Ազդագիր

Նոր մատենաշար, նոր գիրք․ լույս է տեսել Վիկտոր Հյուգոյի «Լուկրեցիա Բորջիա» դրաման

28.10.2025

«Նաիրի» հրատարակչությունը «Բեմն անիվների վրա» մատենաշարով լույս է ընծայել Վիկտոր Հյուգոյի «Լուկրեցիա Բորջիա» դրաման: Թարգմանությունը, նախաբանը և ժամանակագրությունը Շուշանիկ Թամրազյանին են։

Վիկտոր Հյուգոյի դրամայի հիմքում XV դարի իտալական Վերածննդի վառ, հակասական դեմքերից մեկի՝ Լուկրեցիա Բորջիայի պատմությունն է, որ բանաստեղծը ծառայեցրել է իր բեմական մտահղացմանը: Մեր առջև անվերջանալի ոճրագործությունների և հատուցումների լաբիրինթոսում բանտված «հրեշավոր» մոր և անեղծ զավակի կերպարներն են և Ջեննարոյի անուրջը սեփական մոր մասին, որ պարբերաբար փրկում և կործանում է երկուսին: 1833-ին շռնդալից ընդունելության արժանացած այդ պիեսը մինչև օրս նորանոր մեկնաբանությունների առարկա է դառնում եվրոպական խոշորագույն բեմերում: Պիեսը ներկայանում է նոր, բնագրային թարգմանությամբ։  Գրքի հավելվածում տեղ են գտել նաև հատվածներ Վիկտոր Հյուգոյի՝ ռոմանտիկական թատրոնի հաղթանակը նշանավորող «Էռնանի» դրամայից։



«Լուկրեցիա Բորջիան» «Բեմն անիվների վրա» մատենաշարի առաջին գիրքն է։ Առկա է «Էպիգրաֆ» և «Բուկինիստ» գրախանութների ցանցում։