Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար ԿԳՄՍ նախարարությունը մրցույթ է հայտարարել:
Թատրոնի տնօրենի պաշտոնակատար Լուսինե Սահակյանից հետաքրքրվեցինք՝ կա՞ն թեկնածուներ, ի՞նչ տրամադրություն է տիրում թատրոնում, խուսափելո՞ւ են շատ կոլեկտիվներին բնորոշ դասական դարձած սցենարներից՝ երբ համաձայնության չեն գալիս գեղարավեստական ղեկավարն ու տնօրենը, կամ կոլեկտիվը բաժանվում է երկու մասի. յուրքանչյուրը ունի իր թեկնածուն և պատրաստ է չնախընտրած թեկնածուին բոյկոտել:
Մեր զրուցակիցն ասաց, որ այս պահին տեղյակ չէ, թե ովքեր են մրցույթին մասնակցելու, նաև վստահեցրեց, որ հակասություն չկա գեղարվեստական ղեկավարի և տնօրենի միջև, հույս ունի, որ չի էլ լինելու: Թատրոնում էլ առողջ մթնոլորտ է տիրում, և բոլորը գոհ են իրենց աշխատանքից: Նշենք, որ Լուսինե Սահակյանը տնօրենի պաշտոնակատար է 2019-ի մարտից: Հարցին, թե ի՞նչ հատկանիշներ են պետք՝ ղեկավարելու համար Վանաձորի դրամատիկական թատրոնը, պատասխանեց. «Մեծ սեր, մարքեթինգային ճիշտ քաղաքականություն, նվիրում …. պետք է սիրել թատրոնը»:
Խոսելով Վանաձորի հանդիսատեսի մասին՝
ասաց, որ այն բացառիկ է, բայց հանդիսատեսի հետ իրենց աշխատանքի մասով դեռևս խնդիրներ
կան. պետք է բարելավեն մարքեթինգային քաղաքականությունը: Թատրոնի առջև ծառացած ամենամեծ
խնդրը շենքի վերանորոգման հարցն է, որը, կարծում է, լուծում կստանա, որովհետև ՀՀ կառավարությունը
ընդառաջելու է թատրոնի վերանորոգմանը:
-Ինքներդ մասնակցելո՞ւ եք մրցույթին,- սա մեր վերջին հարցն էր:
-Միանշանակ,- եղավ պատասխանը:
Արմինե Սարգսյան
No Comments