Հրանտ Մաթևոսյանի տարեդարձն է այսօր: Արդեն քսան տարի է, ինչ Երկինքն ընդունել է նրան, ու երկայիններիս համար մեր մեծի հետ հարաբերվելու մի կախարդական բանալի է Հրանտ Մաթևոսյան մշակութային կենտրոն-թանգարանը, որի լիարժեք կայացումին սպասելու համար երկու տասնամյակը, ամենաաբստրակտ հաշվարկներով անգամ, անհեթեթ է թվում:
Մենք զրույցի ենք հրավիրել Հրանտի որդուն՝ «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթևոսյանին:
-Դավի՛թ, Հրանտ Մաթևոսյան մշակութային կենտրոն—թանգարանի շուրջ հետաքրքրությունը կարծես խթանվեց 2018 թվականին, նախատեսվում էին մեծածավալ աշխատանքներ, ինչո՞ւ կանգ առավ այդ ընթացքը:
-2022-ն է, Մաթևոսյանի հեռանալու ՔՍԱՆԵՐՈՐԴ տարելիցը: Քսան տարի: Վերջակետ: Այս է Հայաստանի, և Հայաստանում՝ առ մշակույթ իշխանության, քաղաքական և գործարար շրջանակների ընկալման և վերաբերմունքի իրական և միակ համապատկերը: Մաթևոսյան մեծության ընկալման, վերարծարծման, հանրահռչակման որևէ քայլ Հայաստանում կատարվել է նվիրյալների փոքր խմբերի և ընտանիքի կռվի ու ջանքերի միջոցով: Կասեք` կառավարության որոշումներ են եղել և քայլեր: Կհաստատեմ: Բայց վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, նախարար Հասմիկ Պողոսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնողականությունն ու կռիվը՝ հանուն Մաթևոսյանի եղել է ի հեճուկս և ի հաղթահարում իրենց իսկ ու մեր միջավայրի` այն չգո, անդեմ, անչափորոշիչ ու անհամակարգ գոյացության, որ պաշտոնական լեզվով Հայաստանի մշակութային քաղաքականություն էր հորջորջված: Չէ՞ որ 2016-ին Սերժ Սարգսյանի` այս եղածը կառուցելու գումարը հատկացնելն էլ, վերջին հաշվով, ի հեճուկս էր, ի հաստատումն իմ ասածի: Ըստ որում՝ հատկացված այդ գումարով, ծախսերի վերահսկողության դեպքում, այլ հանգրվանի կարող էր հասած կամ նույնիսկ ավարտված լինել շինությունը…
Իսկ հիմա տեղի ունեցողը դրա օրգանական, օրինաչափ, էլ ավելի դեգրադացված, բայց միանգամայն սրտառուչ ու լկտիորեն անկեղծ շարունակությունն է: Ոչ միայն մշակույթում: Ամենուր: Հենց այդ պատճառով էլ, մի կողմ թողնելով բազմաթիվ անհաճո մանրամասներ, մենք հրաժարվեցինք նախագծի շուրջ այս իշխանության հետ համագործակցությունից: Այդ առումով 2018-ը՝ որպես ժողովրդի հույսերի հաղթանակի տարի, այստեղ չի կարելի, արգելելի է հիշատակելը, քանի որ այս իշխանության «առաքելությունը» հենց այդ հույսերի ոչնչացումը եղավ. կամա, ակամա, միտումնավոր կամ անմիտ, հիմարության, չկամության կամ դավադրության շնորհիվ, թե ամբողջը մեկտեղ` իրենց խնդիրն է ու իրենց վերլուծաբանների: Ես երկու բան գիտեմ. առաջին` էս չափերի ու ծավալի շինությունը նախաձեռնել, սկսելն ու ավարտելը կարող էր առավելագույնը երկու տարվա գործ լինել, մինչդեռ անավարտ շենքի էս 20+ ձևաչափը կառավարության և իշխանության 20+ տարի շարունակական ողորմելիության առհավատչյան է: Երկրորդ` Կենտրոն-թանգարանի գործունեության մեր հայեցակարգը ունիկալ է, կենսունակ և միջազգայնորեն մրցունակ: Եվ մարդկանց համար է, ժողովրդի համար է և սերունդների, որպեսզի այս երկիրը այլևս չունենա չկամ և ողորմելի իշխանություններ: Գոնե ինչ-որ պահից այլևս չուենա: Չվերարտադրի դրանց. մշակութային քաղաքականությունն է ազգային անվտանգության և երկրի ապագայի բեռը, խաչը տանող եզակի գաղափարաբանական հենքերից մեկը` մշակույթ-կրթություն-գիտություն պետական քաղաքականության ծիրում է որոշվում երկրի երեկվա հաղթանակը կամ պարտությունը, վաղվա կործանումը կամ հառնումը:
—Մաթևոսյանի գրականությունը անտարբեր չի թողնում ոչ մի մտածող մարդու: Թերևս, այս հանգամանքով էր պայմանավորված կենտրոնի առջև ծառացած որոշ խնդիրների լուծմանը հասնելու Ձեր ընտրած ճանապարհը, այն է՝ ներգրավել այս գործընթացում մաթևոսյանասեր հանրությանը: Ի՞նչ արդյունքի հասաք այս նախաձեռնությամբ:
-Հիասթափված և ունեզրկվող հայաստանյան հանրության համար «կառուցում ենք մեր Կենտրոնը, մեր Հրանտ Մաթևոսյանի կենտրոն-թանգարանը» կոչը շատ սրտառուչ և արդյունավետ արձագանք ստացավ: Կենտրոնի դահլիճի աթոռների համար հայտարարած մեր դրամահավաքը, հետո արդեն ծավալվեց որպես շենքի մինիմալ հոգսերը ապահովելու դրամահավաք և հիմա էլ, կթվա` պասսիվ` բայց ընթացքի մեջ է: Որոշ գույքի և կայքի նվիրաբերություններ ունեցանք` գրասենեկայինաթոռներ և սեղաններ: Գրքեր նվիրեցին և այլն: Ամենակարևորը` Նարինե Գրիգորյանի «Գոմեշը» մենաներկայացումը հիմա Կենտրոնի դահլիճում է խաղացվում և ըստ էության՝ բարեգործական ու նվիրաբերական ներկայացում է – շատ բաներ բարձրաձայնելու իրավասություն չունեմ, բայց ներկայացման հասույթի էական մասը մնում է և «ավելանում» Կենտրոնի ու Մաթևոսյան հիմնադրամի դրամահավաքի գումարին: Ահա «հաշվետվությունս». անցյալ տարի Կենտրոնի ընթացիկ հոգսերի համար հանգանակվել է մոտ մեկ միլիոն չորս հարյուր հազար դրամ: Մեր զուտ և ընդամենը մեկ «կառուցում ենք մեր Կենտրոնը, մեր Հրանտ Մաթևոսյանի կենտրոն-թանգարանը» կոչով:
-Գրականությունը, ընթերցանությունը հասարակության միայն որոշակի շերտերին հատուկ բան է, սակայն կինոն և թատրոնը առավել ընդգրկուն լսարաններ են ապահովում: Այս իմաստով ի՞նչ են տվել Հրանտ Մաթևոսյանի ճանաչելիության խթանմանը կինոն և թատրոնը:
-Հրանտ Մաթևոսյանը մի անգամ ֆիլմի` «Մենք ենք, մեր սարերը»-ի առթիվ ասաց. «Լեզուն էկրանից իջավ հանդիսատեսի մեջ»: Սա առաքելություն էր և իրականացվեց: Կենդանի և կիրթ, կենդանի ու խոսուն լեզու վերադարձվեց մեռած դարձվածքներով, կեղծ հայերեն, ռուսերենից թարգմանված դիալոգներով խոսող ֆիլմերի առաջ նստած հանդիսատեսին, ու նաև այսօրվա հանդիսատեսին: Սա ֆենոմեն է: Նույնը կոչված էին անել նաև «Աշնան արևը», «Տերը» : Ինչ-որ չափով միայն արեցին: «Սարոյան եղայրներ»-ի կենդանի դիալոգները` գերեզմանոցի ամբողջ տեսարանը, ծվատված երկրի մասին եղբայրների երկխոսությունները, Մաթևոսյանն է հեղինակել, ու տեսեք` որքան հիշվող, մեջբերվող խոսքեր են: Նույնն է եղել «Մեծ աշխարհի մեր անկյունը» ներկայացման դերն ու շռնդալից հաջողությունը: Կարող եմ էլ մանրամասնել: Բայց հազիվ թե կարիք կա: Մաթևոսյանը կինոյի և թատրոնի համար փնտրված, բայց բարդ հեղինակ է, և եթե արժանի ու արժանապատիվ բեմականացման է արժանանում նրա որևէ գործը, դա հանդիսատեսին և ժողովրդին նորից նոր պարգևում է շքեղ, կենդանի, խորունկ լեզու: Մինդեռ մարտչող տգիտությունը` արդեն մեր ժամանակների ֆիլմերի ու թատրոնի լեզուն վաղուց հաղթարշավ է սկսել ու իրենով արել` մեռած դարձվածքներով, կեղծ հայերեն, օտարերենից թարգմանված կլիշե-դիալոգներով իր առաջ նստած հանդիսատեսին:
-Նարինե Գրիգորյանի «Գոմեշը» մենաներկայացումն ինչպե՞ս կբնութագրեք՝ իբրև մաթևոսյանական գրականության մերօրյա մեկնաբանություն:
-«Գոմեշը»-ից խոսեցի քիչ առաջ: Ինչ կարող եմ ավելացնել: Կինոյի և թատրոնի վերաբերյալ Ձեզ իմ պատասխանին կատարելապես համընկող ներկայացում է: Ճիշտ մեկնաբանվող, ճիշտ բեմականացված և բեմադրված: Ամեն անգամ լավագույնս ու բարձրագույնս խաղացվող: Կեցցե՛ Նարինեն: Մեր համագործակցության հույսերն ու ծրագրերը, կարծում եմ, փոխադարձ են և ցկյանս:
-Ի՞նչ կոնկրետ ծրագրեր կան, որոնք առաջիկայում պիտի իրականացվեն կամ ցանկալի է, որ իրականացվեն Հրանտ Մաթևոյան կենտրոն-թանգարանում:
-Հրանտ Մաթևոսյան կենտրոն-թանգարանն ինքն է անավարտ և իրականացման փուլում ապաշնորհագույնս սառեցված մի ծրագիր, որ մենք ենք, այո, ավարտելու: Դա անելու ենք բոլորով` ժողովրդով, մեկենասներով, նվիրաբերողներով. հինգ հարյուր հազար եվրո գումար է պետք` կհավաքենք անկասկած: Մենք շատ շուտով համաշխարհային դրամահավաք կհայտարարենք սոցիալական ցանցերով և մեր հայեցակարգի հայտարարագրածը փուլ առ փուլ կիրականացնենք: Վերջին հաշվով` գործի կեսն արված է: Վերջին հաշվով` այդքանն էլ անելու համար շնորհակալ ենք անողներին:
Զրույցը՝ Կարինե Ռաֆայելյանի
Լուսանկարները՝ Դավիթ Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից
No Comments