Անի Անտոնյան Հրատապ

Նախկին կյանքում, գուցե, Մախլուտոյի սիրած աղջիկն եմ եղել

23.04.2022

— Մենք քեզ տուն էլ կտանք, աշխատանք էլ․․․ Հիմա դու քո հայրենիքում ես։

-Ես ուրիշ հայրենիք չունեմ։ Զինվորական մի հին վերարկու ունեմ մոտս, կպարզեմ բաց երկնքի տակ, գլուխս կդնեմ մի ժայռի ու կքնեմ․․․

Խաչիկ Դաշտենց, «Ռանչպարների կանչը» 

Հողի հիշողությունն անջնջելի է, թեև ոտնահետքերը փոխարինում են մեկը մյուսին, իսկ երկինքը ժամանակի հետ այլ կերպ է անձրևում։ Հողն ապրում է, քանի մենք հիշում ենք նրան։ Թու՛յլ տուր բռնել ձեռքդ ու ցույց տալ՝ ինչ կա Արարատ լեռան հակառակ կողմում։ 

Արմատների կանչով՝ դեպի Մուշ

Փոքրուց լսել եմ, որ մշեցի ենք։ Ցավոք այդպես էլ չհանդիպեցի մեր տոհմի մեծերին, որ կարողանամ հարցեր տալ։ Ամեն հաջորդ սերնդի ավելի քիչ բան է փոխանցվել։ Խորհրդային համակարգի «ուղեղի բթացման» քաղաքականությունն աշխատեց․ մարդկանց արգելված էր իրենց  արմատների մասին խոսելը, մինչև 90-ականներին սկսվեց ազգային ազատագրական զարթոնքը։ 

Մեզ՝ Տաշիրի տարածաշրջանում ապրող նախկին կաթոլիկ գաղթականներին ու նրանց ժառանգներին «ֆրանգ» են ասում։ Առաջին անգամ  «Ռանչպարների կանչը» գրքում կարդացի, որ ֆրանգներ ապրել են Մուշի երեք գյուղերում՝ Նորշենում, Հավատորիկում ու Ալվառինջում։ Մեր հոգևոր հովվի խոսքով՝ 19-րդ դարի վերջին առաջին կոտորածից փրկված ու Նորշենից գաղթածները Տաշիրի տարածաշրջանում հիմնել են համանուն գյուղը (ներկայիս՝ Նորաշեն)։ Իսկ հետո պապերս հաստատվել են Կաթնաղբյուրում։ 

Նորշենի հետքը գտնելու համար գնացի Մուշ։ Ճանապարհն անցնում է Մանազկերտով, Ալաշկերտով։ Ալաշկերտում մի տեսակ դատարկություն էի զգում․ ոտքիս տակ հող կար, բայց ներսս դատարկ էր։ Երևի բնությունից էր։  Մուշում ինձ թվաց, թե տուն մտա։ Ակամա սկսեցի շուրջբոլորս բարեկամ-հարազատ փնտրել։

Այնտեղ ծանոթացա Հայերի միության ղեկավարի՝ Հայրեթին Արսլանի հետ, որը չէր թաքցնում իր հայ լինելը։ Որոշ պատճառներով միությունն այլևս չէր գործում։  Նրան պատմեցի ֆրանգ լինելուս մասին, ասաց, որ մինչև հիմա Մուշում  նման մարդիկ կան։ Տեղի հայերի հետ հանդիպման ժամանակ մի տղամարդու հեռախոսը զանգեց։ «Ըշտը, նստուգ կժղլինք» (նստած զրույց ենք անում, հեղ․),- ասաց։ Այդ արտահայտությունից վեր թռա. մեր բարբառն էր, Մշո բարբառը, որը մինչև հիմա Տաշիրի ֆրանգներս պահպանում ենք։ Պարզվեց, որ ինքն էլ է Նորշենից։ 

Սասուն, գյուղ Մկթենք, Գևորգ Չաուշի ավերված տունը

Տարօրինակ զգացողություն է, երբ Արևմտյան Հայաստանում ապրող հայի ես հանդիպում։ Մեր պատկերացումներն այլ  են, գրքային, մենք չգիտենք՝ Ցեղասպանությունից ավելի քան 100 տարի անց ովքեր են այդտեղ ապրում, ինչ կենցաղ է, ինչպիսի վերաբերմունք։ Մինչ այնտեղ ոտք դնելս ինձ թվում էր, որ փոքր հյուղակներ են լինելու, մարդիկ՝ ագրեսիվ, թալանչի, բայց տեղում հասկանում ես, որ  ժամանակը շատ բան է փոխել։ Նույնը չէի ասի, օրինակ, Սասունի մասին, որտեղ կյանքը, ասես, 100 տարով կանգ է առել․ մարդիկ նույն բարքերն ու կենցաղն ունեն, նույնիսկ հագուստի ձևն է նույնը մնացել։ Լեռների մեջ ծվարած և ավանդույթներով ապրող մարդիկ։

Երբ հեռավոր սարերում օտարական են տեսնում

Սասունում շատ կրոնափոխ հայերի տեսա․ խոսում են քրդերեն, թուրքերեն կամ արաբերեն։ Բոլորը քրդական անուն-ազգանուն ունեն, հայերեն հատուկենտ բառեր գիտեն, սակայն հիշում են հայկական երգերը։ Մի ուղևորության ժամանակ, երբ իջանք Մարաթուկ սարից, մեզ հյուրընկալեց մի հայ ընտանիք։ Այդ տան պապիկը  մեզ համար «Հոյ, Նուբար» երգը երգեց․ երևի հենց դա՛ է ինձ համար Սասունը։

Նախաճաշ Մարութասարի լանջերին, Սասուն

Արևմտյան Հայաստանում ճամփորդելիս զգուշավորության հարց գրեթե չկա․ պետք է պարզապես հաշվի առնել այն հանգամանքը, որ մտնում ես այլ երկիր, որի հետ դիվանագիտական հարաբերություններ չունես։ Ըստ այդմ՝ պետք չէ դրոշ բարձրացնել, ազգայնական քայլեր անել, որ ագրեսիա չառաջանա։ Հակառակ դեպքում՝ ոչ ոք չի էլ փորձում քեզ խոչընդոտել։ Մարդիկ հյուրընկալ են, բարի դրացիական։ Հատկապես Մուշի գյուղերում ու Սասունում կանայք բոլորի ուշադրության կենտրոնում են, բոլորը քեզ ամուսնության առաջարկ են անում (ծիծաղում է, հեղ․)։ Երբ առաջին անգամ Մուշում էի, չգիտեի, որ անծանոթ տղամարդու ձեռքը սեղմելը կամ նրան գրկելն ընդունված չէ։ Բերդից իջնելիս հողը սահում էր ոտքերիս տակից, և մի տղամարդ օգնեց ինձ։ Ամուր բռնել էի նրա թևը, իսկ իջնելուն պես գրկեցի ու շնորհակալություն հայտնեցի։  Պարզվեց, որ ցանկանում է ինձ կնության առնել, չնայած կին ու ութ երեխա ուներ։ Այդ դեպքից հետո գյուղի երեխաներն ինձ «գելին» (հարսիկ, հեղ․) էին կանչում։ 

Մուշում ծանոթացա մի մարդու հետ, որն ուշացումով խոստովանեց իր հայ լինելը, երբ արդեն շահել էինք վստահությունը։ Չգիտեր՝ որտեղից են իր արմատները, ինչպես է հայտնվել այստեղ։ Իր ուրիշ ինքնությունն արյան կանչով էր զգում։ Հարցուփորձ անելով, գյուղի պատմությունն ուսումնասիրելով՝ ճշտեցի, որ նրա նախնիները Սասունի լեռներից Մուշ են իջել 1894 թվականին՝ Սասունի ջարդերի ժամանակ։ Մեծ երջանկություն էր, որ կարողացա օգնել՝ բացահայտելու ընտանեկան պատմությունից թեկուզ մի փոքրիկ դրվագ։ 

Երբ Մուշում ապրողներին որպես հայ ես ներկայանում ու սկսում նրանց հետ շփվել  ոչ զբոսաշրջիկի պես, ամեն մեկը փորձում է հայերի մասին իր լսածն ու իմացածը պատմել։ Օրինակ՝ միայն հայերն են խաղողի այգիներ ունեցել, իսկ հայերի թաղը կոչվել է «Ուզում Բախչե»: Տարածաշրջանի լավագույն գինին նրանք են պատրաստել։ Այս կողմերում հայի ճանաչելը, հայ լինելը գլուխ գովելու պես մի բան է։  

Նենեն միայն իր հայերեն անունն է հիշում

Ցավոք կրոնափոխ հայերը հայերեն չգիտեն․ եթե նրանց հետ հաղորդակցման այլ լեզու գիտես, վստահ եմ՝ ավագ սերունդը քեզ շատ բան կպատմի։ Այս մարդիկ, կարծես, չորացած սերմերի ծիլեր լինեն, ազգ, որը չի վերանում։ 

Մուշում իմ ամենասիրելի վայրը դարձավ Առաքելոց վանքն ու մոտակա աղբյուրը։ Այդ սերն առաջին հերթին ծնվել էր «Ռանչպարների կանչը» գրքից․ մտքում միշտ պատկերել էի Առաքելոց վանքի վեհությունը, ճարտարապետությունը։ Եթե ընդհանուր առմամբ վերցնենք Արևմտյան Հայաստանը՝ բազմաթիվ սիրելի տեղանքներ կան։ Օրինակ՝ բախտ եմ ունեցել նախաճաշելու Մարաթուկ լեռան լանջին և Յոթագն հովիտներից նայել Սասուն աշխարհին։ Անբացատրելի զգացողություն է։ 

Մուշը ճանաչելուց հետո «Ռանչպարների կանչով» նախագիծը սկսեցի։ Մայրս մի օր ասաց, որ իմ ծնվելու ժամանակ՝ հիվանդանոցում երկունքի ցավ քաշելիս, իր ձեռքում «Ռանչպարների կանչը» գիրքն է եղել։ Թող վերացական չհնչի, բայց այդ օրվանից եմ ես կապվել այդ գրքին։ Ճամփորդելու ենք ֆիդայի Մախլուտոյի անցած ճանապարհով, որն սկսվում է Մշո Սուրբ Մարինե թաղամասից, լեռներով հասնելու ենք  Սասուն, որտեղ Մախլուտոն Արաբոյի հետ «ցիցքարի» տակ կորեկ հաց է կիսել․․․

Երբ ընկերներս հարցնում են՝ ինչպես այս ամենն իմ մեջ լցվեց, ես միշտ կատակում եմ, որ նախկին կյանքում, գուցե, Մախլուտոյի սիրած աղջիկն եմ եղել։

Անի Անտոնյան
Պատմությունն ու լուսանկարները՝ Noor Travel զբոսաշրջային ընկերության հիմնադիր Նաիրա Իսրայելյանի

No Comments

Leave a Reply