Արմինե Սարգսյան Հրատապ

Oրենքը ի զորու չէ փրկել հուշարձանը

06.09.2020



Ardi.am-ը  վերջին շրջանում հետևողականորեն անդրադարձել է Հենրիկ Սիրավյանի՝  Բջնիի մշակույթի նախկին ակումբում գտնվող «Պատմություն և ներկան» որմնանկարի ոդիսականին։ Մշակութային ժառանգության ցանկում ներառված հուշարձանը քայքայվել է ու ենթակա է ոչնչացման։ Շենքը, ինչպես մեզ հետ զրույցում նշեց Բջնի վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Անդրեասյանը, վթարային է ու քանդելու ենթակա։ Խնդրի մասին տեղեկացել էինք անվանի նկարչի որդուց՝ Գագիկ Սիրավյանից։ Զրուցեցինք և՛ համայնքի ղեկավարի, և՛ ԿԳՄՍ նախարության համապատասխան վարչության ներկայացուցչի հետ։ Խնդրին քաջատեղյակ էին։ Հուշարձանն օր առաջ փրկելու անհրաժեշտությունն անառարկելի է, հնարավորությունները՝ սահմանափակ։

Ինքներս այցելեցինք Բջնի։  Հետաքրքիր է՝ տեսածս մշակույթի նախկին տները  հիմնականում ոչ միայն լքված են, չգործող, այլև անողոքաբար ավերված։ Այս դեպքում՝ տուժել է նաև որմնանկարը։ Հուշարձանը պաշտպանված է օրենքով, բայց օրենքը ի զորու չէ փրկել հուշարձանը։
Տխուր մի փաստ էլ կա. տեղի բնակիչները՝ փոքրից մեծ, տեղյակ չէին, որ իրենց գյուղում հուշարձանի կարգավիճակ ունեցող որմնանկար կա։ Հովհաննես Անդրեասյանից հետաքրքրվեցինք՝ հնարավոր չէ՞ ցուցանակ տեղադրել, որ գոնե մարդիկ հեռավոր պատկերացում ունենան «պատերին արված նկարի» մասին։ Գուցե զբոսաշրջիկներին էլ հետաքրքրի։ Վարչական շրջանի ղեկավարն ասաց, որ մուտքը շինություն ապահովված չէ վտանգներից, չեն ուզում, որ այցեր լինեն։

Լավ, բայց մինչ «այս օրը» հասնելը կարելի՞ էր քայլեր ձեռնարկել։

 «Այս օրերը» վրա են հասել 2000-կաններից։ Մեր զրուցակիցն ասաց, որ ժամանակին տանիքի վերանորգման խնդիր է եղել, քայլեր չեն ձեռնարկվել,  ջուրը թափանցել է պատերի մեջ, ու նման խնդրի առաջ են կանգնել։


Գյուղի բնակիչներից տեղեկացանք, որ շենքը գնելու ցանկություն են ունեցել։  Հ․ Անդրեասյանն ասաց, որ  ներկա պահին նման խոսակցություն չկա, նշեց նաև, որ հուշարձանի մասին օրենքի համաձայն՝ չեն կարող հուշարձանը քանդել: Եթե ներդնող լինի, ուզենան այդ տարածքը գնել, ինքը պատրաստակամ է ներդրում անողին խնդրել, որ հուշարձանի վերականգման համար գումար տրամադրի։ Հուշարձանն էլ կմնա իր տեղում՝ որպես «նվեր»։ 

Իսկ եթե ներդնող չհայտնվի, և ուրբաթը շաբաթից շո՞ւտ գա․․․

Առնվազն պետք է վերականգնեն-դուրս հանեն որմնանկարը և  հարմար շենքում տեղավորեն, բայց դա էլ գումարների հետ է կապված։ Համայնքն ուզում է,  բայց այդքան մեծ ֆինանսական բեռի տակ չի կարող մտնել։ Հսկայական շինություն է, մեծ ծախսեր է ենթադրվում։ Տասնյակ հազար դոլարների մասին է խոսքը ։ Պետությունը նման ծախս հանձն կառնի՞. վարչական շրջանի ղեկավարը չի կարող ասել: Կրկնում է՝ եթե լինի մասնավոր ներդնող, կբանակցեն, հուշարձանը կպահպանեն։

Վտանգից անտեղյակ կամ անտեսելով այն՝ պտտվեցինք որմնանկարի շուրջ բոլորը։ Հիշեցի Ջերմուկի մշակույթի նախկին տան քարուքանդ շինությունը, որտեղ մեր գրողների գիպսե կիսանդրիները հոշոտված էին, անաչք, անքիթ․․․ պետական կարևորության հուշարձանների մասին չէ խոսքը, բայց դրանից պատկերն ավելի լուսավոր չի դառնում։ 

Արմինե Սարգսյան


No Comments

Leave a Reply