Նոր հրատարակված հազար գիրք՝ Մասիսի գրադարանում
Սուրբ Թադեոս եկեղեցու հարևանությամբ գտնվող Մասիսի համայնքային կենտրոնական գրադարանի տնօրենի և աշխատակիցների հետ զրույցը գրքի համար տարվա ամենաաշխույժ փետրվարյան օրերին է՝ թումանյանական շաբաթ ու գիրք նվիրելու օր:
Գրադարանը գրավիչ դարձնելու մի քանի տարբերակ կա՝ նոր հրատարակվող, ժամանակակից գրականություն և հետաքրքիր մշակութային միջոցառումներ:
«Մանուկներին ու դպրոցականին գրադարանին մերձեցնելու համար ջանք պիտի դնել։ Հաճախակի ենք տարբեր միջոցառումներ անում գրադարանի միջավայրը հարազատ դարձնելու համար։ Ցանկացած այդպիսի հավաքից հետո բաժանորդագրվողներ են լինում»,- ասում է գրադարանի երիտասարդ տնօրեն Մանուշ Ղազարյանը, ով պաշտոնավարում է 2025 թվականի հունիսից:
Տնօրենի խոսքով, «թումանյանական շաբաթվա ընթացքում՝ փետրվարի 18-19-ը, գրադարանում դպրոցականներն իրենց ներկայացումներն են ցույց տալիս, հետո գրադարանում հեքիաթի ընթերցանություն ենք անում, և մանկապարտեզների երեխաների համար, և՝ դպրոցականների»:
Տիկնիկային ներկայացումներ են բեմականացնում, վերջինը՝ «Շունն ու կատուն» ներկայացումը, արդեն 500 երեխա են հյուրընկալել, որն ուղեկցվել է գրադարանի հետ ծանոթությամբ:
Մանուշ Ղազարյանը խոսում է նաև համայնքային գրադարանի շենքային պայմանները բարելավելու մասին.«Կուզենայինք, որ ավելի բարեկարգ լիներ, վաղուցվա շենք է, արդեն նախագծի մեջ կա, որ վերանորոգվի: Մեծ ընթերցասրահ ունենք, ունենք տատիկի սենյակ՝ թանգարանային հատված, որտեղ հյուրերին ազգային տարազով կին է ընդունում»:
1980 թվականին ստեղծվեց գրադարանների կենտրոնական համակարգ, որը միավորեց նախկին Մասիսի երեք և շրջանի 25 գյուղի գրադարաններ։ 1997 թվականից՝ տեղական ինքնակառավարման մարմիններ ստեղծվելուց հետո, գյուղի գրադարանները տրվեցին գյուղապետարաններին: 2022 թվականի փետրվարի 8-ի ավագանու որոշումով համայնքի գրադարանները միավորվեցին:
1965 թվականից գործող, նեղ միջանցք հիշեցնող նախկին շրջանային գրադարանը տեղափոխվել է Մասիս փոքր քաղաքի «մշակութային կենտրոն». եկեղեցու հարևանությամբ գտնվող երկհարկ շենք, ազատ ու լուսավոր սենյակներով ու ընթերցասրահներով:



Մշակույթի նախարարության և Ազգային գրադարանի համատեղ ծրագրով ձեռք բերվեց անհրաժեշտ գույք՝ պահարաններ, ընթերցասրահի սեղաններ, աթոռներ։ Բայց ամենակարևորը ջեռուցումն էր, քանի որ ձմռան ամիսներին պարալիզացվում էր մեր աշխատանքը. ընթերցասրահը չէր գործում, գրքերն էին փչանում, ընթերցողներ էինք կորցնում:
Մասիսի համայնքային կենտրոնական գրադարանի 17 աշխատակից կենտրոնականում է, 12-ը՝ գյուղերում. Խարբերդ, Ջրահովիտ, Այնթափ, Զորակ, Սայաթ-Նովա, Դաշտավան, Դարակերտ, Նորաբաց: Համայնքի մյուս գյուղերում ևս գրադարաններ են լինելու՝ ընթացքի մեջ է:
Ռեմարկ, Ագաթա Քրիստի
Միջին վիճակագրական գրասերին Մասիսի գրադարանում կարող էր զարմացնել հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերի առկայությունը՝ Սարոյան, Ռեմարկ, Ագաթա Քրիստի, Րաֆֆի, Շաֆաք, Փամուք, նաև մոտիվացնող գրականություն՝ Կիյոսակիի «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ»-ը, «Թքած ունենալու նուրբ արվեստը»։ Ռուսերեն նոր հրատարակվող գրքերի պահանջարկ էլ ունեն՝ ուսանողների ու Ռուսաստանից ամռանը հարազատներին հյուր եկողների համար:
2025 թվականին գրադարանը համալրվել է աննախադեպ՝ հազար միավոր գրքով, որից 500-ը «Նյումեգ» հրատարակչության նվիրատվությունն է, քաղաքապետարանի ակտիվ նախաձեռնության արդյունք: Գրադարանը տասնամյակների ընդմիջումից հետո նոր գրքերով է համալրվել նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի ջանքերով:
Սպասարկման բաժնի երկարամյա՝ երեսուն տարվա աշխատակցուհի Աննա Բադալյանը սիրում է իր գործը, երեխաների հետ շփումը: Ընթերցողները տասնվեց և ավելի տարիքի են, մինչև 75 տարեկաններ, հիմնականում տղամարդիկ, լավագույն ընթերցողին էլ են առանձնացել՝ արցախցի Ռաշիդ Բաբայանը: Տիկին Բադալյանի խոսքով, շատ են կարդում Ագաթա Քրիստի, մասնագիտական գրականություն, հայոց լեզու, հոգեբանություն, պատմություն: Ցանկալի կլիներ, որ գրադարանը համալրվեր մասնագիտական գրքերով:
1995 թվականից համակարգի աշխատող, երկար տարիների ընթերցասրահի վարիչ, գրադարանի մեթոդիստ Սուսաննա Կարախանյանի ներկայացումով, ընթերցողների տարիքը տարբեր է, օրինակ՝ 75 տարեկան պապիկները տեղում թերթեր են ընթերցում: Շատ են կարդում գեղարվեստական գրականություն, Ռեմարկ, Ագաթա Քրիստի, անգլերեն գրքեր՝ հիմնականում դպրոցական ու ծրագրային, ժամանակակից գրողներից նախընտրում են էդգար Հարությունյան, Գոհար Նավասարդյան: Գրադարանում վերջին տարիներին հյուրընկալել են Ռուբեն Եսայանին, մանկագիր Սաթենիկ Ղազարյանին, Մարկ Արենին:
Գայանե Մկրտչյան






