ԳիտաՆյութ Կինո

Մեզ հետ է Սերգեյ Փարաջանովը

07.03.2021

Հայ մշակութային գրականությունը հարստացավ վերջերս հրատարակված կարևորագույն և շատ ուշահարույց նոր ժողովածուով։ Այն նվիրված է միջազգային ճանաչում ունեցող տաղանդավոր հայ անվանի կինոբեմադրիչ Սերգեյ Փարաջանովին։ Գրքի հեղինակը ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Գալստյանն է։ Նախ արդարացիորեն պետք է հակիրճ խոսք ասել այդ հեղինակի մասին։ Իր ստեղծագործական, ազգային գործունեության վեց տասնամյակների ընթացքում մտավորական, մշակութային գործիչ, արվեստաբան, կինոգետ Սերգեյ Գալստյանը զգալիորեն մեծ ներդրում է ունեցել հայրենիքի մշակութային կյանքի ոլորտում։ Տարիների ընթացքում, լինելով Երևանի փաստավավերագրական ֆիլմերի կինոստուդիայի խմբագիր, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության և Հայաստանի գրողների միության անդամ, այդ միության նախագահի խորհրդական և գեղարվեստական գրականության պրոպագանդայի բաժնի տնօրեն, Հայաստանի Թեքեյան մշակութային միության քարտուղար, ստեղծելով հայ կինոարվեստին վերաբերող բազում բարձր մասնագիտական ժողովածուներ, Սերգեյ Գալստյանն իր ուրույն, նշանակալի ներդրումն ունի արդի հայ մշակույթի ոլորտում, որն անանցողիկ է և մշտահիշատակ։ Արմեն Ջիգարխանյանի, Ֆրունզե Դովլաթյանի, Հենրիկ Մալյանի, Խորեն Աբրահամյանի, Մինաս Ավետիսյանի, Պերճ Զեյթունցյանի, Աղասի Այվազյանի, Մուշեղ Գալշոյանի, Վարդգես Պետրոսյանի, նաև ԽՍՀՄ և արտերկրի այլազգի անվանի արվեստագետների մասին Սերգեյ Գալստյանը գրել, տպագրել է արժեքավոր հոդվածներ և գրքեր՝ թե՛ մասնագիտական, թե՛ մարդկային, թե՛ ազգային իմաստներով: Բացառիկորեն ճշմարիտ է բնութագրել նրան ճանաչված կինոգետ Հրանտ Հակոբյանը. «Սերգեյ Գալստյանի կողմից նախ և առաջ արժևորվում է մարդը, ստեղծագործողը և նրա հոգու տվյալները։ Կինոգետի ու նաև հոգեբանի անաչառ ու սթափ մոտեցումով նա ի ցույց է դնում իր ուսումնասիրած մասնագետին և նրա ստեղծագործությունը»։

Եվ ահա, ընթերցողի սեղանի վրա է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, անվանի կինոգետ Սերգեյ Գալստյանի նորատիպ գիրքը՝ «Փարաջանով. հանդիպումներ և ոչ միայն…» («Էդիթ Պրինտ» հրատ., 2020)։ Այսպես է խորագրել հեղինակն իր ստվար ժողովածուն։ Եվ իրավացի է հեղինակը, քանզի այս խորապես հետաքրքրական ժողովածուն ամփոփում է իր էջերում  ոչ միայն զուտ կինոգետ Ս. Գալստյանի մասնագիտական վերլուծությունները մեծ կինոբեմադրիչի մասին, այլև բացառիկ արժեքավոր և բազում փաստավավերագրական դրվագներ նրա կենսագրությունից, որոնց զգալի մասը, առաջին անգամ տպագրվելով, երևան է հանում Փարաջանովի կապը արտասահմանյան մեծանուն մշակութային գործիչների հետ։

Գրքի ընդհանուր նեղ կենսագրական բավանդակությունը հիմնված է հանրածանոթ փաստերի վրա, շեշտադրված է, որ Սերգեյ Փարաջանովի նորարարական կինոլեզուն, ոճը շատ էին յուրօրինակ և տարբերվում էին խորհրդային կինոգործիչների համընդհանուր ոճից։ Եվ այդ տարիների քաղաքական-հասարակական-մշակութային օրակարգը չհանդուրժեց նման ազատատենչ, կարծրացած կապանքներից դուրս ելնող սկզբունքը։ Եվ… ինչպես հայտնի է, դատարանի որոշմամբ՝ մեծ վարպետը պատժվեց ազատազրկմամբ՝ խիստ ռեժիմի ճամբարում: Բացի այդ, մի քանի տարի զրկվեց ստեղծագործելու, նոր ֆիլմեր ստեղծելու իրավունքից։

Բայց, ինչպես ճշմարտացիորեն գրում է Սերգեյ Գալստյանը, Փարաջանովը հաղթեց, ապրեց, արարեց և անմահացավ։ Այո՛, և դրա վառ ապացույցներից է այս խնդրո առարկա ժողովածուն։ Ինչպես ասացինք, այս գիրքը հիմնականում հուշապատում է, հուշագրություն՝ Փարաջանովի կյանքի, աշխարհի համբավանուն արվեստագետների հետ ունեցած ստեղծագործական, մտավորական կապերի մասին, որոնք «Ազատություն Փարաջանովին» կոչով, գրությամբ դիմեցին ԽՍՀՄ կառավարությանը։ Բայց ապարդյո՜ւն…

Ըստ Ս. Գալստյանի նշած փաստավավերագրական տեղեկությունների՝ այդ մեծերի շարքում են համաշխարհային կինոյի կարկառուն դեմքեր Ռոբերտ դե Նիրոն, Բերտ Լանկաստերը, Բոբ Դռունը, Հերբերտ Մարշալը, Ջեկ Լեյդը, Ուիլյամ Սայմոնը, Նյու Յորքի կինոփառատոնի տնօրեն Ռիչարդ Ռոուդը, եվրոպական կինոյի ականավոր վարպետներ Ֆեդերիկո Ֆելինին, Միքելանջելո Անտոնիոնին, Ալեն Ռենեն, Ժան Լյուկ Գոդարը և այլք, հայտնի ֆրանսուհի գրող, բանաստեղծ Էլզա Տրիոլեն, գրող Լուի Արագոնը, աշխարհահռչակ կինոդերասանուհի  Ջինա Լոլոբրիջիդան և շատ այլ անհատականություններ։ Փարաջանովին պաշտում էին նաև ռուս ականավոր բանաստեղծուհի Բելլա Ախմադուլինան, մեր Մարտիրոս Սարյանը, Սիլվա Կապուտիկյանը և այլք…

Փարաջանովի մասին այս գրքում Սերգեյ Գալստյանը տեղադրել է նաև մի շարք կարևոր նամակներ։ Դրանցից են Փարաջանովի բանտում գրած նամակները, նաև նրան ուղղված և իր մասին գրված նամակները՝ տարբեր ազգության ճանաչված մտավորականների։

Ամենաուշագրավ և արժեքավոր երևույթներից մեկն այն է, որ գրքի հեղինակ Սերգեյ Գալստյանն իր կյանքի երկար տարիների ընթացքում եղել է Փարաջանովի կողքին, նրա ընկերը, նրա համախոհը և շատ իրադարձությունների ներկան ու վկան. փառատոներ, ժողովներ, միջոցառումներ, հանդիպումներ՝ հայ, ռուս, այլազգի մտավորականների հետ։ Եվ այդ ամենն իրենց վավերագրումն են գտել սույն ժողովածուում, որը եզակի է իր էությամբ, բովանդակությամբ։ Ճշգրիտ բնութագրելով իր այս (ո՛չ առաջին) ժողովածուն Փարաջանովի մասին՝ «Հանդիպումներ և ոչ միայն…», Սերգեյ Գալստյանը բացում է ընթերցողի առջև Սերգեյ Փարաջանովի կյանքի, էության, ստեղծագործության մասին շատ-շատ նոր փաստեր, որոնք իրենց վավերագրական իմաստով մեծ ու անանցելի նշանակություն ունեն «Մոռացված նախնիների ստվերները» (նույնն է՝ «Հրե նժույգներ»), «Նռան գույնը» (նույնն է՝ «Սայաթ Նովա») և այլ հիանալի ֆիլմեր ստեղծած հեղինակի հիշատակի առումով ու նաև՝ հայ ազգային մշակույթի պատմության մեջ։

Բարի վայելում գիրքն ընթերցողին։ Սերգեյ Փարաջանովը միշտ մեզ հետ է։

Թամար Հովհաննիսյան (արվեստագիտության դոկտոր)

No Comments

Leave a Reply