Հայաստանի պետական ֆիլհարմոնիան մեկնարկում է 2025-2026 համերգաշրջանը՝
նոր գաղափարներով ու ծրագրերով։ Ինչպես ամեն տարի, այս համերգաշրջանը ևս
խոստանում է լինել բազմաժանր և հագեցած՝ պատրաստ բավարարելու բարձրորակ արվեստ սիրող հանդիսատեսի բոլոր ոճային նախընտրությունները։
Համերգաշրջանի բացումը կազդադարվի The Nexus Artists նախագծի համերգով, որը
կոչված է միավորելու տարբեր մշակույթներ և երաժշտական ժանրեր։ Խումբը ելույթ
կունենա հետևյալ կազմով․ Գրեհեմ Սաթլեր՝ տրոմբոն, վոկալ (Ավստրալիա), Իսայաս
Ալվես՝ հարվածային գործիքներ (Բրազիլիա), Լյուսի Խանյան և Աննա Միքայելյան`
ստեղնաշարային գործիքներ (Հայաստան)։ Խմբի Music Healing խորագրով համերգը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին՝ ժամը 20:00, ,Առնո Բաբաջանյանե համերգասրահում։
Սեպտեմբերի ընթացքում նախատեսվում են նաև մի շարք ուշագրավ նախաձեռնություններ, այդ թվում՝ Music across borders հայ-գերմանական կրթամշակութային ծրագիրը՝ կիթառահար Թոմաս Ֆելոուի մասնակցությամբ, Alatone
համերգային նախագիծը՝ Իսպանիայից, Պորտուգալիայից, Ռուսաստանից և Ղազախստանից ժամանած երաժիշտների մասնակցությամբ, Yerevan Music Week միջազգային փառատոն-համաժողովը, որի շրջանակներում Երևան կժամանեն ավելի քան 70 արտիստներ, խմբեր և խոսնակներ աշխարհի տարբեր երկրներից։
Ֆիլհարմոնիան միջոցառումները կհյուրընկալի իր հինգ սրահներում՝ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում, Ներքնահարկում, Գրադարանում, «Շուշիկի» սրահում և ճեմասրահներում։
Անցած համերգաշրջանին զուգահեռ Ֆիլհարմոնիայում տեղի են ունեցել վերանորոգման, տեխնիկական և գույքային վերազինման աշխատանքներ, մասնավորապես՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ձեռք է բերվել Steinway & Sons համերգային ռոյալ, փոխվել են համերգասրահի աթոռները, կատարվել է լուսային և ձայնային տեխնիկայի համալրում ժամանակակից սարքավորումներով և մի շարք այլ նորամուծություններ։
Համերգաշրջանի ամենակարևոր նորություններից է Ֆիլհարմոնիայի վերաբրենդավորումը․ ամիսներ շարունակ մշակված բրենդ ինքնության տարրերը վերջապես կամբողջանան և կամփոփվեն մեկ բրենդբուքում՝ վիզուալ և հաղորդակցական մեկ ընդհանուր արժեհամակարգի շուրջ։ Ուշագրավ է վերաբրենդավորման արդյունքում մշակված նոր լոգոտիպը, որը ներշնչված է Ֆիլհարմոնիայի պատմական շենքի ճակատից։
Շենքի սյուները վերածվել են մինիմալիստական, ռիթմիկ գծերի, որոնք հիշեցնում են թվային ձայնալիքներ, երգեհոնի խողովակներ կամ դաշնամուրի ստեղներ։ Այն վիզուալ պատմություն է ճարտարապետության և երաժշտության, ավանդույթի և մոդեռնիզմի մասին։ Վերաբրենդավորման հիմքում ընկած են Ֆիլհարմոնիայի բրենդ անհատականության արքետիպերը՝ ընդգծելով հաստատության պատմական ինքնությունը և առաջադեմ մշակութային հայացքները։