Նշան Աբասյան․ Արձակի ժամանակաձևերը
Ի՞նչ է գեղարվեստական տեքստը, եթե ոչ «ժամանակի մեքենա»։ Իսկ այդ մեքենայի շարժիչը բնականաբար բայերն են՝ իրենց տարբեր ժամանակաձևերով։
Հայերեն արձակի «արքան» անցյալ կատարյալ ժամանակաձևն է, որ հաճախ կոչվում է նաև պատմողի կամ ականատեսի ժամանակ․ «գնաց», «տեսավ», «ասաց», «որոշեց»։ Տեքստը, ըստ էության, «ընթացք» է, իսկ անցյալ կատարյալը՝ այդ ընթացքի յուրաքանչյուր քայլը, որովհետև ցույց է տալիս մեկ անգամ կատարված, ավարտված գործողություն և պատմությունը շարունակ մղում է առաջ։ Օրինակ՝ «Նա բացեց դուռը, ներս մտավ և քարացավ»․ երեք հաջորդական, ավարտուն «քայլ»։ Առանց անցյալ կատարյալի՝ սյուժեն կդոփի տեղում։
Բայց եթե անցյալ կատարյալը «կինոյի սյուժեն» է, ապա անցյալ անկատարը՝ «դեկորացիան», եղանակը, գույնը․ «գնում էր», «մտածում էր», «անձրևում էր», «նայում էր»։ Այս ժամանակաձևը արտահայտում է տևականություն, ընթացք կամ կրկնվող գործողություն՝ ստեղծելով ժամանակային «ծավալ»։ Պատկերավոր ասած՝ հեղինակը սրա միջոցով կանգնեցնում է ժամանակը, որպեսզի նկարագրի հերոսի հոգեվիճակը կամ բնությունը։ Անցյալ անկատարը հաճախ օգտագործվում է որպես «ֆոն» անցյալ կատարյալով արտահայտվելիք «իրադարձության» համար․ «Նա անհոգ քայլում էր կածանով (անցյալ անկատար), երբ հանկարծ հեռվից մի աղմուկ լսեց (անցյալ կատարյալ)»։
Սյուժեի «ֆլեշբեքը» թողնված է վաղակատար անցյալին (անցյալի անցյալը)․ «գնացել էր», «տեսել էր», «ասել էր»։ Այս ժամանակաձևը ցույց է տալիս գործողություն, որը կատարվել է հիմնական պատմությունից առաջ։ Այն անհրաժեշտ է հերոսի նախապատմությունը ներկայացնելու համար՝ առանց հիմնական սյուժետային գիծը խախտելու․ «Նա մտավ սենյակ (անցյալ կատարյալ), որտեղ տարիներ առաջ ապրել էր (վաղակատար անցյալ) իր երջանիկ օրերը»։
Սակայն ամենահետաքրքիր ոճական հնարքը, թերևս, ներկա անկատարի կիրառումն է այն դեպքում, երբ գործողությունն իրականում կատարվել է անցյալում․ «Մեկ էլ տեսնեմ…»*, «Հանկարծ վեր է կենում ու գոչում…»։ Ներկա անկատարն արդիականացնում է իրադարձությունները, ասես դրանք մեր աչքի առաջ են կատարվում՝ մեզ դարձնելով ականատես։ Սա մի կողմից տեքստը «շարժուն» է դարձնում, մյուս կողմից՝ ապահովում է տեմպի փոփոխություն։ Երբ հեղինակը անցյալից կտրուկ անցնում է ներկայի, կարծես ասի․ «Պատրաստվե՛ք, կուլմինացիան մոտ է»։
* «Մեկ էլ տեսնեմ» կառույցի ժամանակաձևը կարող է թվալ ըղձական ապառնի, բայց ավելի հավանական է՝ սա ներկա անկատարի գրաբարյան ձևն է։






