«Փաթթոցով աղջիկը»
Միջնադարյան Եվրոպական գեղանկարչության մեջ քիչ չեն այն ստեղծագործությունները, որոնց հեղինակները առ այսօր մնում են անհայտ, կամ երկար ժամանակ այս կամ այն կտավը թյուրիմացաբար վերագրվել է մեկ այլ գեղանկարչի։
Այսպես, օրինակ, սույն աշխատանքը երկար ժամանակ անվերապահորեն համարվել է 16-17-րդ դարի իտալացի գեղանկարիչ Միքելանջելո Կարավաջոյի վրձնածը, մինչդեռ միայն մեր ժամանակներում պարզվեց, որ հեղինակը Կարավաջոյի հայրենակից, բարրոկոյի ժամանակաշրջանի գեղանկարիչ Ֆրանչեսկո Գվերչինոն է (Գվերչինո-իտալերեն` շիլաչք` աչքի բնական արատի պատճառով), ով Կարավաջոյի արվեստի ջատագովներից էր, այլ կերպ ասած` կարավաջիստ էր (կիրառում էր Կարավաջոյի տեխնիկան ու ոճը)։ Նույնպիսի բան տեղի է ունեցել նաև Լեոնելո Սպադայի «Աբրահամի չարչարանքը» կտավի հետ, որը դարձյալ համարվել է Կարավաջոյի ստեղծագործությունը։
Մի խոսքով՝ օրինակները շատ են, պատճառները՝ բազմապիսի։ Տարակարծությունների տեղիք տված մի կտավ էլ ձեզ ներկայացվող ստեղծագործությունն է։ Այն կոչվում է «Փաթթոցով աղջիկը» ( չալմայով աղջիկը), ինչպես և «Բեատրիչե Չենչիի դիմանկարը»։ Այն հազվագյուտ ստեղծագործություններից է, որի վերաբերյալ իրարամերժ ու հակասական են եղած պատմական փաստերը։ Եվ իզուր չէ, որ հիմք է հանդիսացել համաշխարհային գրականության մեջ (Պերսի Բիշի Շելլի, Ալեքսանդր Դյումա, Օսկար Ուայլդ, Անդրե Մորուա…) երկու տասնյակից ավելի ստեղծագործության համար։ Բազմաթիվ նկարիչներ ներշնչված՝ վրձնել են այս աղջկա դիմանկարը, իսկ քանդակագործները՝ քանդակել են։ Նկարահանվել են նաև գեղարվեստական կինոնկարներ՝ նվիրված Բեատրիչե Չենչիին ու նրա հետ կապված ողբերգական պատմությանը։ Իսկ կտավի նախապատմությունն այսպիսին է. 16-րդ դարի երկրորդ կեսին Հռոմում ապրած մեծահարուստ կոմսերից մեկը՝ Ֆրանչեսկո Չենչի անունով, բնավորությամբ խստաբարո, դաժան մարդ էր։ Նա իր երկրորդ կնոջը (առաջին կինը մահացել էր) և իր դստերը՝ Բեատրիչեին, պահում էր փակի տակ։ Ավելին՝ նա բռնաբարել էր իր դստերը, և պարբերաբար պարտադրում էր կենակցել իր հետ։ Աղջիկը իր խորթ մոր՝ Լուկրեցիայի և իր եղբոր՝ Ջակոմոյի հետ կազմակերպում է իր հոր սպանությունը։ Ըստ պատմաբանների մեկ այլ խմբի առաջադրած տեսակետի՝ հայրը բռնարարք չի կատարել դստեր նկատմամբ, աղջկան փակի տակ էր պահում, քանի որ նա արտամուսնական կապի մեջ լինելով Օլիմպիո անունով մի երիտասարդի հետ՝ հղիացել էր, և հայրը նրան բանտարկել էր՝ որպես պատիժ, միևնույն ժամանակ աղջկա հղիությունը քողարկելու, իր ընտանիքի պատիվը, հեղինակությունը հասարակության մեջ չարատավորելու համար։ Այս վարկածը նույնպես հավաստի է հնչում, սակայն մեր կարծիքով, այս դեպքում ոչ Բեատրիչեի խորթ մայրը (շեշտենք՝ խորթ մայրը) և ոչ էլ Բեատրիչեի եղբայրը բավարար հիմքեր չունեն հանցագործությանը մասնակից դառնալու համար։ Օրինակ, ինչո՞ւ պիտի անբարոյական քրոջը պաշտպանելու նպատակով Բեատրիչեի եղբայրը համաձայնվեր սպանել իր հարազատ հորը։ Միայն առաջին տարբերակի՝ ինցեստի՝ արյունապղծության դեպքում նրանք կարող էին հոժարակամ մասնակցել սպանությանը։ Եվ առաջին տարբերակի օգտին է խոսում նաև այն փաստը, որ Բեատրիչեի ավագ քույրն ընտանիքի անդամներից թաքուն նամակով դիմել էր Հռոմի պապին՝ իրեն դժոխային կյանքից փրկելու խնդրանքով, և պապը նրան ամուսնացրել էր՝ այդկերպ ազատելով այդ ընտանիքում լինելու պարտադրանքից: Նույնը սակայն չի հաջողվել անել Բեատրիչեին: Ամեն դեպքում՝ Ֆրանչեսկո Չենչիի սպանությունը 1598 թվականին բացահայտվել է: Սպանության կազմակերպիչներին չի հաջողվել խուսափել դատարանի առաջ կանգնելուց, քանի որ վարձու մարդասպանը, որ բռնվել էր գողության համար, խոստովանեց նաև Չենչիի սպանությունը: Մի ամբողջ տարի տևած դատավարության արդյունքում՝ սպանության կազմակերպիչներին՝ Բեատրիչեին, նրա խորթ մորը և եղբորը դատապարտեցին մահվան: Միայն Բեատրիչեի կրտսեր եղբորը՝ Բերնարդոյին, որն անչափահաս էր, դատարանը վերջին պահին ներում շնորհեց՝ պայմանով, որ նա պետք է ներկա լինի իր հարազատների գլխատմանը: 1599 թվականի սեպտեմբերի 11-ին, Հռոմի Սուրբ Հրեշտակի կամրջի վրա, որտեղ սովորաբար տեղադրվում էր շարժական կառափնարանը և իրականացվում մահապատիժը, երեքին էլ գլխատեցին: Մի փոքր առաջ ընկնելով՝ նշենք, որ ռուս հանրահռչակ գեղանկարիչ Կարլ Բրյուսովի եղբայրը՝ Ալեքսանդր Բրյուլովը, որը նույնպես գեղանկարիչ էր, ճարտարապետ, ու երկար ժամանակ ապրել է Հռոմում, ունի մի կտավ, որը կոչվում է «Տեսարան. Սուրբ Հրեշտակի ամրոցը»։
Նկարը դիտելիս՝ առաջին հայացքից այն տպավորությունն ես ունենում, որ ռուս գեղանկարիչը պարզապես վրձնել է Հռոմի տեսարժան վայրերից մեկը, գեղեցիկ մի բնապատկեր։ Իրականում նա նկարը դիտողին հիշեցնում է Բեատրիչեի ողբերգական կյանքի պատմությունը՝ այն հակադրելով Հռոմի գեղեցիկ բնապատկերին։ Իսկ այդ ողբերգական պատմության մեջ Լուկրեցիան ու Բեատրիչեի եղբայր Ջակոմոն դատարանում խոստովանեցին իրենց հանցանքը, մինչդեռ Բեատրիչեն մինչև վերջ մնաց անդրդվելի: Հակառակ ինկվիզիցիայի դատարանի կողմից կրած բոլոր անմարդկային կտտանքներին՝ Բեատրիչեն հանձն չառավ ոչ հայրասպանության մեղադրանքը և ոչ էլ իր նկատմամբ հոր թույլ տված բռնության փաստը՝ ոչ այն պատճառով, որ այդկերպ կխուսափի մահապատժից, որքան որ, կարծում ենք, Բեատրիչեն փորձում էր փրկել իր հոր պատիվը գոնե նրա մահից հետո: Այսքանով սակայն չի ավարտվում այս դիմանկարի հետ առնչվող առեղծվածային պատմությունների շարքը: Կարծիք կա, որ Հռոմի պապ Կղեմես 8-րդը երեքին էլ դատապարտեց մահվան, քանի որ աչք էր դրել Ֆրանչեսկո Չենչիի ունեցվածքի վրա, ինչն էլ հետագայում բռնազավթեց: Նշվեց, որ Բեատրիչե Չենչիին նվիրված երկու տասնյակից ավելի ստեղծագործություններ կան: Դրանց շարքում լավագույններից մեկը ձեզ ներկայացված դիմանկարն է։ Բայց այստեղ ևս` կապված դիմանկարի հեղինակի անվան հետ, հստակություն չկա։ Մի խումբ արվեստաբաններ վիճարկում են Գվիդո Ռենիի հեղինակ լինելը, պնդում են, որ դիմանկարը պատկանում է Էլիզաբետա Սիրանիի վրձնին: Երկուսն էլ ներկայացնում են Բոլոնիայի գեղանկարչական դպրոցը: Եվ քանի որ Գվիդո Ռենիի հետ մտերիմ է եղել Էլիզաբետայի հայրը՝ գեղանկարիչ Ջովաննի Անդրեա Սիրանին, և վերջինիս հարկի տակ հաճախ է հյուրընկալվել Գվիդո Ռենին, այստեղից էլ արվում են զանազան սխալ հետևություններ: Հատկապես մեր օրերում համացանցի գոյությունը նպաստում է խեղաթյուրված փաստերի արագ տարածմանը՝ ավելի խճճելով այս դիմանկարի հետ կապված առանց այդ էլ մշուշոտ պատմությունը: Էլիզաբետա Սիրանին չէր կարող լինել Ռենիի աշակերտը, ինչպես որ նշում են համացանցային շատ կայքէջեր, այն պարզ պատճառով, որ 1642 թվականին, երբ մահացավ Գվիդո Ռենին, Էլիզաբետան ընդամենը չորս տարեկան էր։ Էլիզաբետա Սիրանին Հռոմում չի եղել մինչև 1660 թվականը: Իսկ Բեատրիչեի մահապատժի լուրը քիչ հավանական է, որ նա Բոլոնիայում լսած լինի՝ հաշվի առնելով լուրի՝ այդ ժամանակներում տարածվելու սուղ հնարավորությունը: Էլ չենք խոսում այն մասին, որ Բեատրիչեի մահապատիժը տեղի է ունեցել գեղանկարչուհու ծնվելուց 39 տարի առաջ: Իսկ եթե Հռոմում է այդ մասին լսել, տպավորվել ու վրձնել Բեատրիչեի դիմանկարը, նույնպես քիչ հավանական է, քանի որ, մեր կարծիքով, 61 տարվա վաղեմություն ունեցող պատմությունը դժվար թե լիներ Հռոմում ապրող մարդկանց շուրթերին: Մինչդեռ Գվիդո Ռենին տասը տարուց ավելի ապրել և աշխատել է Հռոմում՝ սկսած 1601 թվականից: Իսկ սա նշանակում է, որ երկու տարի առաջ գլխատված Բեատրիչեի մահապատժի թեման դեռևս ակտուալ էր, և կարող էր Ռենին այդ մասին լսած լինել, տպավորվել ու վրձնել այս սքանչելի դիմանկարը: Սակայն այստեղ էլ չի ավարտվում առեղծվածների շղթան, քանի որ 27 տարեկանում մահացած Էլիզաբետա Սիրանին (գեղանկարչուհու կտավներից մեկը պահվում է Հայաստանի Ազգային պատկերասրահում ) թաղվել է Բոլոնիայի Սուրբ Դոմենիկ բազիլիկի Գվիդոտտի մատուռում՝ հենց Գվիդո Ռենիի շիրիմի մոտ: Եվ գեղանկարչուհու տապանաքարին գրված է, որ նա հանգչում է իր հոր կողքին: Ի՞նչ նկատի ուներ գրողը. արդյո՞ք միայն գեղանկարչուհու հոգևոր կապը Ռենիի արվեստի հետ: Դժվար է ասել: Թե ով է ի վերջո այս հուզառատ կտավի իրական հեղինակը, ներկա պահին ոչ այնքան դա է էական, որքան որ աշխարհում կա, գոյություն ունի այս սքանչելի դիմանկարը։ Մահվան դատապարտված Բեատրիչե Չենչիին ենք կտավում տեսնում մահապատժից առաջ: Որքա՜ն ճիշտ է կառուցված նկարի կոմպոզիցիան, աղջիկը ուսի վրայից է նայում դեպի մեզ, վերջին անգամ նայում է հետ՝ այս աշխարհին: Կտավի ամբողջ հմայքն ու հրապույրը հենց դրա մեջ է: Նա ընդամնեը մի պահ է հայացքը դարձրել մեր կողմը, ու հենց այդ հայացքի մեջ էլ մենք տեսնում եք նրա ապրած կարճատև կյանքի ամբողջ ողբերգությունը: Այս աշխարհին 22 տարեկանում հրաժեշտ տվողի վերջին հայացքն է դա: Որքա՜ն վճիտ ու անմեղ են աչքերը, որքա՜ն ցավ ու ափսոսանք կա նրանցում։ Ուսի վրայից աշխարհին նայող աղջկա հայացքում կա նաև ծպտված հորդոր. դուք՝ ապրողներդ ինչ կարծիք էլ որ ունենաք իմ մասին, ինչ էլ որ ասեք, միևնույնն է, խոսելու եք իմ թիկունքում, իմ ետևից ու երբեք էլ չեք իմանալու ճշմարտությունը, քանզի ճշմարտությունը մեկն է. իսկ ես այն տանում եմ ինձ հետ: Կտավում գունային գամման հարուստ չէ, բայց այնքա՜ն ճիշտ ու խորն է արտացոլում կերպարի հոգեվիճակը։ Բեատրիչեն թաղված է Հռոմի Սան Պիետրո ին Մոնտորիո եկեղեցու մատուռում: Նրա տապանաքարին հասարակ մի խաչ է փորագրված ու լատիներեն գրված է մի բառ. orate (աղոթեք)։ Ամեն տարի սեպտեմբերի 11-ին՝ Բեատրիչե Չենչիի մահվան օրը, պատարագ է մատուցվում նրա հոգու հանգստության համար: Եվ Հռոմում պալացցո Չենչի կոչվող տան պատի տակ, որտեղ ժամանակին ապրել է Բեատրիչեն, երիտասարդները ծաղիկներ են խոնարհում՝ ի նշան վաղամեռիկ, անկոտրում կամքի տեր աղջկա նկատմամբ ունեցած սիրո ու հարգանքի: Դա նույնպես աղոթք է։
Մարտիրոս Ոբնեցի (Համլետ Մարտիրոսյան)
No Comments