ԳրաԴաշտ Մարինե Թաթոյան

Մարինե Թաթոյան․ Սովորական եղանակ

15.10.2022

Ոլորապտույտ ճանապարհը բաժանել է կյանքը մահից, անցյալը՝ ապագայից, եսը՝ մենքից, միտքը՝ անմտությունից ու… ցավը՝ անուրջից։ Հայրենիքը քարե սիրտ է` սառն ու ամեն օր փշրվող… մեր ձեռքերում։ Եսը մասնատվող մենք ու ճերմակ լռություն է այսուհետ։

Հիշում եմ… սա սառած աչքերի արտահայտություն է։ Սառած, որովհետև սպասում է լորի փետուրների նման գունավոր աշնան մեղեդու։ Իսկ աշունը սառավ մեր աչքերում, երբ մորթվում էինք ու արյունաքամ հայացքներով ըմբոշխնում խաղաղ օրվա անշտապ կարոտը։ Աշունը դառը հավատ դարձավ ուրացողի ցամաքած սրտի գունատ զարկերակին։ Աշունը երկարող նինջ է այսուհետ… կարմիր ու ճերմակ դառը նինջ..․։ Աշունը ոսկեվոր ցնորքից, վճիտ խշշոցից ու լուրթ, սառը ջերմությունից վերածվեց չսպիացող ժամանակի։ Դարձավ սովորական եղանակ, երբ ամեն անհեթեթ բան հնարավոր է, ընդհուպ հայրենիք կորցնել ու կորցնել… կյանքի քո ժամանակը..․։

Նորից եղանակի ու ժամանակի վերածվող անգույն, արյունաքամ աշուն…

Նորից երկրագնդի վրա որպես տարածք ու տեղ նշանակող հայրենիք։ Նորից բացակա մարդկանց հուշեր ու լուսանկարներ, որոնք ազգություն ու թիրախ են այսուհետ։ Որոնք նժդեհյան ոգի են, որոնք մոնթեներ ու Վազգենի գենի կրողներ են..․

 Էլի մի սուրբ, անքեզ ու անինձ արյունաքամ հայրենիք, որ հեռվից` ամեն Աստծո ժամանակ` հիշեցնելու է այս աշնան արևագույն մորմոքը անտեղի տերևաթափի, որն այսուհետ խնձորի բույր ու վայրի տանձի բույր չունի…

Քամված, անարև ու անմիտ ժամանակ, որը բաժանում է քեզ քեզնից, կյանքը մահից, հավատն ուրացումից… Իսկ անընդհատ կորստի խեղկատակ հայացքը այս հեռացող արևի դեղին դեմքն ունի, որ մերթ սահում է սարերի վրայով, մերթ ծագում ու մայր է մտնում` դարձնելով աշունը ժամանակ, հայրենիքը` տարածք, իսկ մարդկանց… լռություն….

No Comments

Leave a Reply