ՄշակութաԳիծ ԳրաԴաշտ

«Փախի՛ր, ո՛վ մարդ․․․ մարդն է գալիս»

10.06.2020

Ներկայացնում ենք մեջբերումներ Սեյրան Գրիգորյանի «Ինչո՞ւ ես տխուր» վեպից։ Խորհրդային տարիների ստվերները վեր հանող այս գրքի հիմքում պարզապես մարդն է՝ մարդկային ու անմարդկային դրսևորումներով: «Ինչո՞ւ ես տխուր»-ը հեղինակի հինգերորդ գիրքն է: Լույս է ընծայել «Գրքամոլ» հրատարակչությունը: Համավարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով շնորհանդեսը հետաձգվել է։ Նախավաճառքը, սակայն, մեկնարկել է։ Գիրքը կարելի է ձեռք բերել «Բուկինիստ», «Զանգակ» և այլ հրատարակչություններից, ինչպես նաև պատվիրել «Գրքամոլ» հրատարակչության ֆեյսբուքյան էջի միջոցով։ Փափուկ կազմով օրինակները առկա են միայն հրատարակչությունում։


Օրերն ավելի հեշտ սկսեցին անցնել։ Մարդկանց սիրելով ավելի հեշտ էր ապրել։

Թե հավատաս մարդուն, դու կգտնես նրան, չհավատաս, մեկ է, աշխարհն անցնես, չես գտնի։

Ապրելն իսկապես իմաստավորվում է, երբ քեզ չես խաբում։

Ոչինչ այնքան տխուր չէ, որքան տխրությունը։

․․․․ ազատազրկումը մարդու նսեմացման ամենադաժան ձևերից մեկն էր համարում։

․․․չգիտակցելը մարդու հակահեղափոխական հատկություն է։

Աշխարհն այնքան հրաշալի տեսք ունի, իսկ ես դա երբեք չեմ նկատել։ Երկնքին ես նայում, անպայման ուզում ես սավառնել այնտեղ, ջրին ես նայում, ուզում ես ջուր դառնալ, քարի կողքին՝ քար, ծառի կողքին՝ ծառ դառնալ․․․։ Տխուր է, տխուր, որ այս ամենը հենց սկզբից էլ ինձ համար չի ստեղծված։

Պատկերացնո՞ւմ եք՝ տիեզերքն անծիր է, բայց այդ անսահմանության թեկուզ մի չնչին թիզն իմը չէ։

Մարդը ահավոր է, երբ սպանում է: Դու դա չես հասկանա: Ավելի դաժան բան դժվար է հնարել։

Տիեզե­րական մենակությունից է ծնվել մարդը և հավերժ դա­տապարտված է դրան: Միայն մահն է լուծում անար­դարության ու ցավի հարցը, իսկ մարդն ամեն կերպ իր ապրելով փորձում է ապացուցել, որ ապրելը դատա­պար­տում չէ, որ գոյությունը դատապարտում չէ, հա­վատն ու հույսը դատապարտում չեն, սերն ու երա­զանքը դատապարտում չեն…

Ով ճահճից չի փրկվել, չի հասկանա, թե ինչ է նշանակում ամուր գե­տի­նը։

Անտեր ես, անտերի տերը անտերությունն է:

Սիրի՛ր մարդկանց, բայց սիրելուդ չափ էլ զգու՛յշ եղիր նրանցից: Ընկերն էլ է մարդ, թշնամին էլ:

Կյանքում կարևորն անկեղծությունը չէ, այլ անկեղծ խաղալը:

Երնեկ նրանց, ովքեր հայրենիքի համար կռվել են, էդպիսիններն անմահ են։

Միլիոնավոր մարդկանց մեջ մարդը տենդագին իր նմանին՝ մարդուն է փնտրում և ամեն անգամ չգտնելով նրան՝ ինքն է դառնում միլիոնավոր օտարներից մեկը և մոռանում, թե ինքն ով է:

Բա սա կյա՞նք է, մարդ նույնիսկ ինքն իրենից է վախենում:

Նա դեռ չգիտեր, որ դեռ ոչ ոքի չի հաջողվել խույս տալ սեփական ճակատագրից:

Մոռանալը հեշտ է, երբ դա քեզ չի վերաբերում:

Երևի ամեն ինչի վերջը միայն մարդու մեջ է, իսկ հենց այնպես ոչինչ չի վերջանում:

Փախի՛ր, ո՛վ մարդ․․․ մարդն է գալիս։

No Comments

Leave a Reply