Թատրոն Վովա Արզումանյան

Մելինե Ապիկյան. «Գտնելու ճամփան ամեն ինչ փորձելն է»

23.11.2024

Մելինե Ապիկյանն արդեն մեկ տարի  աշխատում է Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում որպես հնչյունային օպերատոր։ Ասում է, որ թատրոնը ներսից ճանաչելն ուղղակի հրաշալի է: 

-Թատրոնում աշխատելը, հատկապես երբ դեռ ուսանող ես, հրաշալի է: Ես  ապագա բեմադրիչ եմ ու  միշտ ասում եմ ինքս ինձ՝ Մելինե՛, էն ամենը, որ սովորում ես, հետո քեզ պետք կգա: Ու գիտեմ՝ հաստատ պետք կգա: Շատ բարդ ու նուրբ է հնչյունային օպերատորի աշխատանքը: Ձեռքերս ամեն ներկայացումից առաջ սկսում են դողալ,  չեմ կարողանում նույնիսկ համակարգչի մկնիկը տեղաշարժել։ Բայց հաղթահարում եմ ու մտածում՝ միայն այսպես կկարողանայի պատկերացնել աշխատանքի բարդությունը, լարվածության չափը, պատասխանատվության աստիճանը: Միայն այսպես կարող էի էդ աշխատանքը անող մարդու կաշվի մեջ մտնել,- ասում է զրուցակիցս։ 

-Մելինե, ի՞նչը կամ ո՞ւմ օրինակն է քեզ մղել դեպի թատրոն։ Թե՞ ամեն բան ինքնաբուխ էր։

-Ինքնաբուխ էր: Ես ինչ-որ մեկի օրինակով չեմ թատրոնը սիրել:  Իմ գլխում թատրոն ունեի, իմ հորինածն էր:  Իմ գլխի միջի թատրոնն եմ սիրել: Հետո ինստիտուտում սիրելի վարպետս` Հրաչյա Ղազարյանը, ինձ համար նոր իրականություն ստեղծեց, թատրոնի մի նոր մոդել:  Ինքն ինձ համար բարձրագույն օրինակը դարձավ ամբողջ կյանքի համար: Հիմա էլ կան մարդիկ, որ ինձ ոգեշնչում են և, առաջին հերթին, հիասքանչ, համառ Նարինե Գրիգորյանը, որից կարելի է թատրոնի մասին շատ գաղտնիքներ իմանալ, ինչպես ինքն է հաճախ ասում՝ «այսօրվա աշխարհի թատրոնի հոտը զգալ»: 

-Թատրոնի մարդիկ հաճախ են կրկնում՝ թատրոնը հրաշալի աշխարհ է: Այսինքն՝ վախեցնենք մեզ «հրաշալի աշխարհի» անխուսափելիությա՞մբ։ 

-Առհասարակ թատրոնի մասին շատ խոսել չարժե: Թատրոնը շարժում է, գործողություն, աշխատանք: Հրաշալի աշխարհը մարդն է ստեղծում ու նաև  քանդում է մարդը:  Թատրոնում տիրող մթնոլորտն է ինձ համար ամենակարևորը:  Եթե սիրում ես թատրոնը, մարդուն ես սիրում: Թատրոնում չկա կարևոր ու անկարևոր, մեծ կամ փոքր: Կա վերջնական նպատակ, որին պետք է ձգտի ողջ թիմը, ու յուրաքանչյուրն անի առավելագույնը՝ հանուն նպատակի կայացման: Հրաշալի աշխարհը հեշտությամբ  կարող է անտանելի աշխարհ դառնալ, եթե միայն մարդն այդպես ուզի: Բոլոր դեպքերում թատրոնը մոգական աշխարհ է:

-Ի՞նչ կասես քո բեմադրած ներկայացումների մասին։ Դրանք քո ներսի՞ց են գալիս, թե դրանց վերաբերվում ես որպես աշխատանքի ու տանում հասցնում ես ավարտին։

-Միշտ բեմադրում ես այն, ինչը հուզում է քեզ: Դրա մեջ է ամբողջ հաճույքը: Բայց այնուամենայնիվ աշխատանք է: Կապ չունի՝ գործը սրտո՞վդ է, թե՞ սրտովդ չէ, հեղինակը քո սիրելի՞ն է, թե՞ սիրելին չէ, եթե բեմադրիչ ես՝ պարտավոր ես անել, պարտավոր ես քո ստեղծածը սիրել: Մեկ է դու ստեղծելու ես այն, ինչ էությունդ է:  Այդ իմաստով ես շատ շնորհակալ եմ Նարինե Գրիգորյանին՝ իր տված հանձնարարությունների համար: Սկզբում դրանք չես հասկանում, որովհետև քեզ դուրս են հանում քո հարմար ու տաք տարածությունից, հետո կռվում ես դրանց հետ, իսկ վերջում՝ երևակայությունդ շատ հեռու է գնում, սիրում ես ստեղծածդ, ինքդ քեզ ու հնարավորություններդ ես բացահայտում: 

Շատ կարևոր է ամեն ինչ փորձելը, երբ դեռ ուսանող ես: Տարիներ են պետք, մինչև գտնես քո թատրոնը, քո հեղինակին, քո թատերային լեզվամտածողությունը: Ինձ համար դեռ շատ շուտ է, ես դեռ երկար եմ փնտրելու: Իսկ գտնելու ճամփան ամեն ինչ փորձելն է:

Թատրոնի հետ կապված ամեն ինչ հասկանալի է, բայց կինոն էլ կարծես քո կյանքում ինչ-որ տեղ ունի։ 

-Սիրում եմ կինոն, բայց ինքս երևի չէի նկարահանի, որովհետև դա ինձ հաճույք չի պատճառում: Շատ տարբեր են թատրոնն ու կինոն: Բայց մի գաղտնիք ասեմ. նկարահանման հրապարակում կուզեի որպես դերասանուհի հայտնվել: Այ դա երազանքի պես մի բան է: Մի ուրիշ, շատ քաղցր զգացում կա դրա մեջ՝ ազատություն, վայելք, կյանք: Խոսքը լավ կինոյի մասին է: Ուզում եմ թատրոնում բեմադրիչ, իսկ կինոյում դերասանուհի լինել: Հնարավո՞ր է:

-Դե, ինչպես դու ես ասում՝ ամեն ինչ սիրում ես փորձել ու գտնել քոնը։ Կարող ես փորձել։ Բայց ինձ հետաքրքիր է՝ ժամանակ մնո՞ւմ է նախասիրությունների համար։ 

-Եթե ցանկություն կա, իհարկե, մնում է: Սիրում եմ գրադարան հաճախել, միշտ գտնում եմ ժամանակ, գրադարանի հետ կապս միշտ պետք է լինի, դա ինձ հեքիաթի մեջ է պահում: Հանգստանալու համար երկու սիրելի բան կա աշխարհում․ առաջինը գիրք կարդալն է, երկրորդը ֆիլմ կամ լավ սերիալ նայելը: Կյանքը սիրում եմ, երբ լավ կինո կա նայելու: Նախկինում շատ ժամանակ էի հատկացնում նաև գրելուն. սիրում էի գրել, հետո սկսեց ձանձրալի թվալ:  Պարել եմ սիրում ու բասկետբոլ խաղալ, երկուսով էլ զբաղվել եմ, հիմա չեմ զբաղվում: Մեկ-մեկ մենակ, գիշերով, երբ արթուն մարդ չկա, պարում եմ, բայց բասկետբոլ չեմ խաղում․․․  Ամեն ինչից զատ ընկերներիս հետ անցկացնելն եմ սիրում: 

-Կո՞ղմ ես փոփոխությունների: Ի՞նչ կփոխեիր թատերասեր մարդկանց մտածելակերպում։ 

-Թատերասեր մարդկանց մտածելակերպում ինչ-որ բան փոխելը տարիների, երկա՜ր տարիների աշխատանք է: Ձևավորված, տարիներ շարունակ իրենց արժեքներով սնված մարդիկ են: Գրեթե անհնար մի բան է: Բայց երևի կուզեի, որ իրենք էլ պատրաստ լինեին փոփոխությունների և դրանք հիվանդագին չընդունեին: Բայց հենց դա էլ ամենադժվարն է: Պիտի բոլորս, հատկապես մենք՝ ուսանողներս, նոր թատրոնի տենդով իրար վարակենք: Իսկ հիմքը մտածողությունն է, ճաշակը: Սրանցից պետք է սկսել,  առաջին հերթին պետք է այս երկուսը  ձևավորել:

Զրուցեց Վովա Արզումանյանը

Լուսանկարները՝ հեղինակի