոհարարուհի է։ Ստվեր դարձած խոհարարական պարագաներն ակտիվ օգտագործվելով՝ բեմում դառնում են հիմնական միջոցներ և օգտագործվում են ներկայացման ամենատարբեր իրավիճակներում։

Մե՛կ բանտարկված, մե՛կ՝ դեպի գիրկը թռչող մարմին, բացականչություններ՝ հե՜յ, ո՞վ կա, գոլորշիացող հոգիներ՝ սպասման մեջ պայքարող, պայքարում՝ սպասող։ Վազք դեպի անհայտություն, որտեղ սպասում է սերը և որտեղ չի սպասում ոչ ոք։ Փնտրտուքներ, ազատության տենչ, բանտարկված հույզեր։ Այս ներկայացումը մարդու ներքին որոնումների և  ինքն իրեն հաղթահարման ճանապարհի մասին է։

Այս ակտիվ «ստվերաշարժին» մասնակցող տեսարաններից յուրաքանչյուրի համար մենք կարող ենք ավելի շատ գեղագիտական տրամաբանություն փնտրել, եթե պլաստիկական լուծումները մղվեին առաջին պլան և որոշ դեպքերում դերակատարները (դերասաններ Ինեսա Խաչատրյան, Գարիկ Խաչատուրյան) չներկայանային պարային շարժումներով՝ փոքր-ինչ խաթարելով ներկայացման տեմպառիթմը:

Նկատենք, որ ստվերային թատրոնի գեղագիտության շուրջ աշխատելը սկզբունքորեն փոխում է նաև ռեժիսորական մտահղացման երևակայական ընթացքը։ Օրինակ՝ լուսային կատարող դերասանի (Նարե Ավագյան) առկայությունը ներկայացման մեջ հնարավորություն է տալիս գործող կերպարների ստվերները, ինչպես նաև առարկաների պատկերները մեծացնել և փոքրացնել՝ միաժամանակ ստեղծելով տրամադրություն ու միջավայր։ Անխոս հերոսներն  իրենց շարժումներով  փոխահարաբերվելով՝ վերահաստատում են Սարոյանական պոետիկայի ու կենսափիլիսոփայության բացարձակությունը։

Առհասարակ Հակոբի ռեժիսորական ձեռագրի առումով՝ նշենք, որ այն սիրում է կապել տարատեսակ հղումներով անձնական ապրումները ներանձնական նպատակների հետ: Այսպես, ուշադիր լինելով, կարելի է գտնել կապակցման կետերն ու տեսնել ամբողջ ներկայացումն այլ տեսանկյունից:

Ներկայացման ընթացքում, երբ կարծես հերոսները հասնում են իրենց տենչած ազատությանը, կրկին ամեն ինչ հարաբերականորեն փոխվում է և հակառակ էֆեկտ ստանում։ Աղջիկը նորից փակվելով՝ մի կարևոր բանաձևում է ենթադրելի դարձնում` հուսահատությունը երբեմն կարող է մարդ ինքն իր դեմ օգտագործել։

Անդրադառնանք նաև երաժշտությանը։ Իտալացի կոմպոզիտոր Լյուդովիկո Այնաուդիի երաժշտությունն ապահովում է ներկայացման ներքին զարգացումն ու բովանդակության ամբողջությունը։ Ռեժիսորը պատահականորեն չի ընտրել այս կոմպոզիտորին, որի մեղեդին գրավիչ է և չհոգնեցնող, հանգիստ ու եթերային։

«Հե՜յ, ո՞վ կա» ստվերային  ներկայացումը գեղագիտական տրամադրություն է պարգևում և ձգտում է ավարտունության՝ ինչ-որ տարածքում լույս փնտրելով։ Գուցե երկրի վրա․․․ Գուցե մարդու ներսում։ Կամ ստվերված իրականության աչքերի մեջ։

Ստվերում ապրող մարդուն նույնպես լույս է պետք․․․

Իսկ Ապոլոնը երևի թե անցել է այս ներկայացման կողքով․․․

Վովա Արզումանյան

Հ.Գ. «Հե՜յ, ո՞վ կա» ներկայացման պրոդյուսերը Դավիթ Ջինանյանն է։ Այս ներկայացումը վստահորեն շարունակելու է փառատոնային ճամփորդությունը։

No Comments

Leave a Reply