Հրատապ Տաթև Ալիխանյան

Մայրաքաղաքի հին կտորը․ ճանապարհը տանում է Կոնդ 

03.11.2022

Քաղաք քաղաքի մեջ. այս բնորոշումն են տալիս Երևանի հին թաղամասերից Կոնդին: Թաղամասը կառուցվել է դեռ 18-րդ դարում, երբ այստեղ հաստատվել են հարյուր տուն հայ բոշաներ: Թաղամասի բլրի վերևի հատվածում մեկ-երկու հարկանի տներ են եղել, ստորոտում մեծահարուստների տներն էին, որոնց փոխարեն  խորհրդային տարիներին կառուցվել են մտավորականների և արվեստագետների համար տներ:   

Դեռ  1929-ին ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը նախատեսել էր  Կոնդի կառուցապատումը: Ըստ նրա ծրագրի՝ տարածքի մի հատվածում  պետք է կառուցվեին 5-հարկանի շենքեր, իսկ Կենտրոնին նայող լանջի վրա՝ քոթեջատիպ տներ: Սակայն տարածքի խիտ բնակեցման, սոցիալական ու ֆինանսական խնդիրների պատճառով ծրագիրը չիրագործվեց։    

Կոնդի բնակիչ տիկին Լուսիկը պատմում է իրենց տան, կոնդեցիների ու նրանց կենցաղի մասին: Ասում է՝ իր տունը շատ է սիրում և ուրախ է, որ այս թաղամասի բնակիչ է: Միայն դժգոհում է անհարմար ու նեղ փողոցներից, որոնք դժվարություն են ստեղծում թաղամասում քայլելիս:  

Կոնդեցիների խնդիրները տարբեր են, մեծահասակները թաղամասում աստիճանների բացակայությունից են բողոքում, իսկ երեխաների համար իրենց ուզած  խաղահրապարակի բացակայությունն է տխրեցնող: 14-ամյա Արմենն այնքան էլ չի սիրում թաղամասը․ «Այն ավելի կտրված է քաղաքի կյանքից, բայց մարդիկ իրենց օրը հետաքրքիր են դարձնում: Էստեղ բոլորին ճանաչում եմ, ինձ էլ բոլորը գիտեն»։ 

Կոնդի ավագ բնակիչներից մեկն էլ պատմում է հին կոնդեցիների մասին: Տիկին Ալվարդն ասում է. «Էստեղ մեծ մարդիկ են ապրել, էդ մասին բոլորն էլ գիտեն: Երեխեքին էլ ենք պատմում, իրենք էլ են մի օր մեծ մարդ դառնալու: Շատ խելացի են, երևի տեղից է»։


Բնակիչներից տիկին Ասմարին թաղամասի կիսավեր վիճակն է մտահոգում: Ասում է՝ քանդված տներում արդեն անհնար է ապրել․ «Մեր առօրյան մի կերպ ապրում ենք, հավաքվում ենք, խոսում, սուրճ խմում հարևաններով, բայց դրանից էս վիճակը չի փոխվում, ամեն ինչ նույնն է տարիներով»: Կոնդի վերակառուցման վերջին ծրագիրն առաջարկվել է 2021թ․-ի փետրվարի 11–ին նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած Քաղաքաշինական ամբողջական լուծումներ պահանջող ծրագրերի քննարկման միչգերատեսչական հանձնաժողովի նիստում: Քաղաքաշինության կոմիտեն մարտի 10-ին հայտարարել էր Կոնդի վերակենդանացման հայեցակարգի միջազգային բաց մրցույթ, որի առաջին փուլն ամփոփվել էր 2021-ի հոկտեմբերի 6-ին: Մրցույթի արդյունքում 2-րդ փուլ է անցել ամենաբարձր միավորները հավաքած 7 աշխատանք: Հետագա փուլերի անցկացման մասին դեռ հստակ հայտարարություններ չկան: 

Տաթև Ալիխանյան

No Comments

Leave a Reply