ԳրաԴաշտ Սիրանուշ Նազլուխանյան

Նոր սկզբի փնտրտուքի ճանապարհին ես գտա Արեգին․․․

05.11.2022

Ardi.am-ը զրույցի է հրավիրել Գրքի երևանյան  փառատոնի «Մանկապատանեկան գրականություն» անվանակարգի մրցանակակիր Խաչիկ Գրիգորյանին։ Նրա արձակ ու չափածո գործերը տպագրվել են «Գրանիշ», «Գրեթերթ» պարբերականներում։ Սովորում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Խաղարկային ֆիլմի ռեժիսուրա» բաժնում։ Մի շարք առցանց նախագծերի հեղինակ է։ 

— Պարտավորեցնո՞ղ է մրցանակը։ Գրասերների համար, կարծում եմ, հետաքրքիր է՝ ո՞վ է հեղինակը, ի՞նչ գործ է ներկայացրել։

— Վիպակը գրել եմ դեռ շուտ, զինծառայությանս ընթացքում, այդ ժամանակ մրցույթի մասին էլ չգիտեի։ Վիպակը կոչվում է «Արեգը, որ ապրելու է ևս 89 տարի»։ Մրցույթին դիմելիս հավատում էի, որ լավ ընթացք կունենա, քանի որ շատ անկեղծ էր ստացվել, ու գրելու ժամանակ միտքս ազատ էր։ Այդքան փորձառու հեղինակների կողքին հաղթող լինելն իսկապես անսպասելի էր, հաճելի։ Իհարկե, պարտավորեցնող է, քանի որ սա իմ առաջին գրական մրցանակն է և ժյուրիի անդամներից դրական արձագանքներ ստանալը նույնպես մեծ ոգևորություն էր։ 

 — Գիրքը, այնուամենայնիվ, պատանի ընթերցողին է ուղղված։ Դժվար չէ՞ նրանց խոսք ասելը։

-Գրքի գլխավոր հերոսը նրբազգաց և արկածասեր 11-ամյա տղա է, ում անունից էլ հենց պատմվում է վիպակը։ Ընթերցողը կարողանում է ապրումակցել նրան, դրա համար դպրոցահասակներին հոգեհարազատ է։ Իհարկե, մեծահասակներն էլ կարող են ընթերցել և տեղափոխվել մանկություն, ինչպես ինքս  եմ գրելու ընթացքում վերապրել։ Իհարկե, դժվար է 21 տարեկանում փորձել մտածել 11 տարեկանի նման, բայց հենց կարողանում ես դառնալ այդ չարաճճի կերպարը, հաջողվում է գործողությունները, երկխոսությունները բնական կառուցել։ Այդ տարիքում միշտ երեխաներն ունենում են հակադրություններ իրենց ուսուցչի, ծնողի, ընկերների հետ, ու ես փորձել եմ հնարավորինս իրական նկարագրել, ոչ շատ գրքային։

 — «Արեգը, որ ապրելու է ևս 89 տարի» վիպակը  սկսել եք գրել ծառայության ընթացքում, երբ պատերազմ էր: Ձեր  հարցազրույցներից մեկում նշում եք. «Փորձել եմ  ավելի փոքր Խաչիկի հայացքով նայել այդ ամենին.. »: Վերադարձը  դեպի մանկություն… դեպի  ձեր միջի ապրող  երեխան.. նոր սկիզբ  գտնելու  փնտրտու՞ք է․․․

— Պատերազմից հետոյի իրականությունում դժվար էր ապրել, դժվար էր հեռու վանել մտքերը, և հատկապես օրվա ազատ ժամերին մտովի փախուստի պահանջ կար։ Ես վերադարձա հետ, մանկություն, անհոգ տարիների պատմությունները վերհիշելով՝ սկսեցի գրել։ Այնքան տրամադրված էի, ինքս էլ չէի հասկանում, թե ոնց եմ մի քանի օրում մի քանի գլուխ գրում։ Նոր սկզբի փնտրտուքի ճանապարհին ես գտա Արեգին, որն իմ կրտսեր ընկերը դարձավ։

— Ե՞րբ կկարողանանք ձեր գործը ամբողջությամբ կարդալ։ Առհասարակ, առաջիկայում գրքով հանդես գալու մտադրություն ունե՞ք։

— Մրցույթին ներկայացրել եմ գրքի առաջին մասը, որը իրականում այնքան ավարտուն էր, որ ժյուրիի անդամներից Հայկ Համբարձումյանն առաջարկեց այդպես տպագրել։ Դեռ չգիտեմ՝ շարունակությունը կավելացնե՞նք, թե՞ ոչ։

Գրքի մասին մտածում եմ, բայց դեռ հստակ չէ: 

— Ձեր գրական գործերը էկրանավորելու մտադրություն չունե՞ք։

— Վիպակը գրելու ընթացքում մտածում էի հետագայում էկրանավորելու մասին, ու երևի մի քիչ էլ էնպես եմ գրել, որ իմ պատկերացրած տեսարաններն ու կադրերը ստանամ։

— «Պատ՝ երազ մը» էսսեում   «պատը» «երազին» է բախվում…Դժվար չէ՞ր պատերազմի մասին գրել ականատեսի աչքերով ու զգացածով:

— Բնականաբար դժվար էր մտածելը, գրելը, բառեր ընտրելը։ Պատերազմի հաջորդող ամիսներին ես ոչինչ չեմ գրել, չեմ էլ խոսել: Այդ էսսեն քիչ ավելի ուշ եմ գրել, երբ ավելի հանդարտ էի: Շատ մեծ էներգիա էր պահանջվում այդ ամենը թղթին հանձնելու համար:
Պատը երազին է բախվել ու երազն է հաղթել:

— Ձեր  տողերում  գրում եք  սիրո,  սպասումի,   կորուստների… նաև  խաղաղության մասին…Պատերազմից առաջ և  հետո ի՞նչը  փոխվեց  ձեր ստեղծագործություններում:

-Մինչև բանակ գնալը  գրում էի չափածո ստեղծագործություններ՝ սիրային բանաստեղծություններ, զգացմունքային էի շատ։ Հայրենիքի մասին էի գրում: 

Ծառայության օրերին անընդհատ քաղաքային կյանքն էր  աչքիս առաջ, ու ստեղծագործելն ինձ օգնել է ավելի արագ  հաղթահարել ժամանակը: Արդեն  երկար ժամանակ է՝  չի հաջողվում ստեղծագործել, ճգնաժամ է։

-«Ես վերադարձել եմ, իսկ շատերը վերը դարձան։ Դա ինձ մղում է «հեռվից» գալ ու սկսել իմ նո՛ր ժամանակը..»: Այդ  «նոր ժամանակի»  մեջ ի՞նչ  ունեք ասելու  «վերը դարձողներին..»:

-Ոչ մեկիս կյանքում, կարծում եմ,  չի հաջողվում «նոր ժամանակ» սկսել ու ապրել նոր կյանքով։ Վերը դարձողների առաջ խոնարհվում եմ, ամենադժվար բանն է ինչ-որ բան ասելը։ Նրանց շարքում իմ մտերիմներն են, ծառայակիցները, բակի ընկերները… ես նրանց բացակայությունը անսահման զգում եմ։ Երևի կասեի, որ իրենք կյանքում ամենափառավոր առաքելությունն են կատարել։

Զրույցը՝ Սիրանուշ Նազլուխանյանի

No Comments

Leave a Reply