ԳրաԴաշտ Նորայր Ադալյան

Նորայր Ադալյան, Ճանապարհ չկա

10.02.2020

Բոլորը իրենց երկար թե կարճ կյանքում Ա կետից գնում են դեպի Բ կետն ուղիղ կամ ոլորապտույտ գծագրությամբ։ Իսկ ես, հավատացեք, քայլում եմ իմ մեջ, որտեղ գիծ չկա, կապտակարմիր կակաչների պարտեզ է խիտ թփուտներով ցանկապատված իմ աշխարհը։ Դրանով էլ ես՝ Երևանում ծնված Վարդանս, որ Մամիկոնյան ընտանիքի հեռավոր շառավիղն եմ, տարբերվում եմ շատերից, բայց ոչ մեկի մտքով չի անցնում, թե ես ուրիշ եմ, մի սպիտակ գայլ՝ գորշ գայլերի ոհմակում։ Այս համեմատությունը ոչ մի առնչություն չունի գայլային բնավորության հետ, պարզապես գունային չար խաղ է, գայլը մնում է վտանգավոր գազան, իսկ մենք մարդ ենք՝ համակված միմյանց հանդեպ ծաղկաշունչ սիրով։ Համաձայն չե՞ք։ Ձեր գործն է։ Ամեն մարդ թող ունենա սեփական կարծիք այս ու այլ հարցերում, Վարդան երևանցի՞ն եմ, թե՞ Աֆրիկայում ծնված մի Վարդան, չփակենք մեր միտքն ու զգացմունքները խուլ կողպված երկաթե սնդուկի մեջ, այլ նրանց թռչելու հնարավորություն տանք։

Խոսք ասելը հեշտ է, դա գործի ու գործողության վերածելն է դժվար, հատկապես իմ պարագայում։ Այնպես եմ ցանկանում Ա կետից, որ իմ ներսում է, թռչել-գնալ դուրս՝ դեպի Բ կետը, և նմանվել ձեզ, դառնալ հասարակության թեկուզ շարքային անդամ, բայց չի հաջողվում, որքան փորձում եմ, այնքան ավելի եմ սուզվում ներանձիս կակաչեղեն պարտեզը։ Վախենում եմ, որ մի օր ես ինձ էլ օտար կլինեմ, կնայեմ հայելու երեսին ու ինձ չեմ ճանաչի, գերեզմանիս գրանիտե սրբատաշ քարին դրոշմված դեմքս չի լինի ինձ նման, կյանքիս գծիկով բաժանված երկու գլխավոր թվականները՝ սխալ թվաբանություն, չեք իմանա որտեղ եմ ծնվել՝ ոչ Երևան, ոչ էլ Աֆրիկա, կարծես ծննդավայր չունենամ ու ծնված չլինեմ, հասցես՝ անհասցե, նեղ ու կարճ փակողի։ Ճանապարհ չկա։ Խլականջ պատ։

Ես ամուսնացած եմ, կնոջս անունը՝ Ֆաթիմա, ես նրան Ֆաթիմ եմ ասում, ինչպես տեսնում եք մեր անունների միջև ահռելի տարածություն կա, որ հնարավոր չէ հաղթահարել ժամանակակից որևէ փոխադրամիջոցով։ Չնայած այս անչափելի բաժանարար տարածքին՝ նա իմ կինն է, ձերը չէ, միայն ինձ է պատկանում, նույնիսկ մտածում եմ՝ նա ավելի իմ սեփականությունն է, քան իրենը։

– Ֆաթիմ, արի անունդ փոխենք։

– Ոչ մի դեպքում,– հակառակվում է նա,– տատիս անունն է։

– Քեզ ասեմ Ջուլիետ։

– Իսկ դու  ինչո՞ւ Ռոմեո չես,– խստորեն մեղադրում է նա, կարծես գլխիս քոքված դատավոր լինի, իսկ ես՝ միամիտ հանցագործ։

Գիտեմ, դուք չեք պաշտպանում ինձ, որովհետև ձեր պես չեմ շարժվում Ա և Բ կետերի միջև, ձերոնքական չեմ, թեև ապրում ենք նույն երկրագնդի վրա, որ բոլորիս տունն է, ես չեմ նեղանում, Ֆաթիմին պաշտպանեք, նա էլ ձեր օգնության կարիքն ունի, գուցե ավելի, քան ես։

– Ֆաթիմ, քեզ ուրիշ անուն տամ։

– Ի՞նչ…

– Գոհար, որ գոհարի նման փայլես։

– Տատս կնեղանա։

– Հազար տարի առաջ մեռել է։

– Ավելի շատ կնեղանա։

– Խնդրում եմ, Գոհար Ֆաթիմ։

– Քեզնից կբաժանվեմ… Ի՞նչ ես անելու առանց ինձ։

– Կերգեմ իմ մենակությունը։

– Դու մենակ չես, քեզ սիրում եմ։

Նա ինձ անզուսպ սիրառատությամբ էր սիրում հատկապես գիշեր ժամանակ, երբ քաղաքը նրա տատից ավելի մեռել քնի մեջ էր, մենք պղպջալով տապակվում էինք անկողնում, ինչպես ձկները շիկացած թավայի վրա, աչքներիս խնձորակները՝ բավականությունից դուրս չռված, բերաններս բացվում էին առանց որևէ բառի և ծանրորեն արտաշնչում մեր արտաքին ու ներքին կրակները։ Շուտով ես ուշաթափվում էի, իսկ նա շարունակում էր ինձ սպանել մինչև առավոտ։ Այդ չտեսնված սերն սկիզբ էր առել դպրոցական տարիներին։ Մենք ապրում էինք մի քանի հողաշեն տներից բաղկացած ընդհանուր բակում, որտեղ շատ տարիներ հետո պիտի կառուցվեր բազմահարկ շենք՝ մշտապես առկա սառն ու տաք ջրով և այլևայլ կենցաղային հարմարավետությամբ։ Այո, մեր սերը պատմություն ուներ։ Հին թաղում ամենից ավելի սիրում էինք պահմտոցի խաղալ՝ տղա ու աղջիկներ թաքնվում էին բակի տարբեր անկյուններում, իսկ մեկը պետք է նրանց գտներ ու դառնար հերոս։ Ես, որ լավ էի ճանաչում բակի ծակուծուկերը, մի քանի անգամ հերոս եղա։ Ֆաթիմը ինձնից պոկ չէր գալիս, թեև ուրիշ տղաներ էլ կային, ինձնից ոչ պակաս գեղեցիկ, բայց որտեղ ես էի, այնտեղ էլ նա։ Այդ օրը մենք պահ մտանք քիմիայի նախկին ուսուցիչ ընկեր Լազարյանի խորդանոցում, որտեղ ինչքան ասես անպետք իրեր կային։ Հերոսության ձգտող Մանուշակը, այդպես էր Լազարյանի թոռնուհու անունը, արդեն բոլոր թաքնվածներին հայտնաբերել էր, բացի մեզանից, նրա մտքով չէր անցնում, որ ես ու Ֆաթիմը գտնվում ենք տատի քրջանոցում։ Խաղի կանոնների համաձայն, եթե մինչև արևի մայրամուտը որոնման գործողությունը վերջնականապես չէր ավարտվում, հերոս էր հռչակվում թաքնվածը։ Մենք այնքան մոտ էինք հերոսության։

– Ֆաթիմ, շուտով դու հերոս կդառնաս։

– Երկուսով։

Հանկարծ Ֆաթիմն արձակեց շապիկի կոճակները։ Կրծքերը նման էին ձվից հենց նոր դուրս ելած դեղնակտուց վառեկների։

– Իմն են,– ասաց նա։

– Ես էլ մի բան ունեմ,– ասացի։

– Ցույց տուր։

Ես անհամարձակ ու ամաչելով իջեցրի շալվարիս շղթան.

– Տես։

– Փոքր է,– ասաց նա։

– Շատ մեծ է,– վիրավորված արժանապատվությամբ ասացի ես և նայեցի ինձ՝ համոզվելու, որ փոքր չէ։ Երևի այդ պահից սկիզբ առավ իմ սևեռուն ներանձնականությունը, դեպի աշխարհ տանող բոլոր ճանապարհները փակվեցին, եթե ոչ այդ րոպեին, ապա շուտով ես մնացի ինձ հետ, նույնիսկ Ֆաթիմի անմոռանալի վառեկներին մոռացա։

Մեզ հերոս հռչակեցին։ Ես հրաժարվեցի այդ պատվավոր կոչումից՝ ի սեր խաղընկերուհուս։ Բոլորն ուրախ բացականչություններով համաձայն եղան ինձ հետ.

– Ֆաթի՜մ, Ֆաթի՜մ…

Իսկ Մանուշակը լաց եղավ։ Տեսնես ի՞նչ խանդ էր կրծում նրա սիրտը։

Մեր բակում սերունդ փոխվեց, այժմ նորելուկներն էին պահմտոցի խաղում։

Դպրոցի ավարտական ուրախ հանդեսին Ֆաթիմը միայն ինձ հետ էր պար գալիս, հագին ծաղկավոր բացլանջ շրջազգեստ, այնքան սեղմ էր ինձ փարվում, որ ես զգում էի նրա կրծքերի հուզված շնչառությունը, որոնք արդեն վառեկ չէին, այլ փետրավոր ածան հավ։

– Գնալո՞ւ ես ինստիտուտ,– հարցրեց։

– Թատերական,– պատասխանեցի։

– Ես էլ,– շուրթերը մոտեցրեց դեմքիս։

– Չէ, նայում են…

– Թող նայեն,– համբուրեց բերանս, և ես զգացի նրա լեզվի քաղցրությունը։

Մանուշակը շատ տխուր էր ու միայնակ։

Ես թատերական չգնացի, որպեսզի Ֆաթիմից հեռու լինեմ, այլ հաջողությամբ ընդունվեցի բժշկական ինստիտուտ։ Ինձնից շատ չզարմանաք՝ նա էլ եկավ բժշկականի հոգեբուժական ֆակուլտետը և լսարանում տեղավորվեց կողքիս՝ նույն նստարանի վրա։ Ես մտածեցի՝ ինչո՞ւ է սարի ծամոնի նման կպել ինձ, այս հարցիս նույնիսկ Ֆրեյդը չպատասխանեց։

– Ի՞նչ ես ուզում այս աշխարհից։

– Մի շատ մեծ բան,– ասաց Ֆաթիմը։

– Ոսկի՞։

– Քեզ,– ասաց Ֆաթիմը։

Ուսանողական տարիներին նա ոչ մի ժամ ինձնից չհեռացավ։ Մի անգամ, նույնիսկ, ինձ տարավ իրենց տուն, երբ տանը ոչ ոք չկար, իմ շփոթված աչքերի առաջ դանդաղ հանեց բոլոր զգեստները, մնաց միայն բարձրակրունկ կոշիկներով, ինձ էլ մերկացրեց և սիրեց ու սիրեց անմնացորդ ցանկամոլությամբ։

– Փոքր չէ, մեծ է, իմ կյանք։

Այդ ժամանակ, թե ավելի ուշ, ես լսեցի, որ Մանուշակը ինքնասպանություն է գործել՝ նետվելով իններորդ հարկի իրենց բնակարանի պատուհանից։ Նա շատ գեղեցիկ էր ու ազնիվ, մեկ էլ նմանը չի ծնվի երբեք։ Նրա մահվան պատճառով իմ բոլոր մտքերն ու զգացմունքները վերջնականապես փակվեցին հոգուս քարանձավում, որտեղ դրսային լույսի որևէ շող չկար։

– Ամուսնանանք,– ասաց Ֆաթիմը, երբ մենք իրենց տանը մի քանի անգամ ևս ապրեցինք սիրո պահեր, իր համար անվերջանալի, ինձ համար վերջավոր, նույնիսկ սիրո ալեկոծ ծովում ես չէի մոռանում ինձ, ես էի ու ես։

– Ոչ, Ֆաթիմ, դու չգիտես, ես ուրիշ մարդ եմ։

– Կարևոր չէ։

Գիտե՞ք, թե՞ չգիտեք, ամեն «ոչ»-ի մեջ «այո» կա, մթի մեջ՝ լույս, մահվան մեջ՝ կյանք։ Եվ մենք ամուսնացանք, չեք հավատա՝ եկեղեցում, ղողանջեցին Աստծո տան զանգերը, վեր թևածեցին մի զույգ ճերմակ աղավնիներ՝ ես ու նա։

Մենք ապրում էինք ծնողներիցս մնացած մեկ սենյականոց բնակարանում։ Հին թաղից հիշողություն էր մնացել։ Ես չէի մոռանում Մանուշակին, նրա տխուր, աշխարհից նեղացած աչքերը։ Նա սիրահարված էր ինձ, իսկ ես Ֆաթիմին չէի սիրում, նույնիսկ նրա կրծքերի նկատմամբ էի անտարբեր։ Մանուշակի գերեզմանն իմ մեջ էր, սիրտս էլ՝ նրան հուշարձան։ Սիրտս մեղեդի էր երգում, որը միայն ես էի լսում, նուրբ ու թախծոտ, ինչպես խաղաղորեն հոսող գետակին խոնարհված ուռենու սոսափյունը։ Բժշկականը գերազանցությամբ ավարտելով՝ ես սեփական գործի անցա, մեր բնակավայրից ոչ հեռու մի դատարկ, թիթեղե ավտոտուն վարձեցի, դռանը փակցրի ձեռագիր ցուցանակ՝ «Դոկտոր Վարդանի հոգեբուժարան», և հայտագիրը մտցրի համացանց՝ չմոռանալով նշել հասցեն ու ձեռքիս բջջայինի համարը։ Դա շատ լուրջ ու վճռական մի քայլ էր՝ կապվելու մեծ աշխարհին։ Անցավ երկար ժամանակ, բայց ոչ ոք ինձ չայցելեց, ոչ մի հեռախոսազանգ։ Միայն մեկ անգամ Մանուշակը եկավ մոտս, որքան գեղեցիկ էր ժանյակավոր սպիտակ շրջազգեստով, ոնց որ հրեշտակ, նստեց դիմացս՝ փայտե աթոռակին, նայեց աչքերիս ու ասաց.

– Բարև։

Սիրտս հուզմունքից փլվեց։

– Ուզում եմ քեզ հետ պարել,– ասաց նա։

Մենք մոտեցանք միմյանց, ես գրկեցի մեջքը, նա ձեռքը դրեց ուսիս, լսեցի մի անուշ ձայն. «Մանուշակը թեքվում է, գլուխը հենում քարին։ Ծաղկափոշու մեջ թաթախված գունավոր բզեզին մանուշակը ճոճք է թվում, աշխարհը՝ ծիրանագույն բուրաստան»։

Նա աննկատելի հեռացավ, ինչպես որ հայտնվել էր, և ես բուժարանում մնացի ինքս ինձ հետ։ Մի կարծեք, թե սրանով ավարտվեց իմ բժշկական գործունեությունը, ոչինչ այս աշխարհում չի վերջանում, այլ շարունակվում է ու ավելի խորանում, ես մինչև վերջ չէի հայտնաբերել ինձ, ցանկանում էի ինձ ավելի լավ ճանաչել, և այս շարժումն ապրեցնում էր ինձ, նույնիսկ, չեք հավատա, երջանկություն պատճառում։

– Ֆաթիմ, ինձ հանգիստ թող։

– Շուտով ձմեռ կլինի, ինձ համար մուշտակ առ։

– Հետո գարուն կգա,– ասացի ես։– Ամռանը մուշտակ չեն հագնում։

– Ուզում եմ մեծ ու շքեղ առանձնատանն ապրել։

– Իմը ավտոտնակ է։

– Այսքան տարի ամուսնացած ենք, մի օր ինձ Փարիզ չտարար։

– Ես Փարիզի ճամփան չգիտեմ, Աֆրիկա գնանք՝ իմ ծննդավայրը։

– Ճամփան գիտե՞ս։

– Ոչ։

– Ինձ հղիացրու,– ասաց Ֆաթիմը։– Ուզում եմ տղա ծնել։

– Անուն ունի՞։

– Կիկոս, պապիս անունը, մեռել է հազար տարի առաջ։

– Ոչ մի դեպքում՝ Կիկոս։

– Բայց ինչո՞ւ։

– Անբախտ անուն է, ես գիտեմ, կբարձրանա ծառը, ցած կընկնի քարին ու կմեռնի, վա՜յ-վա՜յ լաց կլինես, մեղք ես:

– Դու մեղք չե՞ս։

– Քեզնից շատ։

– Լավ,– ասաց Ֆաթիմը,– աղջիկ ծնեմ, աղջիկն էլ հո չի բարձրանա ծառը, հո չի ընկնի քարին, հո չի մեռնի։

– Վստահ չեմ,– խոր համոզվածությամբ ասացի ես,– խառը ժամանակներ են, ամեն կողմ կաշառակերներ, բոզ ու գողեր, աչքդ թեքեցիր՝ բանիդ տերը չես։

«Բանի» վրա Ֆաթիմը վախեցավ ու հրաժարվեց հղիանալու ցանկությունից։

– Դու աչքդ չթեքես, սիրելիս, խնդրում եմ։

Շատ թե քիչ ժամանակ անց ես երազ տեսա՝ հեռացել եմ Ֆաթիմից և գտնվում եմ անմարդաբնակ կղզում, չկա ոչ մի կենդանի արարած, միայն կապույտ ծովից երբեմն լսվում է թևաբաց ճայերի քաղցր կռինչը։

Այժմ ես այդ երանելի կղզում եմ, որտեղ տարին բոլոր գարուն է, և արևը մայր չի մտնում։

Վերջնագիր.

Մի օր ես գնացի հարևանությամբ գտնվող նկարչի արվեստանոցը և խնդրեցի դեմքս նկարել։

– Դու ո՞վ եղար, որ քեզ նկարեմ,– բարկացավ նա։– Ես միայն դեպուտատ եմ նկարում։

Դիմեցի քանդակագործին և ավելի դաժան մերժում ստացա.

– Որ մեռնես էլ՝ քեզ մահարձան չեմ շինի։

Մտա թատրոն.

– Ես արտիստ եմ, դեր տվեք խաղամ։

– Արդեն դու էիր պակաս։

Պատահականորեն հայտնվեցի գրողների միությունում։ Կարճ, կարմիր փողկապով մի տարեց մարդ տեսա, ծուռվիզ կանգնել էր դռներից մեկի առջև։

– Գրո՞ղ եք,– հետաքրքրվեցի։

– Տաղանդավոր,– պատասխանեց,– բայց գրողների միություն չեն ընդունում։

– Ինչո՞ւ,– զարմացա։

– Կոմունիստ եմ։

– Ուրիշ կուսակցություն մտեք։

– Բոլորն էլ սուտ են,– ասաց,– հեղափոխական Նիկոլի հետ կքայլեի աշխարհով մեկ, բայց ոտքերս ցավում են։

Նա ինձ վստահություն ներշնչեց, և ես նրան հաղորդեցի իմ պատմությունը, իմ ամբողջ կյանքը Ֆաթիմի հետ՝ մանկությունից մինչև այս հասուն տարիքը՝ առանց որևէ թել ավելացնելու և պակասեցնելու, ինչպես որ կար։ Նա ոգևորվեց և խոստացավ կյանքս վեպ դարձնել։ Ապրելով անմարդաբնակ կղզում՝ ես չիմացա՝ վեպը եղա՞վ, թե՞ ոչ։ Սակայն դա ուրիշ պատմություն է, որի հերոսը կամ ես  եմ, կամ ձեզանից մեկը։

Լուսանկարի աղբյուրը՝ avproduction.am

No Comments

Leave a Reply