ԳիտաՆյութ Նշան Աբասյան

Նշան Աբասյան․ Վերաբերականների կետադրումը

28.07.2025

Վերաբերականները խոսողի դատողական վերաբերմունքն արտահայտող բառեր են, որոնք երանգավորում, «եղանակավորում» են նախադասությունը կամ շեշտում են նրա որևէ անդամ։ Եթե նախադասությունը պայմանականորեն համարենք ֆիզիկական մարմին, ապա նախադասության անդամները կլինեն այդ մարմինը կազմող դետալները, իսկ վերաբերականները՝ պարզապես տվյալ մարմնի կամ նրա որևէ դետալի գույնը, երանգը։ Պատկերացնենք՝ նախադասությունն ավտոմեքենա է․ ղեկը կլինի նրա ենթական, իսկ ղեկի գույնը՝ վերաբերական։

Սովորաբար երբ վերաբերականը «վերաբերում» է ամբողջ նախադասությանը (ամբողջ ավտոմեքենայի գույնն է), այն տրոհվում է ստորակետով (նախադաս դիրքում՝ երբեմն բութով), իսկ երբ այն գործածված է կոնկրետ որևէ անդամ շեշտելու համար, ապա չի տրոհվում։ 

ա) Իհարկե, Արշակը ներկա կլինի հանդիպմանը։ 

բ) Իհարկե Արշա՛կը ներկա կլինի հանդիպմանը։ 

Այս նախադասության երկրորդ տարբերակում իհարկե-ն շեշտում է հատկապես Արշակի ներկա լինելու հանգամանքը, իմաստով ավելի կապվում է տվյալ անդամին, ուստի արտասանվում է նրան միաձույլ և չի տրոհվում։ 

Վերաբերականները չեն կարող տրոհվել նաև այն դեպքում, երբ նրանց նախորդում է հոդով բառ. «Հարցն իսկապես կարևոր է», «Արմենն անշուշտ ավելի զգայուն է» և այլն։ Բացի դրանից՝ կան վերաբերականներ, որոնք առհասարակ չեն տրոհվում՝ գուցե, կարծես, ասես, մանավանդ և այլն։ Ինչպե՞ս տրոհել վերաբերականը նման արտահայտություններում․ 

Կարծես նա է գալիս։

Գուցե ցուրտ լինի։

Արան իբր լավ բա՞ն է անում։

Ախր ինչպե՞ս չխոսեմ։ 

Այսպիսով՝ վերաբերականները տրոհելու կամ չտրոհելու հարցում պետք է հաշվի առնել կոնկրետ տվյալ խոսքի կենդանի արտասանությունը, իսկ երբեմն էլ՝ քերականական առանձնահատկությունները։ 

Վերաբերականների մի առանձին տեսակ են մեկնական բառերը՝ ուրեմն, օրինակ, այսպիսով, ավելին, ասել է թե և այլն։ Նախադաս դիրքում այս բառերից հետո ոչ թե ստորակետ, այլ բութ է դրվում, որովհետև սրանք խոսակցի ուշադրությունն են հրավիրում մի բան «մեկնելու», պարզաբանելու համար․

Արամը վերադարձել է, ասել է թե՝ վաղը սեղան են փռելու։

Տնօրենը ստորագրել է պայմանագիրդ, այսպիսով՝ վաղվանից աշխատանքի ես։

Ի դեպ, հիշենք նաև, որ հաճախ տրոհելու կարիք չկա նաև այնպիսի խոսքային միավորներ, որոնք առաջին հայացքից առանձին նախադասություններ են թվում, մինչդեռ իրականում քարացած արտահայտչաձևեր են՝ նախադասության մեկ անդամի, մեկ բառի արժեքով, օրինակ՝ «Ես քիչ էր մնում վայր ընկնեի», «Արամը որքան կարելի է զգույշ հայտնեց լուրը» և այլն։