Ազդագիր ԳրաԴաշտ

Մեկնարկում է «Տոնապետ-2025» գրական մրցույթը

25.09.2025

Հայաստանի Գրողների Միությունը և «Տոնապետ» գրական մրցույթի հանձնախումբը հայտարարում են արձակագիր Վրեժ Իսրայելյանի անվան տարվա լավագույն պատմվածքի երրորդ մրցույթը։

Մրցույթի նպատակն է խթանել պատմվածքի ժանրի զարգացումը հայ ժամանակակից արձակի համապատկերում։

Առաջին մրցանակ — 300.000 դրամ,
Երկրորդ մրցանակ — 150.000 դրամ,
Երրորդ մրցանակ — 100.000 դրամ։
Երիտասարդական մրցանակ (մինչև 25 տարեկան մասնակիցների համար) — 50.000 դրամ:

Մրցույթի եզրափակիչ անցած ստեղծագործությունները կհրապարակվեն «Կայարան» գրական հանդեսի 2026թ. մարտ ամսվա համարում։

Հինգ տարին մեկ (առաջինը` 2028թ.) «Տոնապետ» գրական մրցույթում մրցանակներ շահած պատմվածքները կհրատարակվեն առանձին գրքով, հնարավորության դեպքում նաև անգլերեն թարգմանությամբ։

Հաղթողների հավասար միավորների դեպքում մրցանակային ֆոնդը կարող է վերաբաշխվել համամասնորեն։ Եզրափակիչ անցած, սակայն հիմնական մրցանակ չշահած հեղինակները կստանան եզրափակչի մասնակցի հավաստագրեր։

Մրցույթի պայմանները, ժամանակացույցը և գնահատման կարգը.

Հեղինակները մրցույթին կարող են մասնակցել 2025 թվականի հունվարի 1-ից հետո առաջին անգամ հրապարակված կամ երբևէ չհրապարակված (ներառյալ՝ սոցիալական հարթակներում ու անձնական էջերում) մեկ պատմվածքով (մինչև 4.000 բառ)։

Մրցույթի հայտը անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2026թ. հունվարի 31-ը, հեղինակի անունն ու պատմվածքը ուղարկելով մրցույթի ժյուրիի նախագահի էլ. հասցեին. mher1974.mi@gmail.com։ Մինչև 2025թ. հոկտեմբերի 1-ը 25 տարին չլրացած մասնակիցներին խնդրում ենք նշել այդ մասին` նաև երիտասարդական մրցանակին հավակնելու համար։

Եթե պատմվածքը հրապարակված է հայտ ներկայացնողներին խնդրում ենք նշել աղբյուրը, էլեկտրոնային մամուլի դեպքում` հղումը։

Ժյուրին առաջնային է համարելու պատմվածքի գեղարվեստական արժանիքը։ Հաշվի են առնվելու ստեղծագործության լեզուն, ոճը, ինքնատիպությունն ու ասելիքի արդիականությունը։

ժյուրին գնահատելու է հայտերը և ընտրելու է «կարճ ցանկի» կամ եզրափակչի 10 ստեղծագործություն։

Երկրորդ փուլում եզրափակիչ անցած ստեղծագործություններից գնահատման միջոցով ընտրվելու են դափնեկիրները։

Մրցանակակիրները (բացառությամբ խրախուսական մրցանակի դափնեկիրների) չեն կարող մասնակցել հաջորդ տարիների մրցույթներին։ Երիտասարդական մրցանակի դափնեկիրը հաջորդ տարի կարող է մասնակցել մրցույթին, բայց չհավակնել երիտասարդական մրցանակի։

Արհեստական բանականության միջամտությամբ աշխատանքները չեն դիտարկվելու։

2026թ. մարտի 1-ին կհայտարարվեն մրցույթի եզրափակչում կամ «կարճ ցանկում» ներառված 10 հեղինակների անուններն ու ստեղծագործությունները։

2026թ․ապրիլի 2-ին՝ (Վրեժ Իսրայելյանի ծննդյան օրը), տեղի կունենա հաղթողների մրցանակաբաշխությունը։

2025թ. ժյուրիի կազմը.

● Մհեր Իսրայելյան, արձակագիր (ժյուրիի նախագահ)
● Հովհաննես Երանյան, արձակագիր
● Աղավնի Գրիգորյան, գրող, երաժիշտ
● Դիանա Խաչատրյան, գրականագետ
● Գրիշ Սարդարյան, արձակագիր